Վերջին պառակտումները բացահայտում են թե′ իշխանության, թե′ ընդդիմության իրական կարգավիճակը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախընտրական այս փուլում քաղաքական դաշտում տեղի ունեցող վայրիվերումներն իրականում լավագույնս տալիս են թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական դաշտի՝ անցած հինգ տարիների գործունեության գնահատականը: Մասնավորապես՝ իշխանական համակարգում մինչեւ վերջերս բարձրագույն պաշտոններ զբաղեցրած, ապա դեպի ընդդիմադիր դաշտ կտրուկ շրջադարձ կատարած գործիչների հայտարարություններն ախտորոշում են ոչ միայն հենց իրենց, այլեւ իշխող համակարգում տարիներ ի վեր արմատացած գաղջությունը՝ իր ապագաղափարական, ապաքաղաքական եւ անբարոյական ողջ համապատկերով:

Ի վերջո, այսօր այլեւս ակնհայտ է, որ «թիվ մեկ դերակատար» Հանրապետական կուսակցությունը պառակտված է, որքան էլ որ առայժմ այդ պառակտման խորությունը փորձ է արվում քողարկել:

Նույնը ընդդիմադիր դաշտի դեպքում է: Տիտղոսավոր ընդդիմության անվիճարկելի դափնիներով 2012թ-ին Ազգային ժողով մուտք գործած «Հայ ազգային կոնգրես» դաշինքը, որը կարճ ժամանակ անց լուծարվեց, ապա փորձեց նույնանուն կուսակցության կարգավիճակով «հրաշալի քառյակի» ֆորմատով հասնել իշխանափոխութան, այսօր եւս կրում է պառակտման կնիքը:

Դեռեւս անցած նոյեմբերին ողջ ընդդիմադիր դաշտին իր շուրջը համախմբվելու եւ միասնական դաշինքով առաջիկա խորհրդարանական ընտրություններում մասնակցելու կոչով հանդես եկած ՀԱԿ-ն այսօր մնացել է միայնակ: Չհաշված Ստեփան Դեմիրճյանին, որն էլ, ի դեպ, ըստ մամուլի հրապարակումների, այլ դաշինքների հետ անհաջող բանակցություններից հետո միայն հետ վերադարձավ ՀԱԿ-ի գիրկը, որտեղ նրա համար բաղձալի 2-րդ տեղը ցուցակում ապահովված էր:

Երեկ ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ցուցակը կգլխավորի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու ընդամենը մեկ ուժ արձագանքեց ՀԱԿ-ի հետ դաշինքով հանդես գալու կոչին, Զուրաբյանն «Ազատությանն» ասել է. «Կարծում եմ՝ այդ հարցադրումները ադքան էլ արդարացված չեն: Նախ՝ մենք ի սկզբանե ասացինք, որ մեզ համար միավորումը այլ քաղաքական ուժերի հետ արհեստական չպիտի լինի եւ առաջնային չի: Մեզ համար ավելի կարեւոր էր ծրագրային ասելիքի կարեւորությունը, այսինքն՝ ինչ ենք մենք ասելու ժողովրդին»:

Զուրաբյանը, իհարկե, իրավացի է: Իրոք, կարեւոր է ժողովրդին ասել, բացատրել, թե ինչու եւ ինչպես ստացվեց, որ 18 քաղաքական ուժերից բաղկացած ընդդիմադիր ՀԱԿ դաշինքը հայտնվեց այնպիսի վիճակում, որ այսօր ՀԱԿ կուսակցության ասելիքը կիսողներ այլ ուժեր չկան:




Լրահոս