ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ՞ ՕՆԼԱՅՆ ՀԵՏԵՎԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ իշխանական եւ ընդդիմադիր ուժերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ ընտրատեղամասերում ընտրողների գրանցումը պետք է կազմակերպվի էլեկտրոնային սարքավորումներով, պետք է ՀՀ բոլոր ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքավորումներ տեղադրվեն, եւ ապահովվի ընտրական գործընթացի օնլայն հեռարձակումը:

Նոյեմբերի 10-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ որոշում ընդունվեց, որ այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար պետք է իշխանական եւ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներից համատեղ հանձնաժողով ստեղծվի: Ըստ այդ որոշման` հանձնաժողովը պետք է կազմակերպի ընտրատեղամասերում տեսանկարահանման եւ հեռարձակման գործընթացը, նույնականացման քարտերի եւ անձնագրերի շտեմարանի աուդիտը, էլեկտրոնային սարքերով քվեարկողների սարքերի գրանցման համակարգի ներդրման մշտադիտարկումը: Դրա համար հանձնաժողովը պետք է հայտարարի մրցույթ եւ ըստ այդմ ընտրի այն մասնագիտացված կազմակերպությանը, որը պատասխանատու կլինի բոլոր ընտրատեղամասերում տեսանկարահանման սարքեր տեղադրելու, սպասարկելու եւ հեռարձակման համար: Այն կազմակերպությունը, որը կհաղթի հայտարարված մրցույթում, պետք է տրամադրի թե՛ տեսանկարահանող սարքերը եւ թե՛ ինտերնետ կապը, որպեսզի ընտրությունների օրը կարողանա ապահովել նկարահանման եւ հեռարձակման գործընթացը: Այն կազմակերպությունը, որին կհաջողվի հաղթել այս մրցույթում, տեխնիկական միջոցների եւ դրանց սպասարկման ծառայության համար Հայաստանում ԵՄ ներկայացուցչության կողմից կստանա 2 մլն եվրո: Ի դեպ, ըստ այդ որոշման` այդ հանձնաժողովում կողմերը պետք է ունենան չորսական անդամներ:
Հանձնաժողովն արդեն կազմվել է: Հայտնի է նաեւ այդ հաձնաժողովի անդամների անունները: Իշխանության ներկայացուցիչներն են` Արմեն Սմբատյանը, Տիգրան Աֆրիկյանը, Վազգեն Հարությունյանը եւ Համլետ Աբրահամյանը: Նշենք, որ թվարկվածներից առաջին երեքը Հայաստանի հանրապետական կուսակցությունից են, իսկ վերջինը` ՀՅԴ-ից: Ընդդիմադիր թեւից հանձնաժողովի կազմում ընդգրկվել են` ԲՀԿ-ից Դավիթ Որսկանյանը, ՕԵԿ-ից` Արթուր Սերգոյանը, «Ժառանգություն»-ից` Սյուզաննա Ալեքսանյանը, իսկ ՀԱԿ-ից՝ Ավետիս Ավագյանը: Հանձնաժողովի նախագահը ՀՅԴ ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանն է:
«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանում ինտերնետ ապահովող չորս` «ԱրմենՏել», «ՎիվաՍել-ՄՏՍ», «Ռոստելեկոմ» եւ «Յուքոմ» ընկերություններից փորձեց պարզել՝ որպես ինտերնետ մատակարարող ընկերություն, արդյո՞ք պատրաստվում են Հայաստանի 2000 ընտրատեղամասերում ապահովել ինտերնետ հասանելիություն ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հեռարձակման համար:
Ի պատասխան մեր հարցմանը՝ ընկերությունների պատասխանը գերթե նույնաբովանդակ էր, բացառությամբ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի:
«Ռոստելեկոմ»-ից պատասխանեցին. «2017 թվականի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հեռարձակման նպատակով Հայաստանի ընտրատեղամասերում ինտերնետ հասանելիություն ապահովելու մրցույթին մասնակցության մասին որոշում ընկերությունը կկայացնի, երբ հանձնաժողովի կողմից հրապարակվի համապատասխան որոշում` մանրամասներ ներկայացնելով մրցույթի մասնակցության պայմանների մասին: Այս պահին որեւէ տեղեկատվություն տրամադրել չենք կարող, քանի դեռ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲ ընկերությունը չի տեղեկացել մրցույթի անցկացման պայմաններին եւ չի գնահատել իրականացման նպատակահարմարությունը»:
«ԱրմենՏել»-ից էլ «Ժողովուրդ» օրաթերթին պատասխանեցին, որ հնարավորության սահմաններում պատրաստ են մատուցել կապի ծառայություններ իրենց հաճախորդներին: Համապատասխան մրցույթի տեխնիկական պահանջները հայտնի դառնալու դեպքում ընկերությունը կկայացնի համապատասխան որոշում:
«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը կտրուկ պատասխանել է, որ չի պատրաստվում մասնակցել այդ մրցույթին. «Տեղեկացնում եմ, որ ընկերությունը չի պատրաստվում մասնակցել Ձեր կողմից հիշատակվող մրցույթին»,-«Ժողովուրդ»-ին տեղեկացրեց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի համակարգող Վահե Իսահակյանը:
Հետաքրքիր է, թե, այնուամենայնիվ, իրականում որ ընկերությունը կստանձնի ապահովել ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների առցանց հեռարձակումը:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 
ԿՃԱՆԱՉԵՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ
ՀՀ կառավարությունը Լոռու մարզի Ախթալա քաղաքում գտնվող սեփականության իրավունքով օտարված «Մ. Արամյանցի տուն» պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի ու դրա տարածքի նկատմամբ գերակա հանրային շահ կճանաչի: Նշենք, որ այս շինությունը 2005թ. տուրիզմի եւ էքսկուրսիաների հանրապետական խորհուրդը ընդամենը 1 մլն 200 հազ դրամով վաճառել էր ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի «Մեթըլ Փրինս» ընկերությանը: Իսկ նրա մահվանից հետո սեփականությունը տնօրինում էր կինը` Մադլեն Թաշճյանը, որը անհետացել է ՀՀ-ից: Հիմա ամառանոցը սեփականության իրավունքով պատկանում է «Լոզե» ՍՊԸ-ին, որը 2013թ. հիփոթեքի պայմանագրի հիմքով գրավադրվել է «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում: Հիմա անբարեխիղճ վարկառուից պետությունը վերցնում է այդ օբյեկտը:

 

 

ԹԵՐԱԿԱՏԱՐՎԵԼ Է
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա 11 ամիսների ընթացքում բյուջեի եկամուտների հավաքագրման պաշտոնական տեղեկանքը: ՊԵԿ-ը հավաքագրել է 974 մլրդ 443 մլն դրամ հարկեր եւ տուրքեր, նոյեմբերի ընթացքում հավաքագրել է 96 մլրդ 773 միլիոն դրամի, անցած տարվա նույն ամսվա համեմատ ավել է հավաքագրել՝ շուրջ 6 մլրդ դրամի: Հաշվի առնելով այն փաստը, որ ընթացիկ տարում ՀՀ-ի տնտեսության վիճակը անկում է ապրել, հարկերի եւ տուրքերի հավաքագրման աճը կարող է տեղի ունենալ միայն արհեստական՝ հարկային «տեռորի» կամ կանխավճարների հաշվին: Պետական բյուջեի այս տարվա պլանով նախատեսված է, որ հարկեր եւ տուրքերի գծով եկամուտները պետք է կազմեն 1 տրիլիոն 162 մլրդ 778 մլն դրամ: Հաշվի առնելով այն փաստը, որ այս տարվա 11 ամսվա արդյունքները հայտնի են, ստացվում է, որ դեկտեմբերի ընթացքում հարկերի եւ տուրքերի գծով պետբյուջեի եկամուտները պետք է կազմեն 188 մլրդ 335 մլն դրամ: Սակայն առավելագույնը ՊԵԿ-ը դեկտեմբերին կարող է հավաքագրել՝ մոտ 100 մլրդ դրամի, այն էլ հարկային «տեռորի» եւ կանխավճարների հաշվին: Ըստ այդմ, կարող ենք արձանագրել, որ ընթացիկ տարում բյուջեի թերակատարումը կազմելու է մոտ 90 մլրդ դրամ, ինչը վերջին մեկուկես տասնամյակի համար աննախադեպ է:

 

 

«ՀԱՅԳԱԶԱՐԴ»-Ը ԿԼՈՒԾԱՐՎԻ
ՀՀ կառավարությունը այսօր որոշում է կայացնելու «Հայգազարդ» ՓԲԸ-ն լուծարելու մասին: Նշենք, որ այս ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը Վալերիկ Հարությունյանն է: Սակայն «Հայգազարդ»-ի փակումը ամենեւին էլ անակնկալ չէր, որովհետեւ դեռեւս այս տարվա հունիսի 16-ին խորհրդարանում էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը հայտարարել էր, որ ՀՀ-ում պատրաստվում են փակել «Հայգազարդ» ՓԲԸ-ն. «Փակումը նախատեսված է Համաշխարհային բանկի վարկային պայմանագրով, որի համաձայն՝ ՀՀ-ն 30 մլն դոլար կստանա Մեծամորի ԱԷԿ-ի եւ Երեւանի ՋԷԿ-ի վարկերի վերակազմավորման համար»,- նշել էր Գալստյանը:

 

 
ԳՈՒՄԻ «ՊԱՍԱԺՆԵՐԸ» ԿՓԱԿՎԵ՞Ն
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը, երեկ ներկայացնելով 2016թ. ոլորտում իրականացված աշխատանքները, լրագրողներին ասել է, որ անցնող տարում տեսչությունը մի քանի անգամ ստուգումներ է իրականացրել Խորենացու փողոցի վրա գտնվող մսի շուկայում՝ (Գումի շուկա, խմբ), որից հետո որոշում է կայացվել հունվարից հետո փակել այն բոլոր կրպակները, որոնք չեն համապատասխանի սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին:

 

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ ՉԿԱ
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի եւ պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Երեւանում Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: «Մեզ համար Հայաստանը եւ Ադրբեջանը բարեկամ երկրներ են, եւ հուսով ենք, որ ականատես կլինենք տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, որը կլինի ողջ տարածաշրջանի օգտին: Անկասկած այս խնդիրը ռազմական լուծում չունի: Մենք ցանկանում ենք ականատես լինել հարցի խաղաղ ճանապարհով կարգավորմանը»,¬ նշել է նա:

 

 

54.7 ՏՈԿՈՍԻ ԱՃ
2016 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանի եւ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 312.4 մլն ԱՄՆ դոլար: «Արմենպրես»¬ի հաղորդմամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այս ցուցանիշն ավելացել է 54.7 տոկոսով: Հայաստանի եւ Բելառուսի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 11.5 մլն դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 2.3 անգամ: Հայաստանը Ղազախստանի հետ իրականացրել է 5.3 մլն դոլարի առեւտուր: Անցած տարվա համեմատ այն ավելացել է 51.9 տոկոսով: Իսկ Ղրղզստանի հետ իրականցվել է 0.5 մլն դոլարի առեւտուր` արձանագրելով 79.1 տոկոս աճ: Հայաստանի եւ ԵԱՏՄ երկրների հետ առեւտրաշրջանառության ծավալների 94.4 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին` կազմելով 295.1 մլն դոլար: 2015 թվականի հունվար¬հոկտեմբերի համեմատ այն աճել է 52.8 տոկոսով:
 

ՀԱՎԱՍԱՐ ԵԿԱՄՈՒՏ ԵՎ ԾԱԽՍ
Երեւանի ավագանու երեկվա նիստում ներկայացվել է 2017 թվականի բյուջեի նախագիծը: Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը նշել է, որ հաջորդ տարին համարվում է քառամյա ծրագրի ավարտի տարի, եւ բյուջեն համապատասխանում է օրենսդրությանը: Նրա խոսքով` 2017 թվականի բյուջեն նախատեսում է 84 մլրդ դրամից ավել եկամուտ, 84 մլրդ դրամից ավել ծախս: Նիկոյանի ներկայացմամբ՝ այս նախագծով եկամուտներն ավել են նախորդ տարիներից:

 

 

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏՈՒՄ
Երեւանի ավագանու դեկտեմբերի 21-ին գումարված արտահերթ նիստում, որը վարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քվեարկությամբ հավանություն է տվել «Փարքինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը որպես նվիրատվություն ընդունելու եւ այդ բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշման նախագծին։




Լրահոս