ՕԴԱՉՈՒԻՆ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացավ, որ վերջին երկու օրերի ընթացքում՝ դեկտեմբերի 12-13-ը, արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու տասը դեպքից բացահայտվել է ութը: Երկուսի ուղղությամբ դեռ աշխատանքներ են տարվում:

Դանակահարել է հյուրանոցում

«Ժողովուրդ» օրաթերթին վերջին օրերին տեղի ունեցած դեպքերից մեկի մասին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ դեկտեմբերի 12-ին Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում դանակահարություն է տեղի ունեցել: Հյուրանոցային համալիրներից մեկում վիճաբանությունն ավարտվել է տղամարդու դանակահարությամբ: Իսկ դանակահարողը, մեր տեղեկություններով, երիտասարդ աղջիկ է եղել:
Տեղեկացանք, որ վիճաբանությունը ծագել է անձնական հարցերի շուրջ քննարկումից, ինչի ընթացքում 21-ամյա աղջիկը զայրացել է եւ վերցնելով իր մոտ գտնվող խոհանոցային դանակը՝ հարվածել ընկերոջը: Մեզ հայտնի դարձավ, որ դեպքից հետո երիտասարդ աղջիկը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:
«Ժողովուրդ» օրաթերթը նախնական տեղեկություններ ստացավ այն մասին, որ տուժողը Երվանդ Չիլինգարյանն է, ով հայտնի օդաչու է: Հյուրանոցի աշխատակիցը տեղեկացրեց, որ իրենք հասցրել են կարճ ժամանակում առաջին բուժօգնություն ցուցաբերել տուժած տղամարդուն, ապա նրանից իր հարազատների հեռախոսահամարն են խնդրել` կապ հաստատելու համար, վիրավորի ընկերն էլ նրան բժշկական կենտրոն է տեղափոխել: Հյուրանոցի աշխատակցի փոխանցմամբ՝ իրենք են վնասազերծել երիտասարդ աղջկան` նրանից դանակը վերցնելով:
Աշխատակիցները, նախքան դեպքը, աղմուկ չեն լսել, որեւէ արտառոց բան չեն նկատել: Թե ինչն է հարուցել երիտասարդ աղջկա զայրույթը, դժվար է ասել:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նշված դեպքով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Դանակահարության երկրորդ դրվագը

Երեկ՝ ուշ երեկոյան, «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ ստացավ այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արտակարգ վիճաբանություն է եղել: Մեր աղբյուրների փոխանցմամբ` ՔԿՀ 22 խցի երկու դատապարտյալ, ըստ նախնական տվյալների, դանակահարել են իրար: Երկուսի վիճակն էլ երեկ ծանր էր: Թե ինչն է եղել պատճառը, դեռեւս պարզել չհաջողվեց:
Երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում վաղ առավոտից տեսակցությունները եւս սահմանափակ են եղել: Շատերին, այդ թվում միջադեպի մասնակից դատապարտյալներին, ընդհանրապես արգելել են որեւէ մեկի հետ խոսել: Ըստ երեւույթին, ՔԿՀ-ում լարված մթնոլորտը վաղ առավոտից է տիրել, եւ օրն ավարտվել է դանակահարությամբ:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ շտապ կանչով ՔԿՀ են ժամանել ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցները, որոնք կալանավայրերի նկատմամբ վերահսկողական գործառույթ ունեն, եւ իրավապահ այլ մարմինների ներկայացուցիչներ: Նրանք տեղում քննչական աշխատանքներ են իրականացրել:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից ի պատասխան մեր հարցի` ինչ է տեղի ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, ասացին. «Այո, հաստատում ենք, որ եղել է միջխցային միջադեպ։ Նյութեր են նախապատրաստվում։ Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»:
Հիշեցնենք` վերջին օրերին ՀՀ տարբեր քրեակատարողական հիմնարկներում աղմկահարույց դեպքեր են բացահայտվում: Նախ քրեական գործեր հարուցվեցին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում մարմնավաճառներ մատակարարելու գործով: Կալանավորվեցին քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանը եւ պատասխանատու հերթապահ, արդարադատության փոխգնդապետ Խաչիկ Խաչատրյանը: Ապա հայտնի դարձավ, որ «Արթիկ» ՔԿՀ-ում Հովհաննես անունով դատապարտյալն է ինքնավնասում արել, մի քանի այլ դատապարտյալներ ծեծկռտուքի մեջ են հայտնվել եւ այլն:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
ԴԱՏԱՎՈՐԸ ՓԱԽԵ՞Լ Է
Օրեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ՝ 2014 թվականին կատարված աղմկալի սպանության գործով հերթական դատական նիստը անցել է բավականին լարված: Արդեն գրել ենք, որ 2014թ. սեպտեմբերի 20-ին, ժամը 18:30-ին, 1995թ. ծնված Մանուկ Սարգսյանը, վարելով BMW մակնիշի ավտոմեքենա, Վարդենիս-Երեւան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում հանդիպել է դիմացից երթեւեկող Վազ-21/150 մակնիշի մեքենային, որի մեջ են եղել 38 տարեկան Մարտին Հակոբյանը, 27 տարեկան Զոհրաբ Կարապետյանը եւ 27 տարեկան Հրանտ Շաբոյանը: Ճանապարհը չզիջելու պատճառով սկսված վիճաբանությունն ավարտվել է Հրավարդ Սարգսյանին (Գագիկ) եւ նրա որդուն՝ Մանուկ Սարգսյանին, դաժան ծեծի ենթարկելով:
Դեպքից հետո Գագիկը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ մի քանի օր անց մահացել է: Այս աղմկահարույց գործով դատական նիստերը արդեն 1,5 տարի է, ինչ շարունակվում են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, կատարվածի համար մեղադրյալի աթոռին են հայտնվել Վարդենիս քաղաքի բնակիչներ Մարտին Հակոբյանը, Հրանտ Շաբոյանը եւ Զոհրաբ Կարապետյանը: Թե ինչ որոշում կկայացնի դատավորը վերջիններիս առաջադրված մեղադրանքի շրջանակներում, դժվար է ասել, սակայն նկատենք, որ գործով դատական նիստերը անցնում են բավականին լարված մթնոլորտում:
Մասնավորապես օրերս գործով հերթական դատական նիստի ժամանակ դատարանում ցուցմունք է տվել ամբաստանյալ Զոհրաբ Կարապետյանը, եւ վերջինիս ինչ-որ բան տուժողների տված ցուցմունքում դուր չի եկել: Խոսքն այն մասին է, որ տուժողները նշել են, թե նրա ձեռքում երկաթյա ձող են տեսել, մինչդեռ վերջինս ասել է, թե նման բան չկա: Ի վերջո, դատարանի դահլիճում նստած տուժողի հարազատ եղբայրը պնդել է, որ այդ ձողը եղել է, ինչն էլ դուր չի եկել ամբաստանյալ Կարապետյանին, որը սկսել է բղավել, իսկ ավելի ուշ դատարանի խոսափողը շպրտել է դահլիճում նստած տուժողների հարազատների ուղղությամբ: Մահացած Գագիկ Սարգսյանի հարազատներից տեղեկացանք, որ դատական նիստը վերածվել է խառնաշփոթի, իսկ գործը նախագահող դատավոր Մնացական Հարությունյանը ներկաներին հանգստացնելու եւ դատական նիստը շարունակելու փոխարեն՝ պարզապես փախել է դահլիճից:
Նշենք, որ այդ գործով այսօր հերթական դատական նիստն է, եւ տուժողի հարազատները խիստ մտահոգություն ունեին՝ արդյոք դատավոր Մնացական Հարությունյանը կարող է կառավարել դատարանի նիստերի դահլիճում առկա «բեսպրիդելը»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԻՆՔՆԱԶԲԱՂՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱԺ արտահերթ նիստում երեկ քննարկվել է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծի հիմնական զեկուցող, ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանի ներկայացմամբ՝ նախագծով առաջարկվում է ինքնազբաղված անձանց ՀՀ-ում ազատել հարկերից. «Որպես ինքնազբաղված անձինք՝ օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել այն անձանց, ովքեր ունեն տարեկան մինչեւ 9 միլիոն դրամի շրջանառություն, չունեն վարձու աշխատողներ։ Թվով 23 գործունեության տեսակների մասին է խոսքը։ Այս առաջարկության ներկայացումն ուղղակիորեն բխում է ՀՀ կառավարության գործունեության ծրագրից եւ նպատակ ունի խրախուսել ինքնազբաղված անձանց կողմից իրականացվող գործունեությունը»։

 

 

7 ՄԼՆ՝ ԵՄ-ԻՑ
Հայաստանում եվրոպական պատվիրակությունը 7 միլիոն եվրո է տրամադրում Հայաստանի մարզերում զարգացման ծրագրերի իրականացման համար։ Երեկ ծրագրի շրջանակում ստորագրվել են դրամաշնորհային 7 պայմանագրեր. ծրագրերը կիրականացվեն Շիրակի, Լոռու, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի եւ Վայոց ձորի մարզերում՝ հիմնականում հասարակական կազմակերպությունների եւ հիմնադրամների կողմից: Միակ տեղական ինքնակառավարման մարմինը, որ դրամաշնորհ է շահել, Կապանի քաղաքապետարանն է։

 

 

ՀԵՌՈՒՆ ԳՆԱՑՈՂ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջիկայում հնարավոր է՝ հանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:
Անդրադառնալով Համբուրգում կայացած հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությանը` Ռուսաստանցի դիվանագետը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նախարարական հայտարարությունը բովանդակալից է, հեռուն գնացող եւ դրանում արտացոլված են բանակցային գործընթացի հիմնարար սկզբունքները:




Լրահոս