Ազատամարտիկները կոչով դիմել են ընդդիմադիր կուսակցություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազատամարտիկների դաշինքի» վարչությունը հայտարարություն է տարածել.

«Հայրենակիցներ.
Այսօր մեր ժողովուրդը կանգնած է պետության առջև ծառացած լրջագույն խնդիրների լուծման առջև, որոնք հետևանք են իշխող վարչախմբի, մեղմ ասած ապաշնորհ, թե ներքին, թե արտաքին վարած քաղաքականության: Առջևում մեզ սպասում է միակ համապետական ընտրությունը և նոր ձևավորվելիք ազգային ժողովի որակից է կախված լինելու այդ մարտահրավերների արագ լուծումն ու երկրի զարգացման լուրջ հիմքերի ստեղծումը:Մենք, որպես մեր պետականության ստեղծման, նրա անվտանգության ամրապնդման, մեր ընկերների արյան ու կյանքի գնով տարածքներ ազատագրած ակտիվ քաղաքացիներ, գտնում ենք, որ ԱԺ-ի առաջիկա ընտրությունները լուրջ հնարավորություն են հանրապետությունում ուժերի հարաբերակցությունը փոխելու ի օգուտ ընդիմադիր դիրքորոշում ունեցող ուժերի, որը կարող է հիմք հանդիսանալ երկրում հիմնավոր բարեփոխումներ իրականացնելու համար:

Նկատի ունենալով վերը շարադրվածը, մենք ազատամարտիկներս մեզ իրավունք ենք վերապահում կոչով դիմելու իրենց ընդիմադիր հայտարարող և երկրում իրական իշխանափոխության ձգտող քաղաքական կուսակցություններին, դաշինքներին և շարժումներին, մի կողմ թողնել բոլոր նախկին տարաձայնություններն ու հակասությունները, անձնական հակակրանքներն ու ամբիցիաները, և համախմբվելով ձևավորել մեկ ընդհանուր ճակատ դրված նպատակին հասնելու համար»:

«Ազատամարտիկների դաշինքի» վարչություն




Լրահոս