ԻՆՉՈՒ Է ՀԻՄԱ ՔՐԵԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ՀԱՐՍՏԱՑՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ կառավարությունը Ազգային ժողովի արտահերթ քննարկմանը ներկայացրեց ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագիծը: Նախագծով 5 մլն դրամից ավելի ունեցվածքի ավելացման դեպքում, երբ դրանք չեն համապատասխանում օրինական եկամուտներին, նախատեսվում է ազատազրկում, պաշտոնից զրկում: Օրինագծի քննարկումը, կարելի է ասել, բացառիկ էր գոնե այն առումով, որ ելույթ ունեցող պատգամավորների ճնշող մեծամասնությունը կողմ էր դրան:
Սակայն խնդիրն այլ հարթության վրա եւս պետք է դիտարկել: Ինչո՞ւ հիմա, եթե նախագծի շուրջ քննարկումներ եղել են դեռեւս ավելի քան մեկ ու կես տարի առաջ: Այն ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եվրոպական բոլոր պատվիրակությունների հետ հանդիպումների ժամանակ քննարկում էր այդ թեման եւ արդարադատության նախարարին հանձնարարականներ էր տվել: «ժողովուրդ» օրաթերթը օրինագծի համահեղինակ, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանից փորձեց ստանալ այս հարցի պատասխանը. «Ներկայացվել է այն պահին, երբ իրականում այդ ուղղությամբ աշխատանքները նախագծին տվել են վերջնական տեսք, փորձառություն: Նախագիծը չի ներկայացվում որպես քաղաքական դիվիդենտ հավաքելու գործիք: Այն ներկայացվում է քաղաքական փոփոխությունների մեջ: Շատ կարեւոր է ոչ միայն, թե երբ ես անում քայլը, այլեւ ինչպես ես անում: Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, նախագծի ձեւակերպումների վրա աշխատանք… Միայն երեք ամիս ներգերատեսչական քննարկումներ են եղել: Հետո բերվեց ամփոփումը եւս մի երեք ամիս, հետո գնաց կառավարություն, երկու ամիս է՝ այստեղ է: Շատ բնական է եղել, ես այստեղ ինչ-որ հատուկ բան չեմ տեսնում»,- պարզաբանեց նախարարը:
Հարցին, թե օրինագիծն անցնելու դեպքում ինչո՞ւ է 2017-ի հունիսից ուժի մեջ մտնելու, արդյո՞ք ապօրինի հարստացողներին եւս մեկ շանս է տրվում այդ ժամանակահատվածում, նախարարը մեկնաբանեց, թե օրենքը սպասարկող օրենքներ ու կառույցներ պետք է դեռ ստեղծեն, ինչպես, օրինակ, հայտարարագրերն ուսումնասիրող մարմին, աշխատանքային խումբ, իսկ դրա համար ժամանակ է պահանջվում:
Ի դեպ, մտահոգություններ կան, որ օրինագիծը Հայաստանում Եվրոպական միության կողմից պահանջ-առաջարկով է առաջ քաշվել, ինչի դիմաց, բնականաբար, դրամաշնորհ է տրվել: Սակայն ԱՆ Ա. Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթին հավաստիացրեց. «ԵՄ հայաստանյան ներկայացուցչությունը սրա հետ ոչ մի կապ չունի: Սրա հետ կապված ոչ մի գրանտ չի եղել»:

 

 
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ այլ ֆորմատով քաղաքական դաշտ մտնելը տարատեսակ քննարկումների տեղիք է տվել: Նա հանդես կգա ընդդիմադիր կեցվածքով. կներգրավվի՞ ՀՀ ազգային ժողովում նախագահի նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի՝ «Երրորոդ հանրապետություն» կուսակցության շարքերում, թե՞ սեփական կուսակցությունը կստեղծի, դեռեւս հստակեցված չէ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 8-11-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած Սերժ Սարգսյանի հետ Ստեփանակերտում բավականին ծավալուն քննարկումներ են եղել նախկին նախարարին Հայաստանի հանրապետական կուսակցությունում տեսնելու հեռանկարի մասին, ու չի բացառվում, որ այդ հարցը բարձրացրած լինի հենց Զորի Բալայանը: Հայտնի ճշմարտություն է, որ նա համարվում է Սերժ Սարգսյանի եւ Սեյրան Օհանյանի մտերիմը: Իսկ թե ինչ որոշում կկայացնեն Սարգսյանը եւ Օհանյանը, առայժմ հայտնի չէ, սակայն նախնական վարկած կա, որ Օհանյանին կջանան տեղավորել Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում՝ ընդհուպ մինչեւ առաջին եռյակում:

 

 

 
Կոտայքի նախկին մարզպետ, վարչապետի նախկին խորհրդական Կովալենկո Շահգալդյանի հարկահավաք փեսայի՝ Հրանտ Կարապետյանի անվան շուրջ հերթական աղմուկն է հասունանում: Երեք-չորս օր առաջ Հրանտ Կարապետյանը Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի պետի պաշտոնից ազատվել եւ նույն պաշտոնով Գավառ է տեղափոխվել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցներում Գավառի հարկայինի բաժնի որոշ աշխատակիցներ նշեցին, որ հնարավորություն չեն ունեցել նրան տեսնելու, սակայն բաժնում արդեն իսկ խոսակցություններ են պտտվում, որ նոր պետը մարտական է տրամադրված եւ, ամենայն հավանականության, կադրային փոփոխություններ կլինեն: Հիշեցնենք` մոտ երկու ամիս առաջ Մաշտոցի հարկային տեսչությունում կաշառք վերցնելու պահին ձերբակալվել էր բաժնի ավագ տեսուչներից մեկը, եւ Կարապետյանի տեղափոխությունը կապվում է այդ միջադեպի հետ: Նա աշխատելու ընթացքում հասցրել է բավականին պատկառելի ունեցվածք դիզել: Նրա անվան հետ են կապվում «Վալան պրոֆ» ընկերությունը, «Այգ» անունով խմելու ջրի արտադրությունը, «Վասպուրական» ռեստորանային համալիրը, մի քանի բենզալցակայաններ եւ այլն:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պետական բյուջեի եկամուտները՝ հարկեր եւ տուրքերի գծով, այս տարվա արդյունքներով աննախադեպ ցածր են լինելու: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավարությունն արդեն իսկ տագնապի մեջ է, քանի որ հարկային մուտքերի ներկա դինամիկան հուշում է, որ հարկային մուտքերը սպասվածից ավելի ցածր կլինեն: Ինչպես հայտնի է՝ այս տարվա տասը ամիսների արդյունքներով՝ հարկեր եւ տուրքերի գծով պետական բյուջեի եկամուտները կազմել են 877 միլիարդ 670 միլիոն դրամ: Այդ գծով պետական բյուջեի տարվա պլանը կազմում է 1 տրիլիոն 162 միլիարդ 778 միլիոն դրամ: Այսինքն՝ պետական բյուջեն կատարելու համար անհրաժեշտ է, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների արդյունքներով հավաքագրված հարկեր եւ տուրքերը կազմեն 285 միլիարդ 108 միլիոն դրամ, ինչը անիրատեսական է: Սովորաբար այդ ամիսների հարկային մուտքերը լավագույն դեպքում 100 միլիարդ դրամի սահմաններում են կազմում: Ստացվում է, որ լավատեսական կանխատեսումներով թերակատարումը պետք է 85 միլիարդ դրամի սահմաններում լինի: Սակայն իրական արդյունքներն արդեն իսկ փաստում են, որ այն 100 միլիարդ դրամից ավել է լինելու:

 

 

 
ԱՆԱՂՈՒՀԱՑ
Հուլիսյան լարված օրերին, երբ «Սասնա ծռերի» բազմահազար աջակիցներն ու համակարգող խորհրդի անդամները օրեր շարունակ պահանջում էին ՊՊԾ գնդի ներսում առանց սնունդի մնացած զինված խմբի անդամներին ուտելիք հասցնել, երբ առհասարակ պայքարի ողջ օրակարգը բեւեռվել էր հենց այդ հարցի վրա, եւ իշխանությունների կողմից զիջման գնալու ցանկության բացակայության արդյունքում կրքերը գնալով թեժանում էին, ու հայտնի չէր, թե ինչ հանգուցալուծում կարող էր լինել, մի պարզ հայ մարդ՝ Արթուր Սարգսյան անուն, ազգանունով, իր անձնական մեքենայով ճեղքելով ոստիկանական պատնեշը եւ կյանքը վտանգելով՝ սնունդ հասցրեց զինյալներին: Այդ օրերին գուցե շատերը չգիտակցեցին, սակայն այդ քայլով Ա. Սարգսյանը էապես լիցքաթափեց պայթյունավտանգ իրավիճակը: Նրա այդ քայլը ողջունում էին բոլորը, անգամ «Սասնա ծռերի» գործողությունները դատապարտողները: Եվ երբ խումբը որոշեց վայր դնել զենքն ու հանձնվել, հայտնի տեսանյութում երեւում էր, թե ինչպես է խմբի անդամներից մեկը ակնհայտ ակնածանքով ասում՝ ահա մեզ հաց բերողը՝ նրան առանձնացնելով եւ իրենցից վեր դնելով: Այսօր այդ մարդը կանգնած է լուրջ առողջական խնդիրների առջեւ: Հինգ ամիս շարունակ ճաղերի հետեւում, զինված խմբի անդամների հետ գրեթե նույնական հոդվածներով մեղադրվող հաց բերողի առողջական վիճակը ծանր է: Նախօրեին նրա մոտ սկսվել է ստամոքսի արյունահոսում, ինչի կապակցությամբ նա ընդամենը մի քանի ժամով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, ապա վերադարձվել բանտ: Ազատամարտիկ Արթուր Սարգսյանը նաեւ տեղաշարժման հետ կապված լուրջ խնդիրներ ունի, իսկ բանտային կյանքի արդյունքում նաեւ կերակրափողի հիվանդություն է ձեռք բերել: Ըստ փաստաբան Տիգրան Եգորյանի՝ նա այս սառնաշունչ եղանակին պահվել է /դեկտեմբերի 12-ի դրությամբ/ չջեռուցվող խցում:
Թե ինչու է իրավապահ մեքենան այսքան ցուցադրականորեն դաժան հաշմանդամություն ունեցող ազատամարտիկի հանդեպ, երեւի թե գիտեն այդ մեքենայի ղեկավարները: Ի պատասխան հաց բերողի հանդեպ այլ վերաբերմունք դրսեւորելու հորդորներին՝ իշխանական գործիչները վրդովվում են, թե ինչպես կարող ենք արդարացնել զինված խմբին աջակցություն ցուցաբերողին, սնունդ տանողին: Բայց չէ որ այդ նույն մարդու՝ ՊՊԾ հասցրած հացը կերել են ոչ միայն զինված խմբի անդամները, այլեւ ՊՊԾ գնդում պահվող բժիշկները /մեկ օր անց մուտք գործած/, որոնց պատանդառության մեջ է նաեւ մեղադրվում հաց բերողը:
Սերժ Սարգսյանը սեպտեմբերին խոստովանեց, որ ներկայումս խնդիր է իշխանության նկատմամբ հանրային վստահության վերականգնումը: Եթե իրապես կա այդ գիտակցությունը, ապա հարկ է, որ իշխանությունն ավելի մարդկային ու ավելի զգույշ լինի. ժողովրդի համբերության բաժակը առանց այդ էլ հուլիսին շատ մոտ էր լցվելուն, հաջորդ անգամ գուցե չլինեն հաց բերողի նման մարդիկ, եւ իրադարձությունները զարգանան այլ՝ շատ ավելի վատթար սցենարով:




Լրահոս