Ո՞վ է բռնաբարել 62-ամյա կնոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղի բնակիչ Ա. Ս.-ի դատավարությունը, որին մեղադրանք է առաջադրվել բռնաբարության եւ բնակարան ապօրինի մուտք գործելու հոդվածներով: Վերջինս մեղադրվում է այն բանում, որ այս տարվա ապրիլին մուտք է գործել Իծաքար գյուղի 62-ամյա բնակչուհու տուն եւ բռնաբարել նրան: Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Վերջինիս պաշտպան Գայանե Զաքարյանն ասաց, որ սկզբում քրեական գործ է հարուցվել մարմնական վնասվածք հասցնելու հոդվածով, հետո՝ բռնաբարության: Պաշտպանի վկայությամբ՝ տուժած կնոջ դեմքին ճանկռվածք է եղել: Գ. Զաքարյանն ասում է, որ իր պաշտպանյալը մոտ 50 տարեկան տղամարդ է, նա բեղեր չունի, սպիտակած մազեր ունի: Իսկ տուժած կինը նկարագրել է, որ իրեն բռնաբարել է բեղերով, սեւ մազերով, 25-40 տարեկան տղամարդ: Գ. Զաքարյանն ասում է, որ քրեական գործով նշանակված համալիր դատական փորձաքննության եզրակացությունը ապացուցում է նավուրցի տղամարդու անմեղությունը:

Փաստաբանի վկայությամբ՝ դեպքի ժամանակ կնոջից 7 մետր հեռավորության վրա, տանն է գտնվել կնոջ 22-ամյա աղջիկը, որը չի լսել կնոջ օգնության ճիչերը: Որպես գործով վկա ներգրավված է Իծաքարի գյուղապետ Արամ Դանիելյանը: Այս քրեական գործով դատական երկրորդ նիստը նշանակված է դեկտեմբերի 16-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս