Հուշագրի քննարկումն ավարտական փուլում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 1-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանն ընդունեց Հայաստանում եռօրյա այցով գտնվող Գերմանիայի դաշնային հանրապետության կառավարության արտակարգ իրավիճակների գլխավոր հանձնակատար, դաշնային տեխնիկական օգնության բյուրոյի նախագահ Ալբրեխտ Բրյոմմեին:

Հանդիպման նպատակն էր մանրամասն քննարկել ՀՀ ԱԻ նախարարության և ԳԴՀ ներքին գործերի նախարարության տեխնիկական օգնության դաշնային բյուրոյի միջև արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրն ու ստորագրման գործընթացը:

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվելու օրերին Ա. Բրյոմմեն եղել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում գտնվող գերմանական թաղամասում, ծաղկեպսակ դրել Սպիտակի աղետալի երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձանին, ինչպես նաև՝ այցելել Լոռու մարզային փրկարարական վարչություն՝ ծանոթացել մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատանքներին:

Խոսելով տպավորությունների մասին՝ Ա. Բրյոմմեն նշեց.

-Հայաստան կատարած իմ առաջին այցելությունը բավական տպավորիչ էր: Աղետների կառավարման և տեղեկատվության հավաքագրման նպատակով Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը շատ ճիշտ և գրագետ լուծում է: Կարծում եմ, որ դեռ կան բազում եզրեր՝ հայ-գերմանական համագործակցությունը շարունակելու և զարգացնելու ուղղությամբ:

Անդրադառնալով փաստաթղթին՝ կողմերը կետ առ կետ քննարկեցին հուշագիրը, որի արդյունքում անհրաժեշտություն առաջացավ մի քանի կետ ևս ավելացնել: Հիմնական հարցերն առնչվում էին կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատների մասնագիտական կարողությունների զարգացմանը, քանի որ Գերմանիան ունի մեծ և զգալի փորձ այդ ոլորտում, ինչպես նաև՝ հոգեբանական ծառայության մասնագետների վերապատրաստամանը:

ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Մխիթարյանը նշեց, որ ԱԻ նախարարությունը պատրաստ է ցանկացած համագործակցության, որը երկուստեք փոխշահավետ արդյունքներ կունենա.

-Հայ-գերմանական համագործակցությունն ունի վաղեմի պատմություն, և մենք միայն կարող ենք ողջունել այդ համագործակցության շարունակականությունը, նոր ծրագրերի իրագործումը, – եզրափակեց Հ. Մխիթարյանը:

Պարոն Բրյոմմեն հայ գործընկերների հետ կիսվեց այցի ընթացքում հղացած հետաքրքիր մտքերով և նախագծերով, որոնք ընդհանուր քննարկման արդյունքում լուծում կգտնեն: Ծրագրերն առնչվում էին Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի միջոցառումներին, որոնց հիմնական նպատակը աղետների կանխարգելումն ու դրանց հետևանքների վերացումն է: Մարզերում կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատների մասնագիտական հմտությունների կատարելագործման նպատակով Գերմանիայից մասնագետների խումբ կարող է գալ Հայաստան և իրենց փորձը փոխանցել հայ գործընկերներին: Երկու կողմերն էլ փաստեցին, որ համատեղ այցերն ու հանդիպումները միայն կնպաստեն ծրագրերի իրականացմանը. ինչպես նաև՝ նախնական պայմանավորվածություն ձեռքբերվեց, որպեսզի գերմանական կողմը տեխնիկական աջակցություն ցուցաբերի մարզերի վերազինման հարցում:

Հանդիպման ավարտին Ա. Բրյոմմեն ծանոթացավ նաև ՀՀ ԱԻՆ հոգեբանական ծառայության գործառույթներին և աշխատանքներին:




Լրահոս