Թուրքիայի վարչապետը պաշտոնական այցով մեկնում է Ռուսաստան. օրակարգում կլինի ԼՂ հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն այսօր պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան, փոխանցում է Ermenihaber-ը:

Ըստ թուրքական Yenimeram լրատվական կայքի` Յըլդըրըմը դեկտեմբերի 5-ից 7-ը Մոսկվայում և Կազանում մի շարք հանդիպումներ կանցկացնի Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Առաջին անգամ վարչապետի պաշտոնում Ռուսաստան այցելող Յըլդըրըմը կմեկնի բավական պատկառելի պատվիրակության ուղեկցությամբ, որոնց թվում կան մի շարք նախարարներ, պատգամավորներ ու գործարարներ: Յըլդըրըմին կհյուրընկալի իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևը: Թուրքիայի վարչապետին կընդունի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հանդիպումներում քննարկվելու են վիզային ռեժիմի վերացման, առևտրի մեջ թուրքական և ռուսական արժույթների կիրառման, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային այլ հարցեր: Սպասվում է, որ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք կբերվի թուրքական պտուղ-բանջարեղենի ներկրման նկատմամբ կիրառվող բոլոր սահմանափակումների վերացման համար:
Նշվում է, որ հանդիպման օրակարգային թեմաներից են լինելու նաև ղարաբաղյան և կիպրական հիմնախնդրները:

Քննարկվելու է նաև ռուսական արտադրության մեծ հեռահարության հակաօդահին պաշտպանության համակարգերի նկատմամբ Թուրքիայի հետաքրքրվածության հարցը:

Տարածաշրջանային խնդիրներից հատուկ ուշադրության կարժանանան Սիրիայի Հալեպ քաղաքի շուրջ տեղի ունեցող զարգացումների ու Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման գործողության հետ կապված թեմաները:




Լրահոս