ՖՈՏՈ. «Սփյուռքում երիտասարդներ ունենք, որոնք դժվարանում են հայերեն խոսել, բայց ազգային երգերը երգում են»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային, ժողովրդական երգերի կատարող Գոհար Հովհաննիսյանը գարնանը իր հանդիսատեսին կներկայացնի նոր տեսահոլովակ, որտեղ կմատուցվի սասունցիների պար: Ընդ որում, պարողները կլինեն ոչ թե պրոֆեսիոնալներ, այլ սովորական սասունցիներ: Գոհարի խոսքով՝ ինքը, լինելով սասունցի, նորովի կներկայացնի մեր ժողովրդական վարպետների կատարած գործը:

Երգչուհին պատրաստվում է նաեւ մարտին շրջագայել Ռուսաստանի 30 քաղաքներում. «Ինձ հետ համերգներով հանդես կգան Համլետ Գեւորգյանը, Դավիթ Զաքարյանը եւ այլք: Շրջագայությունը կտեւի մեկ ամիս»,-ասաց նա:

Մենք հետաքրքրվեցինք` արդյո՞ք իր ոլորտում կազմակերպվում են, օրինակ, մրցանակաբաշխություններ, ժողովրդական, ազգային երգեր կատարողներն ըստ արժանվույն գնահատվո՞ւմ են, թե ոչ. «Առհասարակ, ես մրցանակաբաշխություններ չեմ սիրում. ի վերջո, երգարվեստը սպորտ չի, որ մրցելը կարեւորվի: Մեզ մոտ ամեն մեկն իր ասելիքն ու գույնն ունի: Ամեն դեպքում, մրցանակաբաշխություններից հրավերներ ունենում եմ, օրինակ` մարտին Փարիզում տեղի է ունենալու «Armenian Europe Music Awards»-ը, որտեղ ես ներկայացնելու եմ հայ ազգային երգը»,-տեղեկացրեց Գոհարը:

Քանի որ «Չորս տարբերակ» խումբը տարիներ անց վերամիավորվելու որոշում է կայացրել, խմբի նախկին անդամին հարցրինք` ինչու ինքը եւս չի ներառվել կազմում. «Խմբի աղջիկներն իմ ընկերներն են, որոնց շատ սիրում եմ, բայց իմ երաժշտական ուղղվածությունն ուրիշ է, պարզապես այդ խմբի շրջանակում էլ ասելիք չունեմ: Իսկ նախկինում մենք երգում էինք Երգի պետական թատրոնում, որոշել էինք մի նախագիծ իրականացնել, եւ ամեն մեկս փորձում էր ներկայանալ իր ժանրում: 10 երգ ձայնագրելուց հետո հասկացա, որ եթե շարունակեմ նույն կերպ գործել, կկրկնվեմ: Բացի այդ` անհատապես հանդես գալու բազմաթիվ հրավերներ ունեի եւ արդեն ֆիզիկապես չէի հասցնում այդ երկու գործը համատեղել»,-մեկնաբանեց երգչուհին:

Իսկ հարցին, թե որն է համարում ազգային, ժողովրդական երգի ասպարեզում ունեցած մեր ամենաուշագրավ ձեռքբերումը, Գոհարը պատասխանեց. «Սփյուռքում կան երիտասարդներ, որոնք դժվարանում են հայերեն խոսել, բայց ժողովրդական երգերը մեզ հետ հավասար երգում են: Սա ես համարում եմ հաղթանակ»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս