ԿՐԻՄԻՆԱԼ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ՀՀ կառավարության հռչակած բաց երկնքի քաղաքականությունը նախնական շրջանում էական արդյունքներ տվեց եւ մրցակցության բարձրացման ու ավիատոմսերի էժանացման արդյունքում ավիափոխադրումները ավելացան, այնուամենայնիվ, այսօր Հայաստանի բաց երկինքը կրկին նույն խնդիրների առաջ է կանգնել:

Այս ոլորտում առաջացած ճգնաժամն արդեն քանի տարի շարունակ խոչընդոտում է երկրի մի շարք ոլորտների բնականոն զարգացմանն ու ՀՀ քաղաքացիների՝ անվտանգ եւ մատչելի ճամփորդելու իրավունքին: Ժամանակ առ ժամանակ շուկայում հայտնվում են ընկերություններ, որոնք սկզբում երկնքից աստղեր են խոստանում քաղաքացիների համար, հետո անէության գիրկն ընկնում՝ դժգոհելով շուկայում տիրող անբարեխիղճ մրցակցությունից:
«Կրիմինալ մրցակցություն», այսպես է բնութագրում հայաստանյան ավիափոխադրումների ոլորտը նորաստեղծ, որպես ազգային փոխադրող Հայաստան մուտք գործած «Արմենիա» ավիաընկերության հիմնադիր-նախագահ Թամազ Գաիաշվիլին. ««Պոբեդա» ավիաընկերությունը դեմպինգ է իրականացնում: Նրանք իրենց արտադրանքը վաճառում են ինքնարժեքից ցածր, մինչեւ մրցակցին սպանեն: Դա «Աէրոֆլոտ»-ի դուստր ձեռնարկությունն է: «Աէրոֆլոտ»-ը սկսել է այդ ծրագիրը, որ սպանի իր բոլոր մրցակիցներին»,- նախօրեին լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարել էր Գաիաշվլին: Նույն անձը Հայաստանում գործունեություն ծավալելուց առաջ՝ ընթացիկ տարվա ապրիլին, միանգամայն այլ մեկնաբանությամբ էր հանդես եկել. «Մենք կփորձենք մրցակից դառնալ ոչ միայն ռուսական ավիաընկերություններին… Իհարկե, ավիացիոն բիզնեսը բարդ բիզնես է, եւ բարդ բիզնեսում առանց պետության աջակցության դժվար թե որեւէ մեկը կարողանա ոտքի կանգնել ու Հայաստանում լուրջ ավիաընկերություն ունենալ»:
Ի՞նչ է ստացվում. ընկերությունը պատրաստ չէ՞ր մրցակցությանը, թե՞ պետության աջակցությունը չստացավ:
Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ «Արմենիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Գեւորգ Խաչատրյանն ասաց. «Մենք գործունեություն ենք ծավալում՝ առջեւում ունենալով միայն դրական տրամադրվածություն: Մենք մտադրված ենք ավիաընկերության առաջընթացն ապահովել, ոչ թե վաղվա հանդեպ մտավախությամբ լցվել: Մենք չենք վախենում, որ կփակվենք»:
Նորաստեղծ ավիաընկերությունը, հիշեցնենք, պատրաստվում էր թռիչքներ իրականացնել Մոսկվա եւ ռուսական այլ մեծ քաղաքներ: Ընկերության ուղղություններից պետք է լինեին նաեւ Կիեւը, Մինսկը, Թեհրանը, Դուբայը, Բարսելոնան, Պրահան, մի շարք այլ եվրոպական քաղաքներ: Բայց տեղյակ լինելով, որ Հայաստանում ավիաընկերությունները կա՛մ սնանկացել են, կա՛մ սնանկացման եզրին են (օրինակ՝ «Էյր Արմենիա»-ն), այնուամենայնիվ, հույս ունեին դիմանալ շուկայում:
Փաստորեն, եղավ այն, ինչը կարելի էր պարզապես կանխատեսել:
Եվ այստեղ հարկ ենք համարում հիշեցնել «Էյր Արմենիա»-ի սնանկացման պատճառը: Ինչպես հայտնի է՝ հիմնական պատճառը ռուսական «Աէրոֆլոտ»-ն էր:
Ինչ են անում ստեղծված իրավիճակում հայրենի պետական կառույցները: Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը վստահեցրեց. «Անբարեխիղճ, կրիմինալ մրցակցության մասին խոսք անգամ չի կարող լինել: Իսկ եթե ընկերությունը դեմպինգի մասին ապացույցներ ունի, կարող է ներկայացնել: Դրան համապատասխան գնահատական կտրվի»:
Իսկ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, պարզեցինք, ընդհանրապես ուսումնասիրություններ չի՞ իրականացրել: «Ժողովուրդ»-ի այս հարցին ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Գայանե Սահակյանը պատասխանեց, որ որեւէ բողոք «Արմենիա» ավիաընկերությունից հանձնաժողովը չի ստացել: Իսկ սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություններ կատարելու մասին դեռեւս տեղեկություն չկա: Ստացվում է՝ ընկերությունը հայտարարում է անբարեխիղճ մրցակցության մասին, իսկ ՀՀ պետական մարմինները որեւէ քայլ չեն ձեռնարկում: Երեկ միայն տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ավիաընկերության սեփականատերերը հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ եւ հայտնել իրենց մտահոգությունները: Վարչապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը դժվարացավ հանդիպումից որեւէ տեղեկություն տրամադրել՝ հայտնելով, որ ինքը տեղեկացված է վարչապետի՝ միայն հրապարակման ենթակա հանդիպումների մասին:
Թերեւս դժվար է այս առիթով որեւէ սպասելիք եւ հույս ունենալ՝ հաշվի առնելով Կարեն Կարապետյանի «ռուսական ծագումը»: Փաստն այն է, որ հայկական ծագմամբ հերթական ընկերությունը կանգնել է փաստի առաջ հայաստանյան ավիափոխադրումների շուկայում տիրող մոնոպոլ վիճակի պատճառով:
Իսկ ինչու ընկերությունը չի դիմում ՏՄՊՊՀ: Ընկերության մամուլի քարտուղար Գեւորգ Խաչատրյանը, պատասխանելով մեր հարցին, նշեց. «Երբ որ կլինի անհրաժեշտություն, կդիմենք, կանխատեսել այս պահին չեմ կարող: Երբ ղեկավարությունը վերջնական եզրահանգման գա, որ իսկապես գործ ունենք անառողջ մրցակցության հետ, կդիմենք անհրաժեշտ քայլերի»:
Հանուն արդարության պետք է նշել, իհարկե, որ «Արմենիա» ավիաընկերության՝ Հայաստան մուտք գործելուց հետո տարբեր վարկածներ եղան: Շատերը խոսեցին այն մասին, որ ինչ-որ վրացական ավիաընկերություն, որը ձախողել է Վրաստանում, մեկ տարի առաջ որոշել է Հայաստան տեղափոխվելով փրկել իր բիզնեսը: Սակայն սա խնդրի մի մասն է: Ողջ էությունն այն է, որ այս շահերի բախումից, բիզնես-պայքարներից տուժում է միայն քաղաքացին, քանի որ չկա մրցակցություն, չկա որակ եւ գնային բարեխղճություն: Եվ այս ամենը, ըստ ոլորտի մասնագետների, «Աէրոֆլոտ» ռուսական ավիաընկերության գայլի ախորժակի հետեւանքն է, որը հայրենի իշխանությունները ոչ մի կերպ չեն փորձում զսպել:
Հ.Գ. ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Աէրոֆլոտ» ավիաընկերությունն այս տարվա երրորդ եռամսյակում վճարել է 1 մլրդ 536 մլն 949 հազար 73 դրամ, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում 2 մլրդ 125 մլն 850 հազար 48 դրամ: Ստացվում է՝ այս տարվա երրորդ եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավիաընկերությունը նվազեցրել է հարկերը: Բայց դա, փաստորեն, ախորժակի վրա չի ազդել:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
15-ԱՄՅԱ ՏՂԱՆ ՍԱՌԵԼ Է
Շուրջ 20 օր շարունակ Լոռու մարզի ոստիկանները եւ ուժային այլ կառույցների աշխատակիցները փնտրում են անհետ կորած 15-ամյա տղային: Հիշեցնենք, որ երեխան Լոռու մարզի Ագարակ գյուղից է: Այս տարի ոստիկանների ու համայնքապետարանի միջոցով տեղափոխվել էր Երեւանի հատուկ դպրոց, որտեղից էլ աշնանային արձակուրդներին եկել էր գյուղ ու անհետացել: Ագարակից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ երեխան կարծես հօդս ցնդած լինի, քանի որ բոլոր հնարավոր վայրերում արդեն իսկ փնտրել են: Առաջիկա օրերին հավանաբար քրգործ կհարուցվի՝ սպանության հատկանիշներով: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ երկու վարկած է շրջանառվում՝ մեկը, որ երեխային ինչ-որ մեկը տարել, պահում է ինչ-որ նպատակով, մյուս վարկածով՝ երեխան ինչ-որ տեղ քնել ու սառել է: Ավելի վաղ Ագարակի ղեկավար Ռուբեն Բարխուդարյանը «Ժողովուրդին» հայտնել էր, որ 15-ամյա տղան գրեթե միշտ աչքի է ընկել վատ վարքով ու չենթարկվող տեսակով: Մինչ նշված դեպքն էլ պարբերաբար օրերով փախել է տանից: Նա բնակվում էր մոր, խորթ հոր ու մանկահասակ երկու քույրերի հետ: Գյուղապետի խոսքով՝ տղայի մյուս՝ ավագ քույրը, գտնվում է կալանավայրում: Ագարակի բնակիչներից մեզ հայտնեցին, որ տղայի՝ կալանավայրում գտնվող քույրը ազատազրկման է դատապարտվել գողության համար:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լոռի

 

 

 

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՑ ԱՌԱՋ
2016թ. դեկտեմբերի 1-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք հանդիսանում են Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խոշտանգումների կանխարգելման խորհրդի անդամներ, իրականացրել են չհայտարարված, մոնիթորինգային այց «Արթիկ» ՔԿՀ: Ըստ էության, ՄԻՊ աշխատակիցները ՔԿՀ-ում խնդիրներ են արձանագրել, քանի որ ներկայացրել են, որ այցի ընթացքում առանձնազրույցներ են ունեցել քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների հետ, ինչպես նաեւ անմիջականորեն ծանոթացել են ՔԿՀ-ի պահման պայմաններին: Արդյունքում արձանագրված մի շարք խնդիրների կապակցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախապատրաստվում են համապատասխան հարցումներ:
«Ժողովուրդ»-ին Արթիկի ՔԿՀ-ում իրենց պատիժը կրող դատապարտյալների մասով ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան: Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին, որը սպանության համար դատապարտված է 17 տարվա ազատազրկման եւ գտնվում է Արթիկի ՔԿՀ-ում, օրերս տեղափոխել են Գյումրի քաղաք՝ իբր ատամները բուժելու խնդրով: Նրա մտերիմ շրջապատն էլ, օգտվելով առիթից, մեծ շուքով տղային դիմավորել է ու խնջույք կազմակերպել: Ավելին՝ լուրեր կան, որ ատամի խնդիրն ուղղակի պատրվակ է եղել, որպեսզի Ղուկասյանին Գյումրի տեղափոխեն՝ կարոտի գործոնով պայմանավորված: Հակառակ դեպքում տարակուսելի է, որ Արթիկի ատամնաբուժարանները թողած՝ Վահեին Գյումրի են հասցրել:

 

 
2000 ԿՐԱԿՈՑ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնագծի արեւելյան հատվածում, որտեղ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից (շուրջ 1400 կրակոց)՝ հակառակորդը կիրառել է նաեւ 60 եւ 82 մմ-ոց ականանետեր (9 արկ) եւ հաստոցավոր ավտոմատ նռնականետ (1 արկ): Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 125 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց: Հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում հայկական կողմը կորուստ չի ունեցել: «Ինչ վերաբերում է երեկ երեկոյան ադրբեջանական որոշ լրատվամիջոցների կողմից տարածված այն լուրերին, թե իբր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ տեղի ունեցած «դաժան մարտերի ընթացքում» հայկական կողմը տվել է 1 զոհ եւ 9 վիրավոր, դա ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվություն», – վստահեցնում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը:

 

 

ՄԻՊ-Ը ԴԻՄԵԼ Է ՍԴ
ՀՀ ՄԻՊ-ը դիմել է Սահմանադրական դատարան` բարձրացնելով քրեական գործով վարույթի շրջանակներում քաղաքացիների անձնագրերը վերցնելու, ինչպես նաեւ նրանց նկատմամբ հանրապետությունից դուրս գալու արգելքի հետ կապված խնդիրները: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից վիճարկվել են ինչպես քաղաքացիների իրավունքներին այդպիսի միջամտություն ենթադրող գործող օրենսդրական կարգավորումները, այնպես էլ իրավակիրառ պրակտիկան` հիմնվելով պաշտպանին հասցեագրած բողոքների քննարկման արդյունքների վրա:




Լրահոս