ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Երեւանում

Այս տաքսու վարորդը իր ծառայությունները մատուցելու յուրահատուկ տարբերակ է գտել: Նա ե՛ւ տաքսի է վարում, գումար վաստակում, ե՛ւ ինքնագովազդով զբաղվում:

 

 
ՀԱՐՑ. Վերջին շրջանում հաճախ եմ նկատում, որ բազմաթիվ վարորդներ իրենց մեքենայի պետհամարանիշերը որեւէ կերպ փակում են: Ուզում եմ իմանալ՝ ի՞նչ պատիժ է սահմանվում նրանց համար: Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ճանապարհային ոստիկանությունը:

Համլետ Հայրապետյան (58 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայություն իրականացնող անձնակազմի կողմից անընթեռնելի (տվյալ դեպքում՝ հաշվառման համարանիշերի թիվը կամ տառը փակված վիճակում) տրանսպորտային միջոցներ վարելու փաստերը հայտնաբերելու դեպքում վարորդը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Նշենք նաեւ, որ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը սահմանված տեղում չփակցնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

 

 
ՀԱՐՑ. Ամանորը մոտենում է, եւ ամեն տարի այս ժամանակահատվածում սննդամթերքը օրեցօր թանկանում է: Ուզում եմ իմանալ՝ ինչ քայլեր են ձեռնարկվում հնարավոր գնաճը զսպելու ուղղությամբ:

Լարիսա Մանուկյան (38 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին ուղղված հարցման՝ տեղեկացնում ենք, որ հանձնաժողովը տարվա ընթացքում մշտապես՝ շաբաթական երեք անգամյա կտրվածքով, դիտանցումներ է իրականացնում սոցիալական կարեւոր նշանակություն ունեցող ապրանքային շուկաներում: Ամանորին ընդառաջ՝ դիտանցումները իրականացվում են ամենօրյա կտրվածքով՝ շուկաներում առավել խիստ վերահսկողություն սահմանելու եւ հնարավոր չարաշահումները կանխարգելելու նպատակով:
Տեղեկացնենք նաեւ, որ հանձնաժողովը ՀՀ-ում չի զբաղվում գների վերահսկողությամբ եւ կարգավորմամբ, սակայն համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի՝ գերիշխող դիրք ունեցող ընկերությունների կողմից տնտեսական գործոններով չպայմանավորված գնային փոփոխությունները կարող են համարվել օրենքի խախտում եւ հայտնվել ՀՀ ՏՄՊՊՀ-ի դիտակետում:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների փոխանցմամբ՝ 2015թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, մեր երկրի սպառողական շուկայում արձանագրվել է պարենային ապրանքների գների 3.0% աճ: Ըստ ներկայացված տվյալների՝ ամանորյա տոներից առաջ բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբում արձանագրվել է շուրջ 25% գնաճ: Դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, սպառողական շուկայում գրանցվել է մրգի գների 3.4% գնաճ: Ձվի հանրապետական միջին գինն աճել է 2.7%-ով: Հաշվետու մեկ ամսվա ընթացքում գրանցվել է հացամթերքի՝ 0.1%, կաթնամթերքի՝ 0.1%, կենդանական եւ բուսական յուղերի՝ 0.1%, այլ մթերքի՝ 0.2%, շաքարավազի 0.3% գնաճ, իսկ սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մսամթերքի ապրանքախմբում գների ընդհանուր մակարդակը նույնպես մնացել է անփոփոխ:




Լրահոս