ՊԱՐՏԱԴԻՐ, ԲԱՅՑ ՈՉ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ «Կուսակցությունների մասին» օրենքի համաձայն՝ քաղաքական ուժերն իրենց ֆինանսական միջոցների վերաբերյալ ամենամյա հաշվետվություններ են ներկայացնում, սակայն ակնհայտ է, որ դրանք չեն արտացոլում իրական պատկերը: Սա հատկապես իշխանական կուսակցությունների դեպքում:

Եթե հավատալու լինենք իշխանության մաս կազմող ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հաշվետվություններին, ապա նրանց ֆինանսական միջոցների առյուծի բաժինը գոյանում է անդամավճարներից, մի մասն էլ օրենքով նախատեսված կարգով ստացված բյուջետային ֆինանսավորումն է:
Ըստ այդմ, 2013թ. ՀՀԿ անդամավճարները կազմել են 97 մլն 838 հազար դրամ, 2014թ. անդամավճարները պակասել են 71 մլն 693 հազար դրամ, իսկ ահա 2015թ. ընթացքում հանկարծ անդամավճարների կտրուկ աճ է արձանագրվել. հավաքագրվել է միանգամից 327 մլն 242 հազար դրամ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներից Հովհաննես Սահակյանը նշեց, թե անդամավճարի հստակ չափ սահմանված չէ, եւ կուսակցականները վճարում են այնքան, որքան ցանկանում են: Այս սկզբունքը, թերեւս, պատահական չէ. կուսակցական գանձարանը գոյանում է հիմնականում ՀՀԿ վերին էշելոնի ներկայացուցիչների` պետական եւ ՏԻՄ պաշտոնյաների, գործարարների մուծած անդամավճարներից: Վերջիններս «պարտադիր, բայց ոչ պարտադրված» սկզբունքով մասնակցում են կուսակցաշինության գործին՝ բնականաբար իրենց աթոռը եւ ունեցվածքը պահելու մղումից ելնելով: Իսկ շարքային հանրապետականների վճարումները հազիվ թե ամսական գերազանցեն 500 դրամը. սա լավագույն դեպքում:
Անդամավճարի կոնկրետ չափ սահմանված չէ նաեւ ՀՅԴ-ում: Այստեղ եւս ֆինանսական հիմնական միջոցները գոյանում են պաշտոնյաների ու գործարարների օգնությամբ: ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հաստատված է միայն անդամավճարների նվազագույն շեմը` 100 դրամ: «Բայց փաստացի վճարումներն ավելի են` կախված մեր ընկերների հնարավորությունից, ցանկությունից, սոցիալական վիճակից: Անդամավճարների չափը միջինացված 500-1000 դրամի սահմաններում է»,- ասաց Համբարձումյանը` հավելելով, որ իրականում անդամավճարը կուսակցական կյանքին բարոյական մասնակցության ձեւ է: Ըստ ՀՅԴ հաշվետվությունների՝ 2013թ. ընթացքում դաշնակցության կուսակցական գանձարան 5 հազար 340 դաշնակցականից մուտք է եղել 50 մլն 100 հազար դրամ, 2014թ. 3 հազար 820 հոգի վճարել է 35 մլն 900 հազար դրամ: 2015թ. ընթացքում կրկին ավելացել է ե՛ւ անդամավճարների, ե՛ւ անդամավճար մուծող կուսակցականների թիվը. 4 հազար 990 հոգուց գանձվել է 48 մլն 900 հազար դրամ:
Պաշտոնական փաստաթղթերով ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն իրենց ծախսերը «տեղավորել են» կուսակցական գանձարանի հնարավորությունների սահմաններում. դրանք հիմնականում աշխատավարձերն են, կոմունալ վճարները, որոշ դեպքերում` տարածքների վարձակալության վճար է տրվել: Մինչդեռ, ակնհայտ է, որ այս կուսակցությունների իրական ծախսերը մի քանի անգամ ավելի շատ են, քան ներկայացված է պաշտոնական փաստաթղթերում: Սա հատկապես նախընտրական շրջանում: Ի վերջո, կուսակցություն պահելը միայն մի քանի հոգու աշխատավարձ տալը կամ կոմունալ վճարները չեն: Առավել եւս, երբ կուսակցություններում աշխատավարձ ստացողների թիվն իրականում շատ ավելին է, քան ներկայացված է պաշտոնապես: Էլ չենք ասում տարբեր սոցիալական ցանցերում կուսակցության PR-ով ու հակա PR-ով զբաղվող մարդկանց ու «ֆեյքերի» մասին, էլ չենք ասում զանազան միջոցառումների կազմակերպման եւ անցկացման մասին, որոնք եւս լուրջ միջոցներ են պահանջում: Այս եւ այլ կարգի ծախսերը սովորաբար իրականացվում են չհայտարարագրված միջոցներից: Իսկ թե որտեղից են գոյանում այդ չհայտարարագրված միջոցները, մնում է միայն ենթադրել:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
«ԱԼԻՇԱՆ» ԳՈՐԾԱՐԱՆԻ ԱՃՈՒՐԴԻ ՀԱՆՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում գտնվող «Ալիշան» պահածոների գործարանի՝ աճուրդի հանված գույքը չի վաճառվում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ընկերության գույքի վերջին աճուրդը, որը անցկացվել էր անցած տարվա դեկտեմբերի 14-ին, կայացել է մասնակի: Իսկ հաջորդ աճուրդը կկայանա փետրվարի 3-ին՝ առանձին լոտերով, բաց դասական եղանակով:

Նշենք, որ շուրջ տասը տարի գործող «Ալիշան» պահածոների գործարանի հիմնադիր տնօրեն Սերժիկ Մոսեսյանը 1998-1999թթ. Իրանից վերադարձել էր Հայաստան եւ հիմնել գործարանը: Այն տարվա ընթացքում ուներ 50-60 աշխատող, իսկ ամռան ամիսներին աշխատողների թիվը հասնում էր 150-ի: Դեռեւս 2013 թվականին Արարատի մարզի «Ալիշան» պահածոների գործարանը հայտնվել էր փակման եզրին: Գործարանի տնօրեն Սերժիկ Մոսեսյանի խոսքով՝ պատճառը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից արված սխալ հաշվարկներն էին, ինչի արդյունքում գործարանը 2015 թվականի սեպտեմբերի 25-ին աճուրդի հանվեց: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ աճուրդի են հանվել մրգերի եւ բանջարեղենի վերամշակման համար անհրաժեշտ հոսքագծեր, տեխնոլոգիական սարքավորումներ, գործիքներ, որոնց մեկնարկային գինը կազմում է ավելի քան 83 մլն դրամ: Նաեւ «Գազ 2705-414» մակնիշի 2007 թվականի արտադրության ավտոմեքենա, որն անսարք է, անվադողերը մաշված:
Նշված ավտոմեքենայի մեկնարկային գինը 401 հազար դրամ Է: Աճուրդի են հանվել նաեւ գործարանի «Գազ 2705-414» մակնիշի 2007 թվականի արտադրության 4 հատ բեռնատար ավտոմեքենաներ, որոնք տեխնիկական խնդիրներ ունեն: Աճուրդի են հանվել նաեւ ավտոբուս, բեռնատար, մարդատար այլ ավտոմեքենաներ, որոնք հին տարեթվի արտադրության են եւ ունեն բազմաթիվ տեխնիկական խնդիրներ: Դրանց մեկնարկային գները սկսվում են 134 հազար դրամից: Օրինակ՝ 1996 թվականի արտադրության «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկի դռան ներքեւի հատվածը փտած է, աճուրդի է հանվել 441 հազար դրամ մեկնարկային գնով: Իսկ ավտոամբարձիչը, որը մարտկոց չունի, աճուրդի է հանվել 701 հազար դրամ մեկնարկային գնով: Տեղեկացնենք, որ գործարանի արտադրանքը աճուրդի հանված չէ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԴԵՂԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ
Իջեւան քաղաքի շատ բնակիչներ տարակուսած են դեղերի գների հետ կապված իրավիճակի պատճառով: Նրանք ասում են, որ տարիներ շարունակ անտրամաբանական բարձր գներ են վճարել Հայաստան ներկրված որոշ դեղամիջոցների համար: Այցելեցինք Տավուշի մարզկենտրոնի մի քանի դեղատներ: Դեղատներից մեկում ասացին, որ իրենց մոտ վաճառվող դեղորայքը Իջեւանում ամենաէժանն է, վաճառքի ժամանակ իրենք ներկրված գնին քիչ հավելավճար են ավելացնում: Այդ դեղատնում հայտնեցին, որ Հայաստանի դեղատնային շուկայում ներմուծող 3-րդ խոշոր ընկերության՝ «Վագա ֆարմ»-ի հայտնվելուց հետո որոշ դեղերի գները կտրուկ նվազել են: Օրինակ՝ ջերմություն իջեցնող «Նարոֆեն» դեղը տարիներ շարունակ վաճառվել է 2900 դրամով, իսկ հիմա այդ դեղի գինը 1300 դրամ է: «Կատաֆաստ» դեղի մի փաթեթի գինը նախկինում եղել է 600 դրամ, այժմ այն 5 անգամ էժան է՝ 120 դրամ: Մարդու արյան մեջ շաքարի պարունակությունը չափող բժշկական սարքը նախկինում Իջեւանի դեղատներում վաճառվում էր 11500 դրամով, այժմ այդ բժշկական սարքի գինը 6500 դրամ է: Որոշ դեղերի կրկնակի եւ ավել էժանացումը տեղի է ունեցել 2016թ. ապրիլից հետո: Դեղատանը հայտնեցին, որ արտերկրի դեղագործական մեծ ընկերությունները Հայաստանի փոքր շուկա դեղ են մատակարարում ավելի թանկ գներով, քան դեղագործական մեծ շուկա հանդիսացող Ռուսաստանը: Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո դեղագործական ընկերությունները հնարավորություն ունեն, այսպես կոչված, զուգահեռ ներկրում կատարել, այսինքն՝ Ռուսաստանից Հայաստան դեղամիջոցն ավելի էժան ներկրել: Սակայն Հայաստանում վաճառվող շատ դեղեր ու բուժամիջոցներ շարունակում են թանկ մնալ: 7 մանկահասակ երեխաների հայր, իջեւանցի իրավաբան Դավիթ Սահակյանը «Ժողովուրդ»-ին դժգոհեց մանկական կերի թանկությունից: Նա ասաց, որ ընտանիքի դրամական միջոցները չեն բավարարում՝ իր երեխաներին մանկական կերով ապահովելու համար: Գերմանական արտադրության «Հումանա» մանկական կերի 300 գրամանոց փաթեթը Իջեւանի դեղատներում վաճառվում է 3050 դրամով: Դեղատնում ասացին, որ իրենք այդ մանկական կերի փաթեթն ստանում են 2900 դրամով, այն վաճառքի հանելով՝ 150 դրամ են ավելացրել, ինչը մեծ հավելում չէ: Վաճառվող մանկական այլ կերակուրներ եւս թանկ են: Դավիթ Սահակյանը կարծում է, որ մանկական կերի՝ Հայաստան ներկրման գործում մենաշնորհ կա, այլապես այն այդքան թանկ չէր լինի: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ե՞րբ կուսումնասիրի բնակչության համար այդքան կարեւոր նշանակություն ունեցող դեղերի շուկան:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս