ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը բարձրաձայնել է ընտրողների թվի վերաբերյալ պետական մարմինների հրապարակած տվյալների միջև առկա անհամապատասխանության հարցը՝ պահանջելով պաշտոնական պարզաբանում։
Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ հունիսի 6-ին ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնել է, թե Հայաստանի Հանրապետությունում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 միլիոն 485 հազար 851 մարդ։ Մինչդեռ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների, ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 503 հազար 996 է։ Նրա հաշվարկով՝ երկու տվյալների միջև առկա է շուրջ 18 հազար ընտրողի տարբերություն։ «Այս տվյալների միջև առկա է շուրջ 18 հազար ընտրողի տարբերություն, ինչը չի կարող աննկատ մնալ և պահանջում է հստակ ու սպառիչ բացատրություն։
Հարց է առաջանում՝ ո՞վքեր են այդ հավելյալ հազարավոր ընտրողները, որտեղի՞ց է առաջացել այս տարբերությունը և ինչո՞վ է պայմանավորված այն»,- գրել է Տոնոյանը։ Նա ընդգծել է, որ ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության պահպանման համար անհրաժեշտ է, որպեսզի իրավասու մարմինները ներկայացնեն հստակ պարզաբանումներ հրապարակված թվերի տարբերության վերաբերյալ։
Սոնա Գրիգորյան



























