ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրիշը հանդիպում է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, որի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի և ադրբեջանցի դիվերսանտի դին վերադարձնելու շուրջ քննարկում են անցկացրել: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, որ Հասանովն ընդգծել է ադրբեջանցի զինծառայող Չինգիզ Գուրբանովի դին վերադարձնելու համար կոնկրետ և լուրջ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը: Իր հերթին, ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչը Հասանովին վստահեցրել է, որ «կարճ ժամանակահատվածում այդ ուղղությամբ հավելյալ միջոցներ կձեռնարկվեն, և հարցը կլուծվի մոտ ժամանակներս»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ի առավոտյան Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերը դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել, որի հետևանքով հայկական կողմն ունեցել է 3 զոհ, իսկ ադրբեջանականը՝ 7 զոհ: Ադրբեջանցի դիվերսանտի դին գտնվում է հայկական կողմի մոտ: