«ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԹԱԼԱՆԻ» ՎԱՐԿԱՅԻՆ ՈՒՂԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության բանկային համակարգը հայաստանյան ֆինանսական շուկայի խոշորագույն մասնակիցն է, որին բաժին է ընկնում ֆինանսական համակարգի, այլ կերպ ասած` վարկային կազմակերպությունների, բանկերի եւ նմանատիպ այլ կառույցների ակտիվների ավելի քան 90 տոկոսը՝ 1 մլրդ դոլարից ավել 2014թ. դրությամբ:

Եւ մինչ մեր երկիրը տարիներ շարունակ գահավիժող տնտեսության ակտիվացման քայլեր է մշակում, հայաստանյան բանկերը ծաղկում են, բարգավաճում:
Բավական է նկատել, որ եթե ֆինանսատնտեսական վերջին ճգնաժամի արդյունքում ԱՄՆ-ում սնանկացան 279 բանկեր, Հայաստանում ոչ մի բանկ չտուժեց, ավելին՝ նրանց շահույթները զգալիորեն մեծացան:
Քաղաքացին, տարբեր մասնավոր եւ պետական կառույցներ հաճախ են հարաբերվում բանկերի հետ եւ բախվում բանկային զանազան աճպարարությունների: Դրանց արդյունքը մեծամասամբ մեկն է՝ բանկի գերշահույթի ապահովումը: Բանկը սովորաբար վերցնում է սպասվածից ավելի գրավ, քան պետք է գումար տա դրա դիմաց:
Ստորեւ անդրադառնանք այդ համակարգի առանցքային բանկերից մեկին՝ «ՎՏԲ»-ին, եւ նրա կողմից մատուցվող վարկային, այսպես կոչված, արտոնություններին:
Ըստ այդմ, հարկ է անդրադառնալ «ՎՏԲ» բանկի վարկային գծին, որը, ի տարբերություն մյուս բանկերի, ամենագրավիչն է` գոնե ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանում համարվում է խոշոր կառույց:
Նախ քաղաքացու կամ ընկերության հետ կնքվում է փոքր տառաչափով կազմված «ստանդարտ» մի պայմանագիր, որտեղ իրականում ողջ գործընթացը՝ գրավի ձեւակերպումից մինչեւ վարկի մայր գումարը մարելու կամ էլ տրված գումարը չվճարելու տարբերակները, չի մասնավորեցվում: Որոշ ժամանակ առաջ վերոհիշյալ բանկի «ներքին ընթացակարգի» շուրջ մեծ դժգոհություններ էին առաջացել: Ըստ քաղաքացիների՝ վարկի ժամկետի սպառվելուց հետո, երբ քաղաքացին ի վիճակի չի լինում մարելու վարկի մայր գումարը, յուրաքանչյուր օրվա համար գումարի 0,2%-ի չափով տույժ է կուտակվում: Քաղաքացին կարող է միամտություն ցուցաբերել ու մտածել, թե ճիշտ կլինի համաձայնելը, որ իր գրավադրված առարկան մնա բանկի հոգածության ներքո, եւ վերջինս վարվի դրա հետ՝ ըստ իր հայեցողության: Եթե քաղաքացին, այդուհանդերձ, անկարող է մարել վարկը, նա պետք է գնա բանկ եւ համապատասխան դիմում գրի, որի արդյունքում բանկը «հնարավորություն» կստանա վաճառելու գրավ դրված առարկան, նույնիսկ մի ողջ ձեռնարկություն՝ այն սնանկության հասցնելով:
Փաստորեն, երբ մարդն իր ունեցվածքը բանկում գրավ է դնում եւ վարկ ստանում, ընկնում է խառնափնթոր դրության մեջ: Բանկը յուրաքանչյուր պարագայում հաղթող է դուրս գալիս, իսկ քաղաքացին հարկադրված համակերպվում է դրության հետ ու «երդվում» այլեւս բանկերի հետ գործարքի մեջ չմտնել:

Խոսենք փաստերով
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիշյալ բանկը դատական վեճերի մեջ է գտնվում «Անիկսոն Բիզնես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ:
Այսպես՝ քաղաքացիական գործը, ըստ ՍՊ ընկերության հայցի, կայանում է հետեւյալում՝ բանկը ընկերությանը տրամադրել է ավելի շատ դոլարի վարկ այն դեպքում, երբ ընկերության գույքն արժեցել է դրանից 4 անգամ քիչ:
Ավելին՝ ընկերությունը լուծարման փուլում է գտնվում եւ այժմ պահանջում է, որ գրավադրման փուլը դադարեցվի, ասել է, թե դադարեցվեն սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկաներ հանդիսացող գույքերի գրավի պայմանագրերը:
Առաջին ատյանում «Ամիկսոն Բիզնես» ընկերությունը հաղթել է դատարանում, եւ «ՎՏԲ-Հայաստան» բանկը դիմել է վերաքննիչ քաղաքացիական դատարան:
Երեկ այս գործով դատական նիստն էր՝ դատավոր Աստղիկ Խառատյանի նախագահությամբ: Նիստին բանկի ներկայացուցիչը չէր մասնակցում: Դատական ակտը կհրապարակվի դեկտեմբերի 15-ին:
Նիստի ավարտին ընկերության ներկայացուցիչ Բախշյանը «Ժողովուրդ»-ին կարճ պարզաբանեց, որ բանկը, կարելի է ասել, ռիսկի է դիմել՝ գրավի արժեքից 4 անգամ շատ գումար տրամադրելով` մոտ 14 միլիոն դոլար՝ ավելի քան 4 միլիոն վեց հարյուր յոթանասուն հազար դոլար արժեցած գրավի դիմաց: Եվ այսօր ահա այս վիճակն է: Ի դեպ, ավելի քան 2 միլիոն դոլար ավելի ուշ առաջացել է ժամկետանց պարտավորությունների հետեւանքով: Ընդ որում, մինչ օրս կետանցը շարունակվում է:
Թե ինչպես, ինչ խոստման կամ զանգի արդյունքում է բանկը համաձայնել քիչ գրավ վերցնել ու ավելի քան 3 անգամ շատ գումար տալ, թերեւս այդպես էլ անհասկանալի կմնա: Համենայնդեպս, պետք է արձանագրենք, որ շարքային քաղաքացու դեպքում այսպիսի բան չի կարող պատահել. անգամ 200 հազար դրամանոց ապառիկ ձեւակերպելու համար են «ունեցած-չունեցածը» գրավադրում:
«Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ բանկից: Մեր գրավոր հարցմանը երեկ ողջ օրն այդպես էլ չպատասխանեցին:
Շարունակելով ներկայացնել ընկերության եւ բանկի միջեւ առաջացած դատական վեճը՝ նշենք, որ այս գործով որպես երրորդ կողմ է անցնում սնանկ ճանաչված, Օշական գյուղում գտնվող «Աշտարակ գինիներ» փակ բաժնետիրական ընկերությունը:
Վերջինիս անունը կապվում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, մեկ տարի առաջ սնանկացած «Գրեյթ վելլի քամփընի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանի հետ: «Ժողովուրդ»-ը բազմիցս անդրադարձել է «Գրեյթ վելլի քամփընի»-ի սնանկացման գործընթացին: Հիշեցնենք՝ «Գրեյթ վելլիին» սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել «Հայբիզնեսբանկը»:
Իհարկե, հայտնի փաստ է, որ պատգամավորը միայն Հայաստանում չէ, որ բիզնեսներ ունի: Ֆրանսիայի Կոնյակ քաղաքում գործարան է գնել վերջին տարիներին:
Նկատենք, որ մի հոդվածում հիշատակեցինք միանգամից երեք ընկերությունների սնանկացման մասին, եւ բոլոր դեպքերում սնանկացման պահանջ ներկայացրել են բանկերը:
Իսկ ՀՀ պատմության բոլոր ժամանակներում բոլոր կառավարությունները երդում են տվել զարկ տալ փոքր եւ միջին բիզնեսի ծաղկմանը: Ահա թե ինչպես են զարկ տալիս… սնանկացմանը:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 
ՀԵՏԱՔՆՆՈՒՄ Է ՄԻՋԱԴԵՊԸ
Ինչպես հայտնի է՝ դեկտեմբերի 7-ին «Հրապարակ» թերթի լրագրող Վահե Մակարյանը հայտնել էր, որ խորհրդարանում ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հայհոյել ու հարվածել է իր աչքին:
«Ժողովուրդ»-ը պատգամավորի վարքի, ԱԺ էթիկայի հանձնաժողովի կողմից սպասվելիք գործողությունների մասին զրուցեց հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանի հետ:
-Պարո՛ն Ավետիսյան, տեղյա՞կ եք տեղի ունեցած միջադեպից, ի՞նչ եք պատրաստվում անել:
-Որպես էթիկայի հանձնաժողովի անդամ՝ նման դեպքերում մենք ընթացք ենք տվել, երբ եղել է կոնկրետ դիմում: Հանձնաժողովը կոնկրետ դիմումը քննարկել է եւ որոշել է ընդունել վարույթ, եւ հանձնաժողովի անդամներից մեկը կոնկրետ զբաղվել է գործով: Այսինքն՝ այս մեկ տարվա ընթացքում ես, լինելով հանձնաժողովի անդամ, չեմ տեսել, որ մենք ինքներս նախաձեռնենք ինչ-որ երեւույթի հետ կապված քննարկում: Միշտ դիմում եղել է, եւ դիմումի արդյունքում վարույթ է ընդունվել:
-Այսինքն՝ սպասում եք դիմումի՞ն:
-Կարգը այդպես է:
-Փաստը կա, լրագրողի վնասված աչքն է:
-Աչքը ես չեմ տեսել, հրապարակման մեջ տեսել եմ: Կներեք, էլի, հիմա մենք իրավապահ մարմին չենք, որ հասկանանք՝ աչքին եթե ինչ-որ բան է եղել, դա եղել է հարվածի արդյունքում, թե այլ բանի արդյունքում: Գիտեք, մենք այստեղ մտնում ենք մի դաշտ, որտեղ խճճվելու ենք եւ չենք կարողանալու դուրս գալ: Եթե լրագրողը հայտարարել է, ուրեմն նա պետք է գնա, կարգ կա, համապատասխան մարմինների դիմի: Մենք կքննարկենք, իսկ մյուս կողմից խոսում ենք իրավապահ հետեւանքների մասին, որտեղ էթիկայի հանձնաժողովը կապ չունի:
Հ.Գ. 1.Երեկվա դրությամբ դեռեւս էթիկայի հանձնաժողով դիմում չկար, սակայն, անշուշտ, կլինի: Բայց ՀՀ գլխավոր դատախազության ցուցումով՝ ոստիկանությունը լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների հիման վրա արդեն հետաքննություն է սկսել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ասել է, թե 10 օրվա ընթացքում հայտնի կլինի՝ իրավապահները կհարուցե՞ն քրեական գործ, թե՞ կատարվածը կթողնեն անհետեւանք: Հուսանք՝ առաջինը կլինի:
Հ.Գ. 2. Լրագրողական 9 կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որով դատապարտել են նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի եւ «Հրապարակ» թերթի լրագրող Վահե Մակարյանի միջեւ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի եղբայրը՝ Թաթուլ Մանուկյանը, դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է Թ. Մանուկյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը՝ նշելով, որ դատաքննությունն ընթացել է արագացված կարգով: Հիշեցնենք, որ Թ. Մանուկյանի գործն առանձնացվել էր Ժիրայր Սէֆիլյանի դեմ հարուցված քրեական գործից եւ քննվում էր առանձին վարույթում: Նա անազատության մեջ էր գտնվում հունիսի 1-ից: Թ. Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով` ապօրինի կերպով ռազմամթերք՝ փամփուշտներ, ձեռք բերելը, պահելը կամ փոխադրելը:

 

 
ՎԱԽ ԳԱԻ, ԳԱԻ
Երեկ Ազգային ժողովում տեղի է ունեցել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումը, որի ժամանակ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը հայտնել է, որ նախագծով Հայաստանում ճանապարհային ոստիկանություն հասկացությունը կվերանա, կստեղծվեն քրեական ոստիկանության եւ հասարակական անվտանգության ոստիկանության բլոկներ: «Եթե շատ կոպիտ ասեմ` սա շերիֆական ինստիտուտի ներդրում է, բայց հայկական տարբերակով: Սա դեռ կայացման փուլում է, արդեն կայանում է, բայց ունենք անելիքներ: Ինչպես նաեւ փոփոխություններ են արվում անձնագրային եւ վիզաների վարչությունում: Ճանապարհային ոստիկանությունում էլ մենք մի շատ լուրջ մտահղացում ունենք, խոսքը պարեկային ծառայությանն անցնելուն է: Այսինքն՝ ընդհանրապես ճանապարհային ոստիկանություն հասկացությունը, ըստ երեւույթին, կվերանա, եւ կլինի պարեկային ծառայություն, որը կզբաղվի ե՛ւ ճանապարհային ոստիկանության աշխատանքով, ե՛ւ հասարակական կարգի ապահովմամբ»,- նշել է Եղիազարյանը:

 

 

500 ԿՐԱԿՈՑ ԵՎ ԶՈՀ
Դեկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը /շուրջ 40 անգամ/: Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի ավտոմատ զենքերից եւ դիպուկահար հրացաններից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց: Գիշերվա ընթացքում արձանագրվել է նաեւ արտակարգ միջադեպ: Դեկտեմբերի 8-ին` ժամը 02.45-ի սահմաններում, հյուսիսարեւելյան /Մարտակերտ/ ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1996թ. ծնված Ալբերտ Հակոբի Պոստոլոկյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:




Լրահոս