ԱՂԵՏԻ ԳՈՏԻՆ ԴԵՌ ԱՂԵՏԱԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1988-ի ավերիչ երկրաշարժից արդեն 28 տարի է անցել: Սակայն «աղետի գոտի» ամոթալի արտահայտությունը դեռ չի վերացել մեր շուրթերից: Պաշտոնական տեղեկություններով՝ զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ է դարձել, անօթեւան է մնացել 530 հազար բնակիչ: «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Վահան Թումասյանի տրամադրած տվյալների համաձայն՝ կիսափլված շենք-շինություններում կամ նախկին գործարանային հանրակացարաններում դեռեւս բնակվում է մոտ 3 հազար ընտանիք, կամ որ նույնն է՝ 15 հազար բնակիչ: 28 տարին քիչ ժամանակ չէր խնդրին վերջնական կարգավորում տալու համար: Սակայն պարզվում է՝ կառուցապատման ծրագիրը 4-5 տարի առաջ դադարեցվել է: Եվ այս աղետալի պայմաններին զուգահեռ՝ իշխանությունները Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար գլուխ են կոտրում, խոստանում սարեր շուռ տալ, սակայն նրանց խոստումների պատկերը հետեւյալն է՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դղյակում է ապրում, շքեղ հյուրանոց է կառուցել՝ «Ալեքսանդրապոլը», «Օազիս» ռեստորանը: Իսկ վագոն-տնակների ֆոնին դղյակում ապրող գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Պոլոզմուկուչ» հայտնի ռեստորանի սեփականատերն է, գարեջրի գործարաններ է աշխատեցնում ինչպես Գյումրիում, այնպես էլ Ջավախքում:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը 2008-ին հայտարարել էր, թե. «Հաշված տարիներ հետո կկարողանանք ամբողջովին հաղթահարել աղետի բոլոր հետեւանքները: Երբ ասում եմ ամբողջովին, նկատի ունեմ, որ երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքներ չեն լինելու»: Սակայն այսօր իրականությունն այն է, որ ունենք մոտավոր 15000 բնակիչ, որոնք ապրում են տնակներում: Հուսանք` գոնե այս տարի քիչ կշրջանառվեն «տնակ», «աղետի գոտի», «փլատակներ» արտահայտությունները, Գյումրիի նման մշակութային հարուստ ժառանգություն ունեցող քաղաքին դա սազական չէ:

 

 

 

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբիկ Հակոբյանը 2015-ի սեպտեմբերի 17-ին դուրս եկավ ընդդիմադիր խմբակցությունից: Դեռ այդ օրերին լուրեր տարածվեցին այն մասին, որ Հակոբյանը մտադիր է կրկին հետ գնալ իր նախկին կուսակցություն՝ Հայ հեղափոխական դաշնակցություն, որի անդամ է եղել 1990-2008-ը: Նրա լոբբինգով ՀՅԴ-ում զբաղվել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ Աղվան Վարդանյանի բոլոր բանակցությունները ձախողվել են, եւ Ռուբիկ Հակոբյանին ՀՅԴ-ում չեն ցանկանում կրկին «հետ ընդունել»: Երեկ փորձեցինք այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ Վարդանյանից եւ Հակոբյանից, սակայն երկուսն էլ կտրուկ հրաժարվեցին որեւէ բառ ասել:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին վրացի պատգամավորներից հայտնի դարձավ, որ Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը ադրբեջանական նավթագազային «Soccar» ընկերությանը վաճառելու մասով Վրաստանի կառավարությունում այս օրերին ինչ-որ գործընթաց է սկսվել, սակայն այն առայժմ լայն հանրությանը հասանելի չէ: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը տեղեկացրեց, որ Վրաստանի վարչապետի հայտարարությունը վերաբերում է Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսի հնարավոր վաճառքի մտադրությանը: «Նման մտադրության մասին նախկինում եւս հայտարարություններ եղել են: Բայց Վրաստանը դեռեւս պաշտոնական որեւէ հայտարարություն չի արել, որ նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերը հանվել են վաճառքի»: Հայկ Հարությունյանը նշեց, թե գազատարի անխափան շահագործումը բխում է նաեւ Վրաստանի շահերից: «Գազի տեղափոխման դիմաց Վրաստանը ստանում է տարանցման վճար»,- հավելեց փոխնախարարը:

 

 

 
Տեւական ժամանակ է, ինչ փոքր ու միջին ձեռներեցներից «Ժողովուրդ»-ը ահազանգեր է ստանում, որ բեռնափոխադրող «կարգոները» չեն գործում, եւ իրենք լուրջ դժվարություններ ունեն ներկրման հարցում: Այս խնդիրը առաջացավ ՊԵԿ նախագահի փոփոխության արդյունքում, երբ Վարդան Հարությունյանը սահմանեց «խաղի նոր կանոններ»: «Ժողովուրդ» օրաթերթը ՊԵԿ-ի լրատվականից փորձեց պարզել՝ ինչո՞ւ չեն գործում «կարգոները». «Այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք նախկինում բեռնափոխադրողների միջոցով էին իրականացնում ներմուծումը, այժմ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակներում մաքսային պարզեցված ընթացակարգերի շնորհիվ կարողանում են ինքնուրույն ներմուծում իրականացնել, ինչը վերջիններիս հնարավորություն է ընձեռել գրանցվել որպես ինքնուրույն հարկ վճարող եւ հարկային դաշտում թափանցիկ գործունեություն իրականացնել: Միայն վերջին շրջանում այդպիսի կազմակերպությունների թիվը հասել է շուրջ 125-ի: Իսկ առավել փոքր ներմուծողները, ինչպես նախկինում, շարունակում են ներկրումներն իրականացնել «կարգոների» միջոցով, եւ հարկային բեռի տեսանկյունից նրանց գործունեության մեջ որեւէ փոփոխություն չի եղել»:

 

 
ՄԻԱԺԱՄԱՆԱԿ
Սերժ Սարգսյանը երեկ խորհրդակցություն էր հրավիրել ՀՀ պետական ծառայության համակարգի զարգացման հեռանկարների քննարկման նպատակով: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկելով պետական ծառայության համակարգի կատարելագործման հարցը՝ անդրադարձ է կատարվել նաեւ ներկայումս մշակվող օրենսդրական փոփոխությունների փաթեթին, որով պետք է ստեղծվի միասնական հակակոռուպցիոն մարմին: Այն, ըստ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, ձեւավորվելու է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա, ինչը հանգեցնելու է հանձնաժողովի լիազորությունների շրջանակի ընդլայնմանը:
Մինչ արդարադատության նախարարը ներկայացնում է հակակոռուպցիոն նոր մարմին ստեղծելու հիմնավորումները, նրա անմիջական ղեկավարը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը, հայտարարում է, որ որեւէ նոր կառույցի ստեղծմամբ կոռուպցիայի դեմ պայքարը չի հաջողելու, քանի դեռ չի ձեւավորվել համապատասխան միջավայր, որտեղ կոռուպցիայով զբաղվելը կլինի ոչ միայն շատ դժվար, այլեւ ուղղակի աննպատակահարմար: Անշուշտ, վարչապետը իրավացի է, սակայն դա երկարաժամկետ ծրագիր է, որի իրականացման համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ փոփոխությունների մի ամբողջ շղթա՝ զուգորդված նաեւ սոցիալական շատ լուրջ ռեֆորմներով: Սակայն ինչպես որ իր ծրագրում էր Կարապետյանն առանձնացրել զարգացման երկարաժամկետ եւ կարճաժամկետ քայլերը, այնպես էլ այս հարցում՝ երկարաժամկետը, այսինքն՝ միջավայրի ձեւավորման գործընթացին զուգահեռ պետք է որ լինեն նաեւ կարճաժամկետ քայլեր՝ ի դեմս կոռուպցիոն շատ կոնկրետ եւ շատ ցցուն դեպքերի բացահայտման: Օրինակ՝ նույն Ռուսաստանում, որի համակարգը մեզանում շատ է քննադատվում որպես ամենակոռումպացվածներից մեկը, պարբերաբար լինում են կոռուպցիոն շատ խոշոր բացահայտումներ: Ընդամենը երեք շաբաթ առաջ տնտեսական զարգացման նախարար Ա. Ուլյուկաեւի հետ կապված կոռուպցիոն սկանդալից հետո երեկ ռուս իրավապահները բացահայտել են եւս մեկ դեպք, որի առանցքում ՌԴ քննչական կոմիտեի քննիչն է, ով հենց կոմիտեի շենքի առջեւ 100 հազար եվրո կաշառք վերցնելիս բռնվել է ՌԴ հատուկ ծառայությունների կողմից: Մենք ամեն ինչում ընդօրինակում ենք ռուսական փորձը, սակայն, չգիտես ինչու, այս հարցում դա նկատելի չէ: Իր բարեհունչ ելույթներում Սերժ Սարգսյանն այդպես էլ չի անդրադառնում այն հարցին, թե ինչու իր պաշտոնավարման տարիներին այդպես էլ որեւէ «խոշոր ձուկ» /ձեւակերպումն իրենն է/ չի բռնում հայրենի իրավապահ համակարգը՝ կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիան իրագործելով 200 դոլար կաշառք վերցնողների ձերբակալությամբ:
Որքան էլ կարեւորենք միջավայրի ձեւավորումը, ակնառու կոռուպցիոն դրսեւորումների հեղինակների պատասխանատվության հարցը չբարձրացնելը դժվարացնելու է, եթե չասենք՝ անհնար է դարձնելու վարչապետի նշած միջավայրի ձեւավորումը:




Լրահոս