«Տիկին նախագահ». այսպիսի վերնագրով էր ներկայացել ամերիկյան հայտնի Newseek պարբերականը նոյեմբերի 8-ին` վստահ լինելով, որ Հիլարի Քլինթոնն էր ընտրվելու ԱՄՆ նախագահ: Հատկանշական է, որ նույնպիսի համոզմունք ունեին ինչպես գրեթե բոլոր քաղաքական վերլուծաբանները, այնպես էլ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը: Վերջինիս պարտությունը բավականին ծանր ստացվեց առաջին հերթին հանկարծակիության պատճառով: Ընդհանրապես, երբ թեկնածուներից մեկը խիստ վստահ է իր հաղթանակում, չակնկալվող արդյունքները միանշանակ սաստկացնում են հիասթափությունը:
Հիլարի Քլինթոնը Միացյալ Նահանգների թերեւս ամենահայտնի կին քաղաքական գործիչն է եւ լիովին օրինաչափորեն իր փորձով ու կապերով նա ի վիճակի էր բազմելու նախագահի աթոռին: Բավական է հիշել, որ Քլինթոնը ԱՄՆ նախկին առաջին տիկինն էր, ապա ընտրվել էր սենատոր Նյու Յորքից:
2008թ. նախագահական ընտրություններում անկարող լինելով ստանալ կուսակցության միասնական թեկնածուի կարգավիճակը` Քլինթոնը Օբամայի կողմից նշանակվեց պետքարտուղար եւ տեւական ժամանակ ԱՄՆ արտաքին քաղաքականության իրական ճարտարապետն էր: Քլինթոնը ամուր կապեր էր ստեղծել երկրի ներսում` հանձինս ամերիկյան հայտնի ֆինանսական կորպորացիաների, համաշխարհային տնտեսական տարաբնույթ լուրջ հետաքրքրություններ ունեցող կազմակերպությունների եւ այլն:
Քլինթոնը հաջողությամբ գործակցում էր նաեւ արտասահմանյան ընկերությունների հետ` բարեկամական հարաբերությունների մի հզոր ցանց ստեղծած լինելով: Քլինթոնի կողմն էր նաեւ պետական ապարատը` նախագահ Բարաք Օբամայի գլխավորությամբ: Հզոր կուսակցության աջակցության հետ մեկտեղ` Քլինթոնին ծածուկ սատարում էին այն հանրապետականները, որոնք կտրականապես դեմ էին հանդես գալիս Թրամփի նախագահությանը` հանձինս նախագահական դինաստիա համարվող Բուշերի: Եվ ահա նման հսկայական պաշարով Քլինթոնը պարտվում է մի գործչի, որ ամեն ինչ արել էր՝ ընտրվելու շանսեր չունենալու համար` թշնամանալով իր կուսակցության հետ, աջուձախ վիրավորանքներ շռայլելով եւ այլն: Ուստի կարող ենք պնդել է, որ այս ընտրություններում ոչ այնքան Թրամփն է հաղթել, որքան Քլինթոնն է պարտվել:
Քլինթոնի պարտությունը վճռվել է 3 նահանգներում` Միչիգան, Փենսիլվանիա եւ Վիսքոնսին, որոնք նախորդ ընտրություններում հիմնականում քվեարկում էին դեմոկրատների օգտին: Հատկանշական է Վիսքոնսինի դեպքը, որը հանրապետականներին չէր ընտրում 1984թ-ից ի վեր: Արդ, Քլինթոնի պարտության պատճառներից մեկը համարվում է երիտասարդության շրջանում նրա հեղինակության կտրուկ անկումը: Քլինթոնը երիտասարդների մոտ վստահության լուրջ խնդիր ուներ, ինչը աչք էր զարնում դեռեւս ներկուսակցական պայքարի թոհուբոհում: Ըստ տարբեր հաշվարկների` երիտասարդության շրջանում անվստահելի լինելու պատճառով նախկին պետքարտուղարը կորցրել է 1-2 տոկոս ձայն: Մինչդեռ Դոնալդ Թրամփը հավաքել է նույնքան ձայն, որքան հանրապետական նախկին թեկնածու Միթթ Ռոմնին: Ստացվում է, որ Օբամայի օգտին քվեարկած երիտասարդությունն այս անգամ նախընտրել է «երրորդ կուսակցության» թեկնածուներից մեկին:
Ի դեպ, այսպիսի զարգացման պատճառներից է դիտվում նաեւ դեմոկրատական կուսակցության թեկնածուներից Բեռնի Սանդերսի պահվածքը: Վերջինս իր քարոզարշավի ավարտին քաղաքական լուրջ հարվածներ էր հասցրել Քլինթոնին` հատկապես նրա հանդեպ թերհավատություն սերմանելով բնակչության շրջանում: Քլինթոնի` կոռումպացված լինելու մասին անընդհատ պտտվող քննադատություններն իրենց ազդեցությունը, այնուհանդերձ, ունեցան:
Մեղավորներից մեկն էլ համարվում է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) ղեկավար Ջեյմս Քոմեյը: Վերջինս քվեարկությունից ընդամենը օրեր առաջ հայտարարել էր, որ վերսկսում է Քլինթոնի նկատմամբ քրեական հետապնդումը` կապված էլեկտրոնային նամակների սկանդալի հետ: Նախնական հարցումները հուշում են, իսկ Թրամփի ու Քլինթոնի շտաբները համոզված են, որ FBI-ի ղեկավարի որոշումը էականորեն ազդել է ընտրողների տրամադրության վրա:
Պատճառներից հերթականն էլ առնչվում է աշխատավորների խավի նախընտրության հետ, որոնք, դժգոհ լինելով տնտեսական դրությունից, հույսը դրել են Թրամփի արագ բարեփոխումների վրա: Տարբեր հաշվարկներով` այս հարթակում Քլինթոնը կորցրել է ավելի քան 2 տոկոս: Ըստ էության, ամերիկացիները ոչ թե մերժեցին դեմոկրատական կուսակցության քաղաքական առաջարկները, այլ վերջին պահին ընտրողների մոտ գերակշռեց Քլինթոնի նկատմամբ անվստահությունը: Սա հրաշալի դաս կարող է հանդիսանալ ինչպես ամերիկյան կուսակցությունների, այնպես էլ աշխարհի գրեթե բոլոր քաղաքական ուժերի համար, որոնք նպատակադրված են քաղաքական գործիքներով ազատ ընտրություններում հաղթանակ տանելու:
Հայաստանում ընտրությունների արդյունքներից վերոնշյալ մոտիվներով հիասթափություն եղել է 1996թ.: Այնժամ նախագահ Տեր-Պետրոսյանի քարոզչական թիմը անվերապահորեն վստահ էր իր թեկնածուի հաղթանակում: Այդպես էին մտածում իշխանական գրեթե բոլոր օղակները, այդպես էին համոզում սոցհարցումները, նույն տպավորությունն ուներ նաեւ ընդդիմությունը: 1991թ. Տեր-Պետրոսյանի ջախջախիչ հաղթանակը բթացրել էր իշխանությունների զգոնությունը, ինչը խոստովանել են նաեւ այն ժամանակվա գործիչները:
Ինչպես Հիլարի Քլինթոնն ու նրա շրջապատն էին քամահրանքով վերաբերվում Թրամփի նախագահության հավանականությանը, այնպես էլ Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չէին հավատում, որ Վազգեն Մանուկյանը կարող էր այդքան բարձր ձայներ ստանալ: Սակայն ընդդիմության միավորումը եւ երկրում առկա սոցիալ-տնտեսական դժվարությունները փաստի առաջ կանգնեցրին Արցախյան պատերազմը հաղթանակով ավարտած վարչակազմին: Ի դեպ, պատերազմում տարած հաղթանակի փաստով էին իշխանությունները պայմանավորում 1996թ. իրենց դյուրին հաջողությունը այնպես, ինչպես 1945թ. Չերչիլն ու բրիտանական պահպանողականները, որոնք նույնպես պարտվեցին:
Ն. Հովսեփյան