ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԹԱՆԿԱՐԺԵՔ ՆՍՏԱՐԱՆՆԵՐ ԵՎ ԱՂԲԱՄԱՆՆԵՐ ԳՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանը ինչպես նախորդ մի քանի տարիներին, այնպես էլ այս տարի նախատեսում է ձեռք բերել «Երեւան» թուջե ձուլվածքով նստարաններ եւ աղբամաններ: Այս նպատակով Երեւանի քաղաքապետարանը քաղաքային բյուջեից հատկացրել է 128 մլն 750 հազար դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանը նստարանների եւ աղբամանների գնման վերաբերյալ բաց ընթացակարգով կնքված պայմանագրի հայտարարություն է հրապարակել:
Ըստ այդմ, քաղաքապետարանը նախատեսում է ընթացիկ տարում գնել 500 հատ «Երեւան» թուջե ձուլվածքով նստարան եւ 600 հատ մեծ ձուլվածքով աղբաման: Եվ, ինչպես միշտ, քաղաքապետարանը աղբամաններն ու նստարանները գնում է «Նիկոլ Դուման» արտադրական կորպորատիվից:
Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նստարանների եւ աղբամանների ձեռքբերման մրցույթին մասնակցել է ոչ միայն «Նիկոլ Դուման» ԱԿ-ն, այլեւ «Վահրամ Ապրեսյան» ԱՁ-ն: Վերջինիս ներկայացրած հայտը, սակայն, մերժվել է: Ըստ քաղաքապետարանի՝ «Վահրամ Ապրեսյան» ԱՁ-ի կողմից ներկայացված փաստաթղթերը, այդ թվում գնային առաջարկը եւ հայտի ապահովումը էլեկտրոնային ստորագրությամբ հաստատվել են լիազորված ստորագրող Ստեփան Ադյանի կողմից: Սակայն բացակայել է «Վահրամ Ապրեսյան» ԱՁ-ի կողմից վերջինիս տրված լիազորագիրը հրավերով սահմանված փաստաթղթերը ստորագրելու իրավասության վերաբերյալ, ինչպես նաեւ տուժանքի մասին համաձայնագրում չի նշվել ամսաթիվը:
Սակայն ամենաուշագրավն այն է, որ մրցույթին մասնակցած «Վահրամ Ապրեսյան» ԱՁ-ն նստարանների համար առաջարկել է 78 մլն 900 հազար դրամ, իսկ «Նիկոլ Դուման» ԱԿ-ն՝ 82 մլն 250 հազար դրամ: Աղբամանների համար վերոնշյալ ԱՁ-ն առաջարկել է 44 մլն 220 հազար դրամ, իսկ «Նիկոլ Դուման» ԱԿ-ն՝ 46.5 մլն դրամ: Բայց ԱՁ-ի ներկայացրած հայտը մերժվել է: Արդյունքում մրցույթի հաղթող է ճանաչվել «Նիկոլ Դուման» ԱԿ-ն, որի հետ էլ քաղաքապետարանը պայմանագիր է կնքել:
«Ժողովուրդ»-ը բազմիցս գրել է, որ «Նիկոլ Դուման» ԱԿ-ի հիմնադիրներն են Կառլեն Գեւորգյանը, Վարդան Վարդանյանը եւ Արսեն Հայրապետյանը: Կառլեն Գեւորգյանը ՀՀ քաղաքաշինության նախկին փոխնախարարն է, ԱԺ նախորդ ընտրություններում թիվ 12 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված պատգամավորության թեկնածու, ՀՅԴ անդամ: Իսկ ընկերության հիմնադիրներից Վարդան Վարդանյանը քաղաքաշինության նախկին նախարարն է, ում պաշտոնավարման տարիներին էլ հենց աշխատել է Կառլեն Գեւորգյանը:
Ինչեւէ: «Բարձրաստիճան» այս գործարարների արտադրական կոոպերատիվի կողմից պատրաստվող մեկ նստարանն արժի 164 հազար 500 դրամ, իսկ աղբամանը՝ 77 հազար 500 դրամ: Նստարանների եւ աղբամանների գույնը, ըստ քաղաքապետարանի ներկայացրած պահանջների, պետք է լինի դեղին-ծիրանագույն, լաքապատված տախտակամածային լաքով: Դրանց տեղափոխումն ու տեղադրումն իրականացվում է մատակարարի միջոցների հաշվին: Տեղեկացնենք, որ «Երեւան» ձուլվածքով նստարանների արտադրողը պարտավոր է դրանք սպասարկել 1 տարի՝ գարնանը, աշնանը եւ հաջորդող գարնանը՝ 3 անգամ: Նաեւ մատակարարող ընկերությունը պետք է թարմացնի գույները, անհրաժեշտության դեպքում ամբողջությամբ ներկի դրանք: Իսկ եթե նստարանների փայտյա մասերը բնակլիմայական պայմանների ազդեցությունից ինչ-որ թերություններ ձեռք բերեն, արտադրող եւ միաժամանակ մատակարարող ընկերությունը պարտավորվում է վերականգնել լաքապատված մակերեսը:
Նստարանների եւ աղբամանների ձեռքբերման հրավերի եւ հայտարարության մեջ նշված է, որ Երեւանի փողոցներում, այգիներում տեղադրված թանկարժեք նստարանների լաքը չպետք է թափվի, որովհետեւ դրանց փայտը հատուկ տեխնոլոգիայով եփված է, անձրեւներից պետք է պաշտպանված լինի: Բայց արի ու տես, որ այսօր երեւանյան փողոցներում եւ այգիներում կարող ենք հանդիպել բազմաթիվ լաքաթափված, փայլը կորցրած, երբեմն նաեւ կոտրված նստարանների եւ աղբամանների: Եւ կարծես թե քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցները միայն նստարան եւ աղբաման գնելու տերն են: Իսկ թե դրանց նկատմամբ ով պետք է հսկողութուն սահմանի, այդպես էլ անհայտ է մնում: Այս ամենի արդյունքում հարց է առաջանում՝ արդյո՞ք քաղաքապետարանի կողմից գնված նստարանների եւ աղբամանների գները համապատասխանում են դրանց որակին, էլ չասած այն մասին, թե որքանով է տրամաբանական նման թանկարժեք նստարանների եւ աղբամանների ձեռքբերումը մի երկրի մայրաքաղաքում, որի բնակչության մեկ երրորդից ավելին պաշտոնական տվյալներով աղքատ է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ԽՈՇՈՐԱՑՈՒՄԸ ՈՉԻՆՉ ՉՏՎԵՑ
Լոռու մարզի Մարց գյուղն ընդգրկվել է խոշորացված Թումանյան համայնքի կազմում: Թումանյանի մաս են դարձել նաեւ Լորուտ, Աթան, Շամուտ, Ահնիձոր եւ Քարինջ համայնքները: Դրանով, սակայն, համայնքների խնդիրներից եւ ոչ մեկը մինչ օրս չի լուծվել. ոռոգման ջրի բացակայություն, ներհամայնքային ճանապարհների անմխիթար վիճակ ու տրանսպորտի բացակայություն: Հատկապես վերջին խնդիրը բնակիչներին ամենաշատն է հուզում: Այն մարդիկ, ովքեր ի վիճակի են ոտքով մի քանի կիլոմետր տարածք անցնել, կարողանում են հասնել հարեւան համայնքներին սպասարկող երթուղայիններին, իսկ այն բնակիչները, ովքեր առողջական խնդիրներ ունեն, ստիպված են կա՛մ տանից ամիսներով դուրս չգալ, կա՛մ էլ մեծ գումարներ ծախսել տաքսիների վրա:
Մարցեցի տիկին Ռիմայի խոսքով՝ ինքն ու ամուսինը ապրում են միայն իրենց թոշակով եւ հնարավորություն չունեն ամիսը երկու անգամ գոնե տաքսիով հասնել մարզկենտրոն Վանաձոր. «Ո՛չ ուրախ առիթների ենք կարողանում գնալ, ո՛չ էլ տխրության, գյուղից մինչեւ Վանաձոր ամենաքիչը 5000 դրամ է, ետադարձով՝ 10 հազար: Մենք ուղղակի չենք կարողանում անգամ հիվանդանոց գնալ»,- դժգոհում է տարեց կինը:
Բնակիչներից մեկն էլ նկատում է, իրենք չեն պահանջում գյուղից Երեւան գնացող տրանսպորտ, իրենց ուզածը գոնե մարզկենտոնին կապող տրանսպորտի առկայությունն է:
Նշենք, որ տարիներ առաջ գործել է Մարց-Վանաձոր երթուղայինը, որը սակայն դադարեցրել է իր աշխատանքը քանդված ճանապարհների պատճառով: Նոյեմբերին նշանակված մրցույթը այդպես էլ չի կայացել հայտեր չլինելու պատճառով, իսկ այն կազմակերպությունը, որը ժամանակին սպասարկում էր երթուղին, այսօր արդեն հրաժարվում է՝ նշելով, թե շահութաբեր չէ:
Լոռու մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Վարդան Գեւորգյանի խոսքով՝ մրցույթի վերաբերյալ հայտարարությունը տարածվել է բոլոր հնարավոր ճանապարհներով, սակայն դիմողներ այդպես էլ չեն եղել. «Մինչ մրցույթի կայանալը, բնակիչները օգտվում են Թումանյան-Վանաձոր երթուղայինից ու հարակից համայնքներն սպասարկող տրանսպորտից: Գարնանը կրկին մրցույթ կհայտարարվի: Հուսանք՝ դիմողներ ու շահողներ կլինեն»,-ասում է Գեւորգյանը:
Բերրիությամբ աչքի չընկնող հողատարածքների պատճառով հողագործությունը Մարցում զարգացած չէ: Փոխարենը անասնապահությանն են բնակիչները փորձում զարկ տալ: Գյուղի՝ 120 աշակերտական տեղ ունեցող դպրոցում կեսից էլ քիչ աշակերտ է այսօր սովորում: Պատճառը գյուղից երիտասարդության արտագաղթն է: Մարցեցիներն ասում են՝ համայնքների խոշորացումը միայն «վերեւներին» էր պետք, իսկ իրենց համար ո՛չ լավ, ո՛չ էլ վատ հետեւանքներ չունեցավ: Իրենք շարունակում են մինչ օրս մնալ իրենց կոտրած տաշտակի առաջ:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լոռի




Լրահոս