Արտակարգ դեպքերը Գեղարքունիքի մարզում. ինչ իրավիճակ է այնտեղ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 24-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ ԱԻ նախարարության տարածքային ստորաբաժանումների կողմից 2016 թվականին կատարված աշխատանքների ամփոփմանը նվիրված հաշվետու նիստ: Միջոցառմանը մասնակցում էին փոխմարզպետ Կարեն Հակոբյանը, ԱԻ նախարարության հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության կենտրոնի պետ Լևոն Վարդանյանը, ԱԻՆ փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ, փ/ծ գնդապետ Արշակ Վարդանյանը, ինչպես նաև՝ համայնքների ղեկավարներ, մարզպետարանի աշխատակիցներ, ԱԻՆ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչներ:

Հիմնական տարեկան զեկույցով հանդես եկավ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) պետ, փ/ծ գնդապետ Է. Գալստյանը: Նա նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում Գեղարքունիքի ՄՓՎ գործունեությունն ուղղված է եղել քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը՝ ներկայացնելով նաև մարզային վարչության գործունեության հիմնական ուղղությունները: 2016 թ. ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցվել է 636 արտակարգ դեպք (2015 թ.` 877), որի հետևանքով զոհվել է 26 (2015 թ.՝ 29), մարմնական վնասվածքներ ստացել 65 մարդ (2015 թ.` 150): 2015 թ. համեմատությամբ արտակարգ դեպքերը նվազել են 241-ով կամ 27,5%-ով:

Գեղարքունիքի ՄՓՎ կողմից ուսումնասիրվել է մարզի հեղեղավտանգ, սողանքավտանգ, քարաթափումների տարածքները և գետերի հուները: Քամիներից տուժած մարզի 10 համայնքներում ՄՓՎ ծառայողները համապատասխան հանձնաժողովների կազմում մասնակցել են ուսումնասիրման և պատճառած վնասի արձանագրման աշխատանքներին: Մարտունի-Այգուտ ավտոճանապարհին հարող սարալանջի քարաթափման տեղամասում ՄՓՎ ԲՊ բաժնի կողմից կատարվել են ուսումնասիրման աշխատանքներ, վտանգը վերացնելու նպատակով իրականացված պայթեցումների ընթացքում Ճամբարակի ՀՓՋ-ի կողմից սահմանվել է հերթապահություն: Ճամբարակի տարածաշրջանի սողանքի ակտիվացված հատվածում Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության, գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական ինստիտուտի փորձագետների, ԱԻՆ ՓԾ և ՄՓՎ ներկայացուցիչների աշխատակիցների կողմից կատարվել են ուսումնասիրություններ: Է. Գալստյանը ներկայացրեց նաև մարզում արտակարգ իրավիճակների կանխմանն ուղղված աշխատանքները:

Հաշվետու ժամանակահատվածում մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել և անցկացվել են շտաբային ուսումնավարժություններ և օբյեկտային վարժանքներ, որոնք ընդգրկել են ինչպես քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության ոլորտների հիմնահարցերը, այնպես էլ՝ մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ պատրաստականության ապահովման խնդիրները:

Տարվա ընթացքում աշխատանքներ են տարվել մարտական պատրաստականության, մասնագիտական հմտությունների, ծագած հրդեհների տակտիկապես ճիշտ և արագ հրդեհաշիջման ունակությունների բարձրացման ուղղությամբ: Գեղարքունիքի ՄՓՎ անձնակազմը մասնակցություն է ցուցաբերել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում փրկարարական ծառայողների 2016 թ. վերապատրաստման դասընթացներին:

Զեկույցի ավարտին Է. Գալստյանը նախանշեց նաև 2017թ. աշխատանքային հիմնական ուղղությունները՝

• ՄՓՎ անձնակազմի մասնագիտական ունակությունները բարձրացնելու նպատակով հետևողական աշխատանքների իրականացումը,
• ջրասուզական ծառայությունների մատուցման որակի բարձրացման նպատակով մասնագիտական և տեխնիկական հնարավորությունների կատարելագործումը,
• ուժերի և տեխնիկաների մշտական պատրաստ վիճակում պահպանումը և դրանց նպատակային կիրառման ապահովումը,
• քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով բնակչության և կառավարման մարմինների նախապատրաստումը,
• հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորումը և զարգացումը:

Գեղարքունիքի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կատարած աշխատանքներն ամփոփեց տեսչության պետ Կ. Եդոյանը: Զեկույցի համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում Գեղարքունիքում ստացվել է 165 ահազանգ հդեհների վերաբերյալ, որոնց պատճառած նյութական վնասի չափը կազմել է 39 մլն. 925 հազ. դրամ: Ըստ զեկուցողի՝ հրդեհների ամփոփումը ցույց է տալիս, որ դրանց մեծամասնությունն առաջացել է խոտի դեզում, չոր խոտածածկերում և սեփական տնտեսություններում:

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի բնակչության հետ տարվող աշխատանքների կենտրոնի պետ Ս. Դարբինյանը զեկուցեց 2016 թ. կատարված աշխատանքների վերաբերյալ՝ առաջին հերթին ուշադրություն հրավիրելով մարզում գործող դիտակայանների վրա և ընդգծելով դրանց կարևորագույն դերը: Ս. Դարբինյանը նշեց, որ մարզի մի շարք դպրոցներում իրականացվել են սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցման և շենքերի ու շինությունների սեյսմիկ խոցելիության գնահատման աշխատանքներ: Զեկուցողն առանձնացրեց նաև ոլորտում առկա հրատապ խնդիրները:

ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի գլխավոր փորձագետ Վ. Հայրապետյանը ներկայացրեց մարզային ստորաբաժանման տարեկան հաշվետվությունը: Նա փաստեց, որ հաշվետու ժամանակահատվածում մարզում փորձաքննության է ենթարկվել 302 օբյեկտ, ինչպես նաև իրականացվել է շահագործվող ԱՎՕ-ների 64%-ի տեխնիկական անվտանգության փորձաքննություն: Այս գործընթացին էապես նպաստել է շարժական լաբորատորիայի կիրառումը, որը հնարավորություն է տվել փորձաքննության ընթացքում կատարել նաև դիագնոստիկա, փորձարկում և զննում: Ոլորտում առկա խնդիրներից բանախոսն առանձնացրեց չգրանցված և տեխանվտանգության տարեկան փորձաքննություն չունեցող ԱՎՕ-ների առկայությունը: Ըստ բանախոսի՝ նման իրավիճակը պայմանավորված է ԱՎՕ շահագործող անձանց կողմից օրենսդրական նորմերի խախտմամբ:

ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» Գավառի օդերևութաբանական կայանի պետ Աշոտ Մակարյանը ներկայացրեց մարզում տեղակայված ստորաբաժանումների կողմից 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքները: Բոլոր օդերևութաբանական կայաններում, համաձայն գործող ձեռնարկի, կատարվել են մշակաբույսերի ֆենոլոգիական դիտարկումներ տարբեր մշակաբույսերի՝ աշնանացան ցորենի, գարնանացան ցորենի, գարնանացան գարու, կարտոֆիլի, խնձորի, տանձի, կաղամբի, խոտհարքների, արոտավայրերի վրա: Կատարվել է աշնանացանի և պտղատուների կենսունակության որոշում, աշնանացանի բարձրության և խտության որոշում, վիճակի գնահատում, թփակալման հանգույցում ջերմաստիճանի չափումներ, հողի սառցակալման խորության չափումներ, ձյունաչափական աշխատանքներ աշնանացանի դաշտերում, հողի վիճակի գնահատում և այլն: Մարզի տարածքում իրականացվել են հիդրոօդերևութաբանական երևույթների, մթնոլորտի և մակերևույթային ջրերի քանակական ցուցանիշների դիտարկումներ և, ըստ անհրաժեշտության, դրանց արդյունքները տրամադրվել են մարզի բնակչությանը, պետական իշխանության տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին: Շարունակվել են Սևանա լճի մակերևութային հոսքի, գոլորշիացման հաշվարկի մեթոդիկաների վերանայման և կատարելագործման, լճի ամսական և տարեկան ընթացիկ ջրատնտեսական հաշվեկշիռների ճշգրտման, կլիմայի կանխատեսվող փոփոխության հետևանքով լճի և նրա ավազանի ջրային ռեսուրսների խոցելիության գնահատման մեթոդիկաների մշակման և ադապտացիոն միջոցառումների մշակման ուղղությամբ աշխատանքները:

Հաշվետու նիստի ավարտին Լ. Վարդանյանը շնորհակալություն հայնտեց Գեղարքունիքի ՄՓՎ աշխատակիցներին տարվա ընթացքում կատարված մեծ աշխատանքի համար և պատասխանեց տարբեր համայնքների ներակայացուցիչներին և ղեկավարներին հուզող հարցերին:

Փոխմարզպետ Կ. Հակոբյանը նշեց, որ մարզային փրկարարական վարչության և մարզպետարանի միջև առկա է սերտ համագորածկցություն, ինչն էլ թույլ է տալիս շատ խնդիրներ լուծել ավելի դյուրին կերպով: Նա դրական գնահատեց հաշվետու ժամանակահատվածում ՄՓՎ-ի կատարած աշխատանքները և հույս հայտնեց, որ հետագայում արդյունքները կլինեն ավելի բարձր:




Լրահոս