Իրականում ինչպիսին էր Կարապետյանի՝ մոսկովյան բանակցությունների արդյունքը. հանդիպման ուշագրավ կետերը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվ այսպես՝ մինչ ՀՀ-ում որոշվում էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի քաղաքական ճակատագիրը, այդ ընթացքում Մոսկվայում իր քաղաքական ճակատագրի շուրջ բանակցությունների էր հրավիրված գործող վարչապետ Կարեն Կարապետյանը: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով Մոսկվա մեկնած Կարապետյանը երեկ իր ռուս պաշտոնակցի հետ բանակցություններից հետո նշել է, թե «առանց ավելորդ դիվանագիտության մենք շատ գոհ ենք այսօրվա բանակցություններից եւ այն արդյունքներից ու հանձնարարականներից, որոնք տրվել են համապատասխան կողմերին՝ հետագա համագործակցության առիթով»: Դժվար է ասել՝ Կարապետյանի գոհունակությունը վերաբերում էր նաեւ իր հետագա պաշտոնավարման շուրջ բանակցություններին ու հանձնարարականներին, թե ընդամենը երկու երկրների միջեւ փոխգործակցության ծրագրերին:

Եթե միայն վերջինին, ապա հարկ է նկատել, որ բանակցությունների արդյունքում ստորագրված 4 փաստաթղթերի շարքում առանձնակի կարեւորություն եւ շատ մեծ տնտեսական նշանակություն ունեցող որեւէ բան չի ստորագրվել: Թերեւս, այն էլ ՌԴ քաղաքացիների համար կարեւոր էր առանց վիզային ռեժիմի մասին համաձայնագիրը, որը հնարավորություն կտա ՌԴ քաղաքացիներին ներքին անձնագրերով այցելել ՀՀ: Իհարկե, քննարկվել են նաեւ համագործակցության ծրագրեր գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում, բացի այդ՝ ռուսական կողմը դրական է գնահատել հայկական կողմի ներկայացրած առաջարկը՝ հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ հիմնելու վերաբերյալ, որը հնարավորություն կտա ֆինանսավորելու ՀՀ-ի համար առաջնահերթ համարվող տնտեսական ճյուղերը: Այս ամենն անշուշտ կարեւոր է եւ բավականին մեծ պոտենցիալ ունեցող, սակայն «Գազպրոմից» ՀՀ կառավարություն եկած Կարապետյանի՝ Մոսկվա կատարած առաջին պաշտոնական այցի ընթացքում ՌԴ-ի աջակցությունը կարող էր եւ առավել առարկայական լինել՝ ՀՀ արյունաքամ եղած տնտեսությունում շատ կոնկրետ ֆինանսական ներարկման տեսքով:

Ասել, որ նման տեսանելի եւ, այսպես ասած, առձեռն աջակցության բացակայությունը խոսում է այն մասին, որ Կ. Կարապետյանի՝ 2018-ից հետո պաշտոնավարման հարցը վերջինիս համար դրական լուծում չի ստացել, թերեւս սխալ կլինի: Չի բացառվում, որ Կրեմլում պարզապես չեն ցանկացել այս փուլում աջակցելով Կրապետյանին՝ անուղղակիորեն աջակցել նաեւ ՀՀԿ-ին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Առավել եւս, որ ուշագրավ հաջորդականությամբ մի քանի օր առաջ Մոսկվայում Դ. Մեդվեդեւի հետ հանդիպել էր նաեւ ՀՀ նախկին վարչապետ եւ այլեւս ՀՀԿ նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը, ով դրանից հետո, փաստորեն, Հանրապետական կուսակցությունից դուրս գալու որոշում կայացրեց: Իսկ թե ինչպիսին էր Կարապետյանի՝ մոսկովյան բանակցությունների արդյունքը, թերեւս տեսանելի կդառնա արդեն այս հինգշաբթի՝ ՀՀԿ ԳՄ նիստում, որի ընթացքում ի վերջո կորոշվի, թե ով է գլխավորելու կուսակցության ընտրական ցուցակը:




Լրահոս