Իրանն ընդհանուր սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի և Իսրայելի անվտանգության համար: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն:
«Իրանն առավել կոշտ ուղու վրա է իրանական միջուկային խնդրի լուծման հարցով համաձայնագրի ստորագրումից հետո: Իսկապես նրանք առավել կոշտ են դարձել: Նրանք արձակեցին հրթիռ, բալիստիկ հրթիռ՝ խախտելով ՄԱԿ-ի բանաձևը, եբրայերեն գրառում կատարելով՝ «Իսրայելը պետք է ոչնչացվի»: Բավականին խաղաղասեր մտադրություն»,-նշել է Նեթանյահուն:
Պատասխանելով MSNBC հեռուստաալիքի հաղորդավարի այն հարցին, թե արդյոք նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իսրայել է հրավիրել, Նեթանյահուն պատասխանել է. «Այո, ես դա արել եմ: Համոզված եմ, որ նա կգա»: Սակայն նա չի նշել Թրամփի այցի ամսաթիվը:
Հիշեցնենք, որ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփն ու Նեթանյահուն խոստացել էին նոր միջոցներ ձեռնարկել, որպեսզի թույլ չտան Թեհրանին միջուկային զենք ստանալ: