ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ` ԱՆԱԶՆԻՎ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով այն կանխատեսումներին, որ 2017 թվականին աշխատավարձերի եւ թոշակների հատկացման հարցում խնդիրներ կառաջանան՝ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը վստահեցրեց, որ նման բան չի լինի:

-Պարո՛ն Արամյան, Դուք պաշտոնապես հայտարարել էիք, որ 2017 թվականին աշխատավարձերի եւ թոշակների բարձրացում չի նախատեսվում, այս պայմաններում հասարակությունը ինչպե՞ս վստահի դրական փոփոխությունների մասին ՀՀ կառավարության հայտարարություններին:
-Շատ պարզ, մեր գործողությունների արդյունքում: Մենք ազնիվ ենք հասարակության հետ, դրա համար մենք հասարակությանը չենք խոստանում, որ գիտեք ինչ՝ ձեր կյանքը լավանալու է: Այսինքն՝ լավանալու է գործողությունների արդյունքում: Պետք է իրատեսական լինենք, հիմա ես հասարակության առաջ անազնիվ կլինեի, եթե իրենց տայի լավ օրերի հնարավորություն ընդամենը կես ամսվա կամ, ենթադրենք, մեկ տարվա: Ես իրավունք չունեմ այդպիսի բան անել: Պետք է նայեմ մեկ տարուց ավել հորիզոնով՝ 2 տարի, 3, 5, 10, 20, ինչ է լինելու, եւ դա եմ ես անում: Մեր երկրի տնտեսության համար պետք է տնտեսական աճ, եւ մի քանի անգամ այդ մասին բարձրաձայնել եմ: Երբ կունենանք մենք այդ տնտեսական աճը, ավելի դյուրին կլինի ե՛ւ աշխատավարձերը բարձրացնել, ե՛ւ թոշակները, եւ վաղը, մյուս օրը ես չեմ ստեղծի տնտեսական անկայուն իրավիճակ, որ լինի գնաճ, եւ հօդս ցնդեն այն գործողությունները, որ մենք անում ենք:
-ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 26-ին կուսակցության 16-րդ համագումարում ունեցած ելույթում ասաց. «Մենք մեծացրինք արտաքին պարտքը, սակայն նախ՝ վերցրած արտաքին պարտքը կատարեց իր հիմնական նպատակը. տնտեսությունը դիմագրավեց ֆինանսական անբարենպաստ վիճակին… Այլեւս անցյալ է պարզապես դրսի օգնությանն ու վարկային միջոցներին ապավինելու քաղաքականությունը»: Սակայն Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ՀՀ կառավարությունը պատրաստվում է 2017-ին Եվրասիական զարգացման բանկից 100 միլիոն դոլարի վարկ վերցնել:
-Դուք լավ չեք հասկացել Սերժ Սարգսյանի հորդորները:
-Բայց նա հստակ ասել է. «Այլեւս անցյալ է պարզապես դրսի օգնությանն ու վարկային միջոցներին ապավինելու քաղաքականությունը»:
-Չեք հասկացել, խնդրում եմ՝ ավելի խորը նայել, տեսեք՝ ինչ է:
-ՀՀԿ նախագահի ասածները հասկանալու համար բավականին լավ երեւակայություն է պետք ունենալ: Նա, օրինակ, պնդում էր, թե ՀՀ քաղաքացիների բարեկեցությունն աճել է: Գուցե նա նկատի ուներ արտերկրում աշխատող մեր հայրենակիցների՞ն, որոնք դեռ շարունակում են մնալ ՀՀ քաղաքացիներ: Բայց Հայաստանում գրեթե բոլոր ոլորտներում պաշտոնական ցուցանիշներով անկում է արձանագրվել: Օրինակ՝ հացը Հայաստանի համար առաջին անհրաժեշտության այն սննդատեսակն է, որի սպառման անկումը նույնիսկ գնողունակության նվազման հետ չի կարող կապվել: Եթե Հայաստանում հաց քիչ է արտադրվում, դա ուղղակի նշանակում է, որ սպառողներն են պակասել, այսինքն՝ արտագաղթի հետեւանք է: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հացի արտադրության ծավալները նվազել են 2.3 տոկոսով:
-Գիտեք, ես տնտեսական աճի եւ տնտեսական ակտիվության ցուցանիշի վերաբերյալ մեկնաբանություն կատարել եմ: Եթե Դուք նայում եք տնտեսական ակտիվության ցուցանիշը, որը գնում է նվազման, հիմականում դա պայմանավորված է գյուղատնտեսության վարքագծով, ինչի մասին ես բազմիցս ասել եմ:
-Անկախ պատճառներից՝ ստեղծված իրավիճակը արդեն լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, որ 2017 թվականի սկզբին թոշակներն ու աշխատավարձերը տրամադրելու հետ կապված խնդիրներ են առաջանալու:
-Ձեզ վստահեցնում եմ՝ այն բոլոր գործողությունները, որ կատարվում են, միտված են թոշակներն ու աշխատավարձերը ժամանակին վճարելուն: Տեսեք՝ սա շատ կարեւոր է՝ կապելով առաջին հարցին, երբ խոսում ենք թոշակների եւ նպաստների բարձրացման մասին: Եթե ես անհեռատես գործողություններ կատարեի եւ բարձրացնեի յուրաքանչյուրի աշխատավարձը կամ նպաստը 20-30 տոկոսով, կարող է՝ նմանատիպ ռիսկեր առաջանային, որովհետեւ թոշակները եւ նպաստները վճարվում են համապատասխան աղբյուրների հաշվին, դա հարկային աղբյուրներն են, դա վարկային միջոցներն են: Հունվարին, փետրվարին եւ ընդհանրապես 2017 թվականին այդպիսի խնդիր չի լինելու:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԱՄԻՐՅԱՆԸ ԳՈՒՑԵ ԳՆԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ

Դեռեւս մեկ ամիս առաջ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը խոստովանել էր, որ չի բացառում անդամակցությունը Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այդ առիթով Ամիրյանը նշել էր. «Երկրի կառավարման նոր մոդելը ենթադրում է, որ ցանկացած նախարար պետք է կրի նաեւ պատասխանատվություն կուսակցական առումով»: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արմեն Ամիրյանը դժվարացավ պատասխանել, թե դեռ որքան ժամանակ է պատրաստվում մտածել:

-Պարո՛ն Ամիրյան, նշել էիք, որ մտադրություն ունեք անդամակցելու Հայաստանի հանրապետական կուսակցությանը…
– Մտածելու ժամանակ ունեմ, մտադրություն ունեմ մտածելու:
-Իսկ ինչքա՞ն ժամանակ եք պատրաստվում մտածել:
-Դժվար է ասել:
«Ժողովուրդ» օրաթերթը Արմեն Ամիրյանից հետաքրքրվեց նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սպասարկած մեքենայի ճակատագրով: Հիշեցնենք, որ կառավարության օպտիմալացման ծրագրերի արդյունքում աճուրդի է հանվել Լեւոն Տեր-Պետրոսյանին սպասարկած զրահապատ «Mercedes» մեքենան: Առաջին նախագահի պաշտոնավարման ժամանակ նրան այդ մեքենան նվիրել էր ԽՍՀՄ ՊԱԿ նախագահ Վլադիմիր Կրյուչկովը, իսկ պաշտոնաթողությունից հետո Տեր-Պետրոսյանն անձամբ էր մեքենան փոխանցել նախագահական նստավայր` որպես պաշտոնաթող նախագահին սպասարկած մեքենա: Զարմանալի է, որ այսպիսի պատմական նշանակություն ունեցող մեքենան հանվել է աճուրդի եւ հայտնվել տարատեսակ ջարդոնների կողքին: Ի վերջո, խոսքը անկախ Հայաստանի առաջին նախագահի ծառայողական մեքենայի մասին է. այլ երկրներում դա թանգարանային նմուշ կհամարվեր:
-Պարո՛ն Ամիրյան, տեղյա՞կ եք, որ առաջին նախագահին սպասարկած ծառայողական մեքենան պատրաստվում են աճուրդի հանել:
-Չէ՛, չեմ լսել, ուզում եք գնե՞լ:
-Մենք ոչ, իսկ, այ, պետությունը թերեւս պետք է այլ վերաբերմունք ունենար եւ այն դիտարկեր որպես թանգարանային նմուշ, չեք կարծո՞ւմ:
-Դե, ավելի լավ: Ով որ կգնի, կունենա թանգարանային նմուշի մեքենա:
-Այն հիմա հայտնվել է պետական գույքի կառավարման վաչության պահառության տարածքում` ջարդոնների կողքին:
-Այս պահի՞ն:
-Այո՛:
-Դե, ուրեմն, կհայտնվի մեկը, ով բարձր կգնահատի, կգնի, կվերանորոգի, եւ այն կդառնա թանգարանային նմուշ: Ես շատ ուրախ կլինեմ: Ազնվորեն չգիտեի: Գուցե ես էլ մտածեմ գնելու մասին:

Զրուցեց ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

 
2014-Ի ԲՅՈՒՋԵՆ՝ ԸՆԴԴԵՄ 2017-Ի
Երեկ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հերթական անգամ զվարճացրեց պատգամավորներին իր զավեշտալի հայտարարությունով: Գալուստ Սահակյանը 2017 թվականի պետական բյուջեն քվեարկության դնելիս հայտարարեց. «Քվեարկության է դրվում 2014 թվականի պետական բյուջեի նախագիծը»: Այդ պահին ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը շտապեց հուշել, թե. «Չէ, չէ, 2017-ի», որից հետո Գալուստ Սահակյանն ուղղեց սխալը, եւ պատգամավորները անցան քվեարկության:

 

 

ՔԾՆԵՑ
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ի սկզբանե հայտարարել էր, որ 2017 թվականի պետական բյուջեի նախագծին իրենք դեմ են քվեարկելու: Սակայն ԲՀԿ խմբակցության ոչ բոլոր անդամները ենթարկվեցին խմբակցության որոշմանը: «Ժողովուրդ»-ը ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքից տեղեկացավ, որ խմբակցության անդամներ Ռուստամ Գասպարյանը, Աբրահամ Մանուկյանը, Արշակ Մխիթարյանը, Ռուբեն Գեւորգյանը, Մուրադ Գուլոյանը կողմ են քվեարկել 2017 թվականի պետական բյուջեի նախագծին: Հավելենք, որ ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքի՝ վերոնշյալ անձինք պաշտոնապես հանդիսանում են խմբակցության անդամ:

 

 

ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը, որը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի տեղակալն էր Հայաստանում, հրաժարական տվեց: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Արա Աբրահամյանը հայտարարեց, թե հիվանդ է եւ չի կարող քաղաքականություն մտնել: Եւ հիմա լուրեր կան, որ Արամ Սարգսյանը առաջիկայում կլինի ՀՀ նոր վարչապետի թիմում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Արամ Սարգսյանից պարզել, թե ՀՀ կառավարությունից առաջարկ ստացե՞լ է, ինչ հարաբերություններ ունի Հայաստանի Հանրապետության նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: «Նման բան չկա, ես ընդամենը հանդիպել եմ իր հետ նրա համար, որ ներկայացնեմ կուսակցության առաջարկությունները՝ կապված այսօրվա հրատապ խնդիրների հետ, եւ դա ավանդաբար մենք անում ենք վարչապետների հետ: Հետո նայում ենք, թե արդյոք նրանք արձագանքեցին կամ կատարեցին, թե ոչ: Ընդամենը դրա համար, որեւէ այդպիսի խնդիր ես չունեմ եւ ոչ էլ դրել եմ իր առջեւ»: Մեր այն հարցին՝ եթե առաջարկ լինի, պատրա՞ստ եք ընդունելու, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ես ինչ կապ ունեմ կառավարության հետ, ով է դա տարածում, չգիտեմ»:




Լրահոս