Դեսպան Մկրտչյանի հանդիպումն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էստոնիա կատարած այցի շրջանակներում Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) դեկտեմբերի 22-ին հանդիպեց Էստոնիայի ԱԳ նախարար Սվեն Միքսերի հետ։

Հանդիպմանը կողմերն անդրադարձան հայ-էստոնական երկկողմ քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերություններն առավել ընդարձակելու և խորացնելու հեռնկարներին։ Փոխադարձ ընդգծվեց բարձր մակարդակով այցերի անհրաժեշտությունն ու դրանց կարևորությունը։

Խոսելով Արցախյան հիմնախնդրի մասին՝ դեսպան Մկրտչյանն իր զրուցակցին ներկայացրեց պաշտոնական Բաքվի կողմից շարունակվող ապակառուցողական գործելաոճը, ամենաբարձր մակարդակով տարվող հակահայկական քարոզչությունը, ինչպես նաև շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումները։

ԱԳ նախարար Միքսերը վերահաստատեց Էստոնիայի դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում՝ աջակցություն հայտնելով հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Նախարարը նաև ընդգծեց, որ բախումները սահմանային գոտում և շփման գծում հակամարտության կարգավորման հարցում որևէ դրական ազդեցություն չեն կարող ունենալ։

Զրուցակիցներն անդրադարձան նաև ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին։

Նախարար Միքսերն անդրադարձավ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Էստոնիայի ձեռքբերումներին և նշեց, որ էստոնական կողմը պատրաստ է Հայաստանի հետ կիսել իր փորձը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի:




Լրահոս