ԼՂՀ ՊՆ-ն՝ «Սասնա ծուռ» Պավել Մանուկյանի զինվորական կենսաթոշակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի պաշտպանական բանակի լրատվական ծառայությունը արձագանքել է մամուլի հրապարակումներին, թե «Սասնա ծռեր» խմբի անդամ, անազատությանմեջ գտնվող Պավել Մանուկյանի զինվորական հաշմանդամության նպաստի վճարումն Արցախը դադարեցրել է։

«ԼՂՀ գործող օրենքի համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող կենսաթոշակառուի թոշակի գումարը կարող է վճարվել լիազորագրով, որն էլ իրականացվել է մինչեւ 2016թ. հուլիսը ներառյալ: Քանի որ լիազորագրի ժամկետը լրացել է, հետեւապես հետագա վճարումները չեն իրականացվել, սակայն ամենամսյա կենսաթոշակի գումարը շարունակվել է հաշվարկվել մինչեւ 2017թ. հունվարը ներառյալ: Ներկա պահին Պ. Մանուկյանի չստացած կենսաթոշակի գումարը կազմում է 756.144 ( յոթ հարյուր հիսուն վեց հազար հարյուր քառասունչորս) դրամ եւ գտնվում է «Արցախփոստի» համապատասխան տարածքային բաժանմունքում:

Պ. Մանուկյանի կողմից առայսօր չստացված, ինչպես նաեւ հետագա կենսաթոշակի գումարը կարող է վճարվել քրեակատարողական հիմնարկի ղեկավարի վավերացրած լիազորագրով: Հարկ ենք համարում տեղեկացնել նաեւ, որ Պ. Մանուկյանի փաստաբանը այս հարցով խոսել է ԼՂՀ Զինկոմիսարիատի ֆինանսատնտեսական բաժնի պետի հետ, որի ընթացքում նրան հայտնվել է, որ կենսաթոշակի վճարումը չի դադարեցվել, ուղղակի անհրաժեշտ է լիազորագիր՝ վավերացված քրեակատարողական հիմնարկի ղեկավարի կողմից:

Ուստի բողոքելու փոխարեն պարզապես անհրաժեշտ է քրեակատարողական հիմնարկից ներկայացնել լիազորագիր եւ ստանալ առայսօր չստացված հաշմանդամության կենսաթոշակը»,-նշված է հայտարարության մեջ:




Լրահոս