«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում էլի արտասովոր միջադեպ է գրանցվել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ օրերս ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Արսեն Գասպարյանը հարվածել է ՔԿՀ-ի 6-րդ մասնաշենքի պատասխանատուին, ինչից հետո նրան տեղափոխել են պատժախուց:
Դեպքի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ցմահ դատապարտյալի ընկերոջ՝ էռնեստ Ահարոնյանի հետ: Ըստ նրա՝ իրականում ցմահ դատապարտյալ Արսեն Գասպարյանը այս պատմության մեջ այդքան էլ մեղք չունի. «Արսենը իր պատիժը կրում է «Արմավիր» ՔԿՀ -ի 6-րդ մասնաշենքի 637 խցում: Նրա մոտ 4 օր ջուր չի եղել, եւ նա այդ մասին անընդհատ բարձրաձայնել է՝ ահազանգելով, որ խցում ջուր չկա՝ խնդրելով լուծում տալ: Ավելի ուշ խնդրի մասին ասել է քրեակատարողական հիմնարկի 6-րդ մասնաշենքի պատասխանատու Ռոման Հակոբյանին, որպեսզի գոնե իր տարրական կարիքները հոգալու համար շշով ջուր տան, սակայն խնդիրը այդպես էլ մնացել է չլուծված»:
Ըստ մեր զրուցակցի՝ օրեր առաջ, երբ ՔԿՀ-ի դատապարտյալներին հանել են զբոսանքի, բանը հասել է բռունցքներին. «Զբոսանքի ժամանակ Արսենը պահանջել է, որպեսզի իրեն օգնեն հանդիպի բանտապետին, այլապես ինքը բողոք կներկայացնի իրավասու մարմիններին: Այդ ժամանակ ՔԿՀ-ի 6-րդ մասնաշենքի պատասխանատու Ռոման Հակոբյանը հայհոյել է, թե բողոքողի… Արսենն էլ բռունցքով հարվածել է նրան: Բայց, կներեք, ո՞ւմ հայհոյեն, այդ հայհոյանքը մնա անպատասխան»:
Ընկերոջ խոսքով՝ այս ամենից հետո Արսենին տեղափոխել են պատժախուց, իբրեւ թե նա կարգապահական կանոններն է խախտել. «Մինչդեռ նա ընդամենն իր իրավունքն է փորձել վերականգնել: Մարդուն թողնեն առանց ջուր, հայհոյեն, ու մի բան էլ նա հայտնվի պատժախցո՞ւմ: 13 օր պետք է մնա պատժախցում, դիմումներ է գրել ՀՀ գլխավոր դատախազին ՀՀ արդարադատության նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանին, բայց արդեն 5-րդ օրն է՝ պատասխան չկա: Ես վստահ եմ, որ նամակները տեղ չեն հասնում, թե չէ ինչպես կարող էր գոնե մի արձագանք չլիներ: Արդյունքում, Արսենը հացադուլ, ջրադուլի է գնացել, ու երեկ երեկոյան էլ տեղեկացա, որ բերանն է կարել»:
Դատապարտյալի ընկերը հավելեց, թե. «Ինձ տեղեկություններ են հասել, որ Ռոման Հակոբյանը ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանի հետ ազգակցական կապերի մեջ է, դրա համար էլ իրեն այդպես արտոնյալ է պահում, խնդրում եմ բոլոր իրավասու մարմիններին, որպեսզի այս հրապարակումից հետո հետեւողական լինեն ու խնդրին լուծում տան»:
Հուսանք, որ ՀՀ արդարադատության նախարարությունն ու քրեակատարողական հիմնարկների վարչությունը շոուներ բեմադրելու փոխարեն կոնկրետ գործով կապացուցեն իրենց՝ իրապես աշխատելու ձգտումը:
Քնար Մանուկյան