Ինչքան որ պետքա, էդքան կմուծեմ. Վահան Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը եւս՝ իր երեք նորանշանակ գործընկերների հետ, նոյեմբերի 24-ին հայտարարեց, որ դիմում է ներկայացրել՝ Հայաստանի հանրապետական կուսակցությանը անդամագրվելու համար: Երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ նախքան նախարար դառնալը ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում չէր ներկայացրել, Վահան Մարտիրոսյանն ասաց, որ նախքան նախարար նշանակվելը քաղաքականությամբ չի զբաղվել: «Ես ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում եմ ներկայացրել: Ինչպես վարչապետն ասաց նիստի ընթացքում, որեւէ պարտադրանք չկա կուսակցական դառնալու, դա իմ որոշումն է»,- հավաստիացրեց Մարտիրոսյանը:

Նկատենք, որ մինչ Հայաստանի հանրապետական կուսակցության հնաբանակները շտապում են ամեն առիթով գովերգել իրենց հարազատ կուսակցությունը, հավաստիացնել, թե «հանրապետական լինելը պատիվ է», «իրենց որոշմամբ» հանրապետական դարձած նորագիրների համար, կարծես թե, ամենեւին հաճելի չէ իրենց կուսակցական պատկանելության մասին խոսելը կամ ՀՀԿ-ի հետ կապված հարցերին պատասխանելը:

«Ժողովուրդ»-ը ՀՀ ՏԿՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանից փորձեց հետաքրքրվել` արդյո՞ք նա հասցրել է ծանոթանալ կուսակցության կանոնադրությանն ու ծրագրին, ինչն անհրաժեշտ պայման է ՀՀԿ-ին անդամակցելու համար, նախարարը նախ փորձում էր խուսափել պատասխանելուց` պատճառաբանելով, թե շտապում է, պետք է գնա: Ապա մեր պնդումներին տեղի տալով՝ որոշեց պատասխանել: Սակայն իր վերադասի՝ վարչապետ Կարեն Կարապետյանի նախընտրած լակոնիկ ոճով՝ արտաբերելով ընդամենը մեկ բառ՝ այո՛: Եթե ծանոթացել էր, ենթադրվում էր, որ պետք է առանձնացրած լիներ իր համար առանձնահատուկ մի դրույթ կամ դրույթներ, այդ իսկ պատճառով Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե կուսակցական ծրագրի որ դրույթն է իրեն առանձնապես հոգեհարազատ: Այդ հարցին Մարտիրոսյանը ընդհանրապես հրաժարվեց պատասխանել, թերեւս դժվարացավ:

Մենք նաեւ փորձեցինք պարզել, թե որքան անդամավճար է մուծել նորաթուխ հանրապետական պաշտոնյան: Նշենք, որ ըստ ՀՀԿ կանոնադրության՝ «Կուսակցության անդամը մուծում է անդամավճար (չափը կամավոր է)», ասել է, թե ում սրտով ինչքան անցնի: Պարզվեց՝ Մարտիրոսյանը դեռ անդամավճար չի մուծել, մեր հետաքրքրությանը, թե, այնուամենայնիվ, որքան է մուծելու, նախարարը արձագանքեց.«Ինչքան որ պետքա, էդքան կմուծեմ»:

Վահագն Հակոբյան




Լրահոս