Մեր դեսպանները տիրապետո՞ւմ են ֆինանսական հոսքերի, ներդրումների տեղեկատվությանը. Կ. Կարապետյանը` էդվարդ Նալբանդյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը: 2016 թ. միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին զեկուցել են ՀՀ սփյուռքի, ՀՀ ֆինանսների, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ արդարադատության նախարարները և Պետական եկամուտների կոմիտեի նախագահը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ 2016 թվականի ընթացքում նախարարությունը Հայաստանի Նախագահի ուրվագծած արտաքին քաղաքականության ուղենիշների և նրա կողմից տրված հանձնարարականների ու ՀՀ կառավարության ծրագրի հիման վրա շարունակել է աշխատանքներն՝ ուղղված Հանրապետության արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, երկրի զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների և երաշխիքների ապահովմանը, բարեկամ և գործընկեր պետությունների հետ փոխշահավետ համագործակցության զարգացմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, տարբեր մայրցամաքներում Հայաստանի բարեկամների թվի ավելացմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության և դիրքերի ամրապնդմանը: Աշխատանքները միտված են եղել նաև միջազգային և տարածաշրջանային տնտեսական ու ֆինանսական կառույցների հետ ակտիվ համագործակցության զարգացմանը, արտերկրում ՀՀ-ի և նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը, հայկական մշակութային ժառանգության պահպանմանը, միջազգային հարաբերություններում դրական օրակարգ ձևավորող և մեր շահերից բխող նախաձեռնությունների իրականացմանը, արտաքին հարաբերություններում պետական կառավարման մարմինների գործունեության համակարգմանը:

Նալբանդյանը զեկուցել է, որ 2017 թ. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակելու է Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության հետագա ամրապնդման, զարգացման համար անհրաժեշտ արտաքին բարենպաստ պայմանների ապահովման, համաշխարհային և տարածաշրջանային գործընթացներում առավել ընդգրկման, բարեկամ և գործընկեր երկրների հետ երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների զարգացման ու ամրապնդման, միջազգային կազմակերպություններում գործուն մասնակցության ապահովման արտաքին քաղաքական ուղեգիծը:

Վարչապետ Կարապետյանը հետաքրքրվել է օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դեսպաններին՝ տնտեսական գործունեության ուղղությամբ տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ և նշել. «Մեր դեսպանները տիրապետո՞ւմ են ապրանքաշրջանառության, ֆինանսական հոսքերի, ներդրումների տեղեկատվությանը: Նրանք իրենց առջև ո՞ւնեն խնդիր, թե կոնկրետ ապրանքատեսակը որ ներդրողին, որ բիզնես կառույցին ներկայացնեն»: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է կառավարության աշխատակազմ ներկայացնել վերլուծական տեղեկանք՝ դեսպանատների տնտեսական գործունեության ադյունքների վերաբերյալ: Կարեն Կարապետյանը առևտրաշրջանառության, ներդրումների ներգրավման գործում կարևորել է նաև սփյուռքի ներուժի օգտագործումը:




Լրահոս