Ինչպես հայտնի է` ՄԻԵԴ-ում Ադրբեջանի շահերը ներկայացնող Չինգիզ Ասքերովը, ով նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով վարչության պետն է, հայտարարել է, թե նախորդ տարվա ապրիլյան պատերազմի օրերին հայկական կողմից ադրբեջանական բնակավայրերին հասցված վնասների առնչությամբ՝ Ադրբեջանից մոտ 700 դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Այս կերպ Ադրբեջանն, ըստ էության, Հայաստանին է վերագրում իր վայրագությունները, թերեւս մոռանալով, որ հայկական կողմը դեռեւս նախորդ տարվա դեպքերից հետո է փաստերով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ինչեւէ, պետք է նկատել, որ փաստեր, թե Ադրբեջանը 700 դիմում է ներկայացրել չկան, ուստի այս հայտարարությունը հիմք ընդունել չարժե: Այդուհանդերձ, ինչ հակաքայլեր պետք է անի հայկական կողմը այս պարագայում:
ArmLur.am-ը նախ փորձեց պարզել, թե Ադրբեջանի կողմից Հայաստանին հասցված վնասների մասով ինչ է արել հայկական կողմը և ինչ դիմումներ են ներկայացվել:
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը ArmLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ զինծառայողների ընտանիքների անդամների կողմից մեծ թվով գանգատներ են նշվել, որոնք շարադրվել և ներկայացվել են Եվրոպական դատարան: Զեյնալյանի խոսքով, այդ դիմումներին կան արդեն կոմունիկացվածներ, իսկ մյուս մասն էլ՝ գրանցման փուլում է: Իրավապաշտպանն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից այդքան գանգատների քանակը բացարձակ որոշիչ չէ, և պետք է սպասել դրա գրանցմանը` հասկանալու համար, թե քանի անձից է ներկայացված, և ովքեր են դիմումատուները:
Հավելենք, որ դիմումներ են ուղղվել զոհվածների նկատմամբ միջամտության հետևանքով իրենց հանդեպ դրսևորված անմարդկային վերաբերմունքի, զոհվածների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի, իրավական պաշտպանության միջոցների, ինչպես նաև ազգային հիմքով խտրականության չենթարկվելու իրավունքների խախտումները ճանաչելու խնդրով:
Իսկ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ArmLur.am-ին փոխանցեց, որ իրենք ցանկացել են ադրբեջանական վայրագությունների մասով դիմել Միջազգային քրեական դատարան, սակայն այդպես էլ չեն դիմել, քանի որ խորհրդակցելով մասնագետների հետ` իրենց ասել են, որ այդ դիմումները կարող են հակառակ արդյունքն ունենալ:
«Տվյալ դատարանը քննում է գործը ոչ թե պետության, այլ կոնկրետ անձերի դեմ: Գործը քննվելու էր կոնկրետ անձի կամ այն հրամանատարության դեմ, ովքեր նախաձեռնել էին ապրիլյան պատերազմը: Կային տեսակետներ, որ դա վտանգավոր է մեզ համար և կարող է հակառակ արդյունք ունենալ: Իրավաբանների մի խումբ առաջարկեց հետ կանգնել այդ նախաձեռնությունից»,- նշեց նա:
Բաղդասարյանն ընդգծեց, որ Հայաստանը չի հանդիսանում այդ դատարանի անդամ, և դիմելու դեպքում քայլ առ քայլ պետք է կատարվեր, և այդ խնդրով նախ պետք է դիմեին ՄԱԿ:
Հավելենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավուքների պաշտպանի կողմից վերջերս ներկայացվել էր Ադրբեջանի վայրագությունների մասին միջանկյալ զեկույց, որը տարբեր դիվանագիտական խողովակներով արդեն իսկ ներկայացրել են միջազգային կազմակերպություններին:
Նաիրա Հովհաննիսյան