850 ՀԱԶԱՐ ԱՄՆ ԴՈԼԱՐԱՆՈՑ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տրանսպորտային համակարգի արդիականացման նոր գաղափար է առաջ քաշում, որը թեեւ օգտակար, բայց միեւնույն ժամանակ գերթանկարժեք է. միայն խորհուրդ հարցնելը 850 հազար ԱՄՆ դոլար արժի:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հայտնեց, որ քաղաքապետարանը նպատակադրվել է Երեւանում ստեղծել միասնական տոմս՝ ավտոբուս, մետրո, էլեկտրատրանսպորտ եւ մեկ օպերատորի առկայություն. «Այսօր մենք ունենք 65 օպերատոր, մեր ժողովրդի ասած՝ 65 գծատեր: Իսկ մեր ցանկությունն է, խորհրդատուի առաջարկն է, որ լինի մեկ օպերատոր, եւ այդ օպերատորի մեջ Երեւան համայնքն ունենա իր բաժնեմասը»: Այս գաղափարը իրագործելու համար Երեւանի քաղաքապետարանին անհարժեշտ է խորհրդատվություն, որն, ըստ փոխքաղաքապետի, իրականացնելու է բրիտանական «ՎԻ ԱՅ ՋԻ» կազմակերպությունը: Խորհրդի նախահաշվարկային արժեքը 850 հազար ԱՄՆ դոլար (408 մլն դրամ) է: Ու երբ այս գերթանկարժեք խորհուրդները ստանա քաղաքային իշխանությունը, 80-100 միլիոն դոլար պետք կգա, որպեսզի խորհուրդը կյանքի կոչվի:
Ինչ խոսք, ծրագիրը ողջունելի է, արժանապատիվ երթեւեկության անհրաժեշտություն վաղուց է զգացվում մեր քաղաքում: Բայց եթե միայն խորհրդատվության վրա 850 հազար դոլար է ծախսվում, դժվար թե մոտ ապագայում հնարավոր լինի իրապես երթեւեկել՝ «շախմատի ձի չդառնալով»: Գուցե արդիականացման գործընթացը քաղաքապետը սկսեր առավել խելամիտ խորհրդատվական արժեքներով, իսկ այդ «գրանտով» մի քայլ արվեր դեպի արժանապատիվ երթեւեկություն:
Հ. Գ. Ինչեւէ, ցավով պետք է արձանագրենք, որ անկախ ծրագրի արժեքից՝ Երեւանում տրամվայով երթեւեկելը այդպես էլ երազանք կմնա մեզ համար:

 

 
ՀՀ վերահսկիչ պալատը ընթացիկ տարվա մարտի 30-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը ուսումնասիրություններ է իրականացրել ՀՀ սփյուռքի նախարարությունում, որոնց արդյունքում խախտումներ են արձանագրվել: «Ժողովուրդ»-ը ՎՊ-ի կողմից բացահայտված փաստաթղթերից տեղեկացավ, որ սփյուռքի նախարարությունը «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ին «Հայերն այսoր» էլեկտրոնային օրաթերթի եւ էլեկտրոնային գրադարանի պահպանման ծախսերի համար յուրաքանչյուր տարի հատկացրել է 30 մլն 36 հազար դրամ: Իսկ «Հայկական սփյուռք» տարեգրքի հրատարակում» ծրագրով 2015 եւ 2016 թվականներին նախարարությանը յուրաքանչյուր տարի հատկացվել է 8.2 մլն դրամ: Նախարարության կողմից անցկացված մրցույթին հաղթող ճանաչված «Աստղիկ Գրատուն» ՍՊԸ-ն, որի գնային առաջարկը կազմել է 7 մլն 761 հազար 600 դրամ, 2100 հատ տարեգիրք հրատարակելու պայմանագիր է կնքել: Բայց 2100 հատ «Հայկական սփյուռք 2014» տարեգրքերից բաշխել է 1025-ը, 1075 հատը` մոտ 4 մլն դրամ արժեքով, «անհետ կորել են»: Ասել է թե՝ անպիտան ծախս է եղել:

 

 
Նոյեմբերի 26-ին Հայաստանի հանրապետական կուսակցության 10-րդ համագումարին ընդառաջ անորոշությունը դեռեւս պահպանվում է: Մինչ չորս բոլորը վստահեցնում են, որ նոր ձեւավորված կառավարությունն իր ողջ կազմով ՀՀԿ-ին անդամագրվելու հայտ է ներկայացնելու, գործընթացը դեռ դանդաղում է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը հայտնեց, որ երեկվա դրությամբ նորանշանակ նախարարներից որեւէ մեկը դեռեւս անդամագրվելու դիմում չի ներկայացրել: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը եւս հապաղում է դիմում գրել ՀՀԿ-ին: Ըստ ամենայնի, նա դեռ վերջնական որոշում չի կայացրել, բանակցում է, երկմտում, ծանրութեթեւ անում: «Ժողովուրդ»-ը ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանից տեղեկացավ, որ ՀՀԿ համագումարին հրավիրված են գործընկեր 13 կուսակցություններ: Ցանկում, բացի ՀՅԴ-ից, մնացածը մարդ-կուսակցություններ են՝ ՀՀԿ-ի «պոչին կպած»:

 

 

 
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երիտասարդ կուսակցության երիտասարդ նախագահը հայտնեց, որ իրեն պատրաստվում են մեղադրանք առաջադրել հուլիսյան դեպքերի օրերին Խորենացու փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ իբր սադրիչ գործողություններ հրահրելու հատկանիշներով: Պարզվում է՝ նրա դեմ ցուցմունք տվողները ոստիկաններ են եղել. «Խոսքը հուլիսի 19-ին Խորենացու փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին է, երբ մի խումբ քաղաքացիներ ոստիկանական մեքենայի ետեւի ապակին կոտրել են: Այդ օրը ես եղել եմ Խորենացի փողոցում: Այդ գործով ես որպես վկա եմ անցնում: Հինգ ոստիկաններ ցուցմունքներն են տվել, թե իբր ես հայտարարել եմ՝ կոտրե՛ք ոստիկանական մեքենաները, ջարդե՛ք, փշրե՛ք»,- հավելեց կուսակցության նախագահը: Հիմա մի տեսանյութ կա, որտեղ լսվում է կնոջ ձայն՝ նշված խոսքերով, եթե հաստատվեց, որ Զախարյանի ձայնն է, նրան կառաջադրվի զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանք:

 

 
ՄՏԱՀՈԳԻՉ
ՌԴ նախագահ Վ. Պուտինը երեկ հրամանագիր է ստորագրել «Պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության մասին ՌԴ նախագահի 1995 թ. նոյեմբերի 30-ի հրամանագրում» փոփոխություններ կատարելու մասին: Նոր հրամանագրով այսուհետ պետական գաղտնիք են համարվելու այլ պետությունների հետ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության մասին տվյալները: Ասել է թե՝ այսուհետ ՌԴ-ն կարող է ծաղկեցնել իր զենքի բիզնեսը՝ առանց այդ մասին ավելորդ տեղեկատվության: Նշենք, որ միայն 2015 թ-ին ՌԴ-ն 14.5 միլիարդ դոլարի զենք է վաճառել 58 երկրների, որոնցից մի մասի հետ տարբեր գերտերություններ լուրջ խնդիրներ ունեն: Օրինակ՝ Իրանին C-300 համակարգերի վաճառքի հետ կապված տարիներ առաջ բարձրացված միջազգային աղմուկը ստիպեց սառեցնել այդ գործարքը, եւ ՌԴ-ն կարողացավ Իրանին վաճառել այդ համակարգերը միայն անցած տարի՝ միջուկային համաձայնագրի կայացումից հետո: Ռուսաստանը նաեւ մեր տարածաշրջանում զենքի հիմնական մատակարարն է: Այն վերջին 6 տարիներին շուրջ 5 մլդ դոլարի զենք է վաճառել Ադրբեջանին եւ զգալի չափով էլ զենք հատկացրել ՀՀ-ին: Եվ այս հրամանագիրը մեզ համար շատ կարեւոր է հենց այս տեսանկյունից: Թեեւ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, արձագանքելով այս մասին մեր հարցին, երեկ նշեց. «ՌԴ-ն շատ երկրների է զենք մատակարարում, ու շատ երկրներ կան, որոնց մատակարարումների մասին կուզենա, որ չիմանան, եւ Հայաստանն ու Ադրբեջանը այդտեղ առաջին հերթին չեն»: Այդուհանդերձ նկատենք, որ այս փոփոխությունը շատ հարմար գործիք է դառնում ՌԴ համար՝ ազատվելու հենց Հայաստանի եւ Ադրբեջանի հետ կապված գլխացավանքներից:
Նախ՝ ՀՀ-ում ծավալվող հակառուսական տրամադրությունների մասով: Գաղտնիք չէ, որ դրա հիմնական պատճառը ՌԴ կողմից Ադրբեջանին զենքի վաճառքն է: Այսուհետ այդ խնդիրը կարելի է լուծված համարել: Եթե չկա զենքի վաճառքի մասին տեղեկատվություն, պետք է որ չլինի նաեւ դժգոհություն: Տեղեկատվության գաղտնիացմամբ լուծվում է նաեւ Ադրբեջանում ծավալվող դժգոհության հարցը: Ի վերջո, Հայաստանին «իսկանդերների» մատակարարումից հետո, հարեւան երկրում իսկական հակառուսական հիստերիա էր, եւ դա եւս չէր կարող չանհանգստացնել Ռուսաստանին: Հիշենք նաեւ չարչրկված 200 մլն դոլարի ռուսական վարկի պատմությունը, որի հետ կապված Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա հղեց Մոսկվային՝ պահանջելով կասեցնել այդ համաձայնագիրը: Մեզ համար ամենամտահոգիչը, սակայն, այն է, որ նոր հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո Ռուսաստանը հնարավորություն կունենա Ադրբեջանին մատակարարել վերջինիս համար այնքան ցանկալի «իսկանդերները»՝ առանց հարուցելու ՀՀ-ի դժգոհությունը: Մանավանդ որ, ինչպես հիշում ենք, Պուտինը Ս. Սարգսյանի հետ օգոստոսին կայացած ասուլիսում հայտարարել էր, որ Ադրբեջանը շատ ռեսուրսներ՝ ոսկի, նավթ եւ գազ ունեցող երկիր է, եւ կարող է ցանկացած երկրից ցանկացած զենք գնել:




Լրահոս