ՍՊԱՌՆԱԼ` ՈՉ, ԲԱՅՑ ՀԱՄՈԶԵԼ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1948թ.-ի այս օրը` դեկտեմբերի 10-ին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Իսկ արդեն 1950թ.-ին գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ եւ կազմակերպություններ, այսօր արդեն ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր:

«Ժողովուրդ»-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ զրուցել է այս առիթով` հասկանալու, թե որքանով են Հայաստանում պաշտպանված մարդու իրավունքները:
-Պարո՛ն Թաթոյան, որպես Մարդու իրավունքի պաշտպան, Ձեր իրավունքները պետական համակարգում պաշտպանվա՞ծ են:
-Ես այդպիսի խնդիր չունեմ: Մարդու իրավունքների հարցը, կարծում եմ, պետք է այլ տեսանկյունից նայել: Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը պետական լրջագույն մարմիններից, սահմանադրական ինստիտուտներից է, եւ, բնականաբար, համապատասխան լիազորություններով: Բարդություններ, իհարկե, լինում են աշխատանքի ընթացքում:
-Ինչպիսի՞:
-Նախ եւ առաջ բարդություններն առաջանում են ռեսուրսների պակասից եւ անվաբարարությունից: Խնդիրը նաեւ այն է, որ երկրում իրավունքների ոտնահարման եւ ընդհանրապես վիճակի հետ կապված կան բազմաթիվ մարտահրավերներ: Բայց մեկ ինստիտուտի եւ սահմանափակ հնավարությունների միջոցով դժվար է լինում արձագանքել: Ամեն դեպքում կատարվում է շատ քրտնաջան աշխատանք, եւ, բնականաբար, այդ աշխատանքն ուղղված է վիճակը բարելավելուն: Եվ նաեւ Ձեզ ասեմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի մասին նոր օրենքի նախագիծը գտնվում է խորհրդարանում, եւ նոր օրենքի նախագծի ընդունումը, ես համոզված եմ, որ ավելի կնպաստի դրան:
-Երբ Դուք գնում եք քաղաքացիների ահազանգերի հետքերով, դիմում եք այս կամ այն գերատեսչությունների, ի՞նչ խոչընդոտների եք հանդիպում: Օրինակ՝ փորձո՞ւմ են Ձեզ համոզել կամ սպառնալ՝ չխառնվել խնդրին:
-Սպառնալ՝ ոչ, իհարկե, դա օրենքով արգելված է: Կան համապատասխան պատասխանատվության միջոցներ: Բայց համոզել փորձում են: Այսպես ասեմ, փորձում են փաստ ներկայացնել, որ հայտնաբերված խնդիրը իրականությանը չի համապատասխանում: Որոշ դեպքերում դա նաեւ հասկանալի է, այդ մարմինը փորձում է իր դիրքորոշումը հիմնավորել, բայց դեպքեր կան, որ ակնհայտ տեսնում ես, որ անիմաստ են նման փաստարկները, որովհետեւ խնդիրը հայտնաբերված է, ու վերջ, որի հիման վրա մենք խախտման որոշում ենք կայացնում: Ուզում եմ հատկապես ընդգծել քաղաքացիական հասարակության հետ աշխատանքը: Օրինակ` ՔՀԿ այցերը, համագործակցված ենք աշխատում այս առումով:
-Կարո՞ղ եք ամփոփ ասել, թե ո՞ր գերատեսչություններից են ամենաշատ բողոքները ներկայացնում: Առաջին երեք ոլորտները:
-1-ինը՝ ոստիկանությունն է, 2-րդը` ՔԿՀ-ները, 3-րդը՝ դատարանները:
-Սարի թաղի դեպքերից հետո մարդիկ դժգոհում են` ասելով, որ մենակ են մնացել: Իրենք իրենց կենցաղային հարցերը լուծելու համար այդ օրը ոստիկանության հետ բախվեցին, որի արդյունքում բանտարկվել են: Դուք այս առիթով հանդիպե՞լ եք Վլադիմիր Գասպարյանի հետ: Զրուցե՞լ եք այդ հարցի շուրջ:
-Յուրաքանչյուր բողոքի հետ կապված, բնականաբար, տեղի են ունենում նաեւ առանձին քննարկումներ: Ընդհանրապես այդ իրադարձությունների հետ կապված քննարկումներ լինում են ոստիկանության ղեկավարության հետ, գլխավոր դատախազության ղեկավարների հետ: Դա ինձ մոտ պրակտիկա է, երբ այդ հարցերով պարտադիր լինում են քննարկումներ, եւ մեր հարցերը, պահանջները նույնպես ներկայացնում ենք, լսում ենք նաեւ իրենց փաստարկները:
Ինչ վերաբերում է Սարի թաղի դեպքերին, ես ուզում եմ ասել, որ այդ բոլոր հարցերով անմիջականորեն զբաղվել ենք, եւ հենց այդ գիշեր ես Սարի թաղում էի՝ իմ աշխատակազմով, այնտեղ էինք, որպեսզի հասկանայինք վիճակը, իսկ հետո արդեն հիվանդանոցում ենք եղել: Իսկ ինչ վերաբերում է կալանավորվածներին եւ գործի քննությանը, ապա ասեմ, որ մարդու իրավունքների պաշտպանը չունի լիազորություններ, միջամտության հարցում, բայց երբ լինում են բողոքներ, հնարավորության դեպքում գրությամբ բացատրում ենք այդ հարցը:
-Այնպիսի տպավորություն է, որ մարդու իրավունքների խախտում միայն ոստիկանությունում կամ ՔԿՀ-ներում է լինում: Բայց վերջերս կոնկրետ քաղաքացիներ բողոքում են, օրինակ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարից` ասելով, որ հաշմանդամություն ունեցող անձանց սայլակներ տրամադրելու համար նախապես գումար են ուզում՝ 10.000 դրամ, կամ որեւէ ընտանիքին նպաստ տրամադրելու համար առաջին երեք ամսվա գումարն են պահանջում եւ այլն: Դրանք մարդու իրավունքների խախտումներ չե՞ն:
-Հաշմանդամություն ունեցող քաղաքացիների իրավուքների ապահովման հարցում հատկապես պետք է զգույշ եւ հետեւողական լինել: Մենք բոլորս պետք է այնպես անենք, որ հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր անձ իրեն զգա մեր հասարակության լիարժեք անդամը՝ առանց որեւէ խտրականության: Այս ուղղությունն ինձ համար կարեւորագույն նշանակությունն ունի:
Օրինակ՝ վերջերս մի քննարկում եղավ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ: Խնդիր էր դրված օրենսդրական ակտով կարգավորել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն այնպես, որ դրանք պրակտիկ, ռեալ կիրառություն ստանան, այդ թվում նաեւ Ձեր նշած դեպքերը: Այո՛, մենք նաեւ նման բողոքներ ենք ստանում: Սրանք այնպիսի խնդիրներ են, որ ես կարծում եմ՝ պետք է լինել շատ խիստ եւ հետեւողական: Նախարարությունը կամ այլ իրավասու մարմին նման հարցում պետք է անզիջում լինի: Անթույլատրելի է, եթե նման դեպք կա, իսկ նման դեպքեր լինում են: Մեր աշխատանքում շատ կարեւոր է երկխոսությունը պետական մարմինների եւ հասարակության հետ:

 

 

 
ՀԾԿՀ-Ի ՄԻԼԻՈՆԱՏԵՐԵՐԸ ՈՐՈՇԵՑԻՆ ԹԱՆԿԱՑՆԵԼ ՋՈՒՐԸ

ՀՀ հատուկ ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ որոշում կայացրեց 2017 թվականի հունվարի 1-ից հանրապետության ողջ տարածքում սահմանել խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման նոր միասնական սակագներ` 180 դրամ՝ յուրաքանչյուր խոր. մետրի համար։ Ըստ այդմ, Երեւանում եւ ՀՀ այլ համայնքներում ջրի սակագինը բարձրանալու է:

Ջրի սակագնի բարձրացման ֆոնին հատուկ ուշադրության են արժանանում ՀԾԿՀ-ի անդամների՝ պաշտոնապես հայտարարագրած գույքն ու եկամուտները:
ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի ներկայացրած 2015 թվականի հայտարարագրից տեղեկանում ենք, որ միայն դրամական միջոցները, ասել է, թե «հետ գցած» գումարը, կազմել է 9 մլն դրամ, իսկ եկամտի չափը` ավելի քան 10 մլն դրամ:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Շիրազ Կիրակոսյանը եւս պատկառելի ունեցվածքի տեր է: Այս պաշտոնյայի դրամական միջոցները կազմում են 6 միլիոն 500 հազար դրամ եւ 15 հազար դոլար: Եկամտի չափը ավելի քան 12 միլիոն է:
2015թ. դեկտեմբերից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ է նաեւ Արմեն Բաղդասարյանը: Վերջինիս պաշտոնը ստանձնելիս ներկայացրած հայտարարագրից պարզվում է, որ այս պաշտոնյային հաջողվել է հետ գցել ընդամենը 22 հազար դոլար եւ 860 հազար դրամ: Բաղդասարյանի եկամուտը 2015-ին ընդհանուր կազմել է ավելի քան 8 մլն դրամ:
ՀԾԿՀ-ի հնաբնակներից է Մուշեղ Կոշեցյանը: Նա 2005 թվականից հանձնաժողովի անդամ է: Անշարժ եւ շարժական գույքերից բացի՝ այս պաշտոնյան հայտարարագրել է 25 հազար դոլար դրամական միջոց, իսկ եկամտի չափը կազմել է ավելի քան 3 մլն դրամ:
2014 թ. հունիսի 10-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀԾԿՀ-ի անդամ նշանակված Արթուր Վարդանյանի՝ 2015 թ.-ի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրան հաջողվել է հետ գցել 38 հազար դոլար: Այս պաշտոնյայի եկամտի չափը ընդհանուր առմամբ կազմել է ավելի քան 9 մլն դրամ:
Ահա այսպիսի միլիոնատեր պաշտոնյաներն են որոշում՝ բարձրացնել, թե նվազեցնել սակագները, եւ բնական է, որ նրանց համար ինչ-որ մի 8 դրամի նվազեցումը կամ բարձրացումը էական չէ: Ի վերջո, դա ընդամենը «կաթիլ» է նրանց ունեցվածքի ծովում: Իսկ ահա շարքային քաղաքացիների համար ջրի ամեն կաթիլի թանկացումը զգալի կլինի:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
ԳՆԱՃՆ ԱՐԴԵՆ ՍԿՍՎԵԼ Է
Նախօրեին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին առաջարկեց՝ հաշվի առնելով ամանորյա տոները՝ առավել ուշադիր լինել առեւտրային շուկայում ապրանքների գների արհեստական բարձրացման, հակամրցակցային գործողությունների կանխարգելման հարցում: «Միջամտում եք միայն այն դեպքում, երբ հասկանում եք, որ դա արհեստական է, գերիշխող է, որպեսզի բեռ չդառնա բիզնեսի համար»,-ընդգծեց վարչապետը: Բիզնեսի համար բեռ չէ, բայց հասարակության համար ամանորյա թանկացումները մշտապես բեռ են դառնում: Այս տարին էլ կարծես թե բացառություն չէ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` մրգի ապրանքախմբում 2016թ. նոյեմբերին, 2015թ. նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 17.7%, իսկ 2016թ. հոկտեմբերի համեմատ` 2.1% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2016թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, մրգի գներն աճել են 0.6-12.3%-ով, այդ թվում գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Աշտարակում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 0.9%-ով:

 

 

ԿՄԱՍՆԱԿՑԻ
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2017-ի խորհրդարանական ընտրություններում՝ որպես ռեյտինգային թեկնածու: «Ժողովուրդ»-ն այս հարցի առնչությամբ հստակ պատասխան ստանալու համար զրուցեց Ա. Սահակյանի հետ, որն ասաց. «Աջափնյակի ՀՀԿ տարածքային կառույցի խորհրդի ղեկավար եմ եւ կառաջադրվեմ, եթե այդպիսի քաղաքական որոշում լինի: Իսկ նման որոշում պետք է կայացնի կուսակցությունը, եթե կուսակցությունը կկայացնի, ուրեմն ռեյտինգային ընտրացուցակով կմասնակցեմ, եթե չի կայացնի, կլինեմ կազմակերպչական աշխատանքների մեջ»: Մեր այն հարցին, թե ինքը ցանկություն ունի՞ մասնակցելու, Սահակյանը պատասխանեց. «Եթե երկրի զարգացմանը պետք է, կուսակցությանը պետք է դա, ուրեմն կմասնակցեմ, եթե կուսակցությունը որոշի»:

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ
Ամանորին ընդառաջ թանկացումները շարունակվում են: Հանրությունը հույս ուներ, որ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հայտարարությունը, թե գալիք 2017թ. կենսաթոշակների եւ աշխատավարձերի բարձրացում չի լինի, գոնե առաջին անհրաժեշտության ապրանքները չեն թանկանա, սակայն ստիպված են հերթական հիասթափությունն ապրել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից տեղեկացավ, որ թանկացում է գրանցվել միրգ-բանջարեղենի շուկայում: Թանկացել են կարտոֆիլը, գլուխ եւ կանաչ սոխը, սխտորը՝ մոտ 9 տոկոս, իսկ կանաչեղենը` ավելի քան 23 տոկոս: Մրգի ապրանքախմբում 2016թ. նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, արձանագրվել է 17.7 տոկոս գնաճ, մասնավորապես տանձի՝ 8.8, դեղձի՝ 18.2, խնձորի՝ 20.9, խաղողի՝ 36.1 տոկոս գնաճ:




Լրահոս