Ինչպես են հարստացել ՀՀ քաղաքապետերը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ԱԺ-ում քննարկվում էր «ՀՀ քրեական օրենսգրքում» եւ «Քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Ինչպես հայտնի է` նախագծով առաջարկվում է պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնել: Օրենսդրական այս փոփոխությունների քննարկման ֆոնին առավել հետաքրիր է դառնում, թե ինչպիսի ունեցվածք են դիզել մեր պաշտոնյաները: Որպես պաշտոնական հիմք կարող ենք ընդունել միայն նրանց ներկայացրած հայտարարագրերը, որոնցում, սակայն, հաճախ ներկայացվում են նրանց ունեցվածքի այսբերգների միայն տեսանելի մասերը:

Այս անգամ անդրադառնանք ՀՀ մեծ համայնքների ղեկավարներին:

Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Գյումրիի քաղաքապետ ընտրված Սամվել Բալասանյանը իր նոր հայտարարագրում ներկայացրել է բազմապիսի ունեցվածք` արտադրական նշանակության շինություն, 3 անհատական բնակելի տուն, հողամաս, հողին ամրակայված այլ անշարժ գույք, հասարակական նշանակության շինություն եւ 3 միլիոն դրամ, ինչպես նաեւ՝ 13 հազար դոլար դրամական միջոցներ: Հարկային տարում Բալասանյանի եկամուտը եղել է միայն աշխատավարձը, որն ընդհանուր առմամբ կազմել է ավելի քան 2 մլն դրամ:

samvel-balasanyan

ՀՀ Լոռու մարզի Վանաձորի նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ունի մեկ հողամաս, մեկ բնակարան եւ «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա: Ասլանյանը ունի 15 մլն դրամ կանխիկ գումար, որը ստացել է ձեռնարկատիրական գործունեությունից: Թե ինչ բիզնես ունի, չի մանրամասնել:

mamikon-aslanyan

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը 2016 թվականին պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 6 մլն 700 հազար դրամ, 2 հազար դոլար, 5 հազար 5 հարյուր եվրո: Եկամտի չափը ընդհանուր առմամբ կազմել է ավելի քան 2 մլն դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն էլ ունի 2 մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց` MERCEDES-BENZ S550 եւ RANGE ROVER SPORT SC 4.2: Նրան հաջողվել է հետ գցել 400 հազար դրամ եւ 2 մլն 400 հազար դրամ: Դանիելյանի եկամտի չափը հաշվետու տարում կազմել է 400 հազար դրամ, եկամտի «աղբյուրը» աշխատավարձն է եղել:

karen-grigoryan

Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանի դրամական միջոցները, ըստ նրա ներկայացրած հայտարարագրի, կազմում են 23 հազար 700 դոլար, 19 հազար 500 եվրո եւ 850 հազար դրամ: Բացի այս՝ նա ունի մեկ բնակարան եւ երկու ավտոմեքենա` «Toyota Land Cruiser 200 4.0» եւ «BMW 745» մակնիշի: Նշենք, որ քաղաքապետն իր պաշտոնը ստանձնելիս հայտարարագրում նշել է, որ այս տարվա հինգ ամիսներին ստացած իր աշխատավարձը կազմել է 1 մլն 562 հազար դրամ: Բացի այդ, ըստ հայտարարագրի՝ նա 380 հազար դրամով ինչ-որ գույք է օտարել: Նկատենք, որ Գեւորգյանի դրամական միջոցները, համեմատ գործընկերների, ամենաշատն են: Անշուշտ, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի անշարժ գույքը պատկառելի է, սակայն նրա հայտարարագրած դրամական միջոցները զիջում են Աբովյանի քաղաքապետի միջոցներին: Միեւնույն ժամանակ՝ Բալասանյանի անշարժ գույքերի վաճառքից ստացված գումարի չափը կարող է գերազանցել մյուսների դրամական միջոցները:

64036

Անկախ նրանից, թե հայրենի քաղաքապետերից ով ինչպես է դիզել իր ունեցվածքը, նրանք մտահոգվելու խնդիր չունեն, քանի որ ապօրինի հարստացման քրեականացման օրենքն ուժի մեջ է մտնելու 2017 թ.-ի հուլիսի 1-ից եւ հետադարձ ուժ չի ունենալու:

Վահագն Հակոբյան




Լրահոս