Վիգեն Սարգսյանը՝ Ռուսաստանի կողմից «Իսկանդեր»-ների տրամադրման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. Ռուսաստանի կողմից տրամադրված «Իսկանդեր» հրթիռային համակարգերը պատկանում են Հայաստանի զինված ուժերին և կառավարվում հատուկ պատրաստություն անցած հայկական զինված ուժերի սպաների կողմից: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Գործակալությունը հիշեցնում է, որ առաջին անգամ «Իսկանդեր» հրթիռային համակարգերը ցուցադրվեցին Երևանում ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ:

«Այն, որ «Իսկանդեր»-ները մատակարարվել են Հայաստանին, իմ կարծիքով, բոլորի համար ակնհայտ է, քանի որ բոլորն իրենց աչքով են տեսել: Այն, որ դրանք պատկանում են Հայաստանի զինված ուժերին, նույնպես կարող եմ հաստատել հարյուր տոկոս համոզվածությամբ: Եվ այստեղ ոչ մի այլ կարծիք պարզապես լինել չի կարող: Ինչ վերաբերում է մնացած հարցերին, թե երբ, ինչ գումարով, ինչ ժամկետով և այլն, ապա, ինչպես հասկանում եք, այդ ամենը դասակարգվում է որպես «հույժ գաղտնի»: Կառավարում ենք մենք, կառավարում են նրանք, ում դրանք պատկանում են: Այստեղ ես կարող եմ բացել գաղտնիքը»,-ասել է Վիգեն Սարգսյանը:

Այն հարցին, թե արդյոք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի՝ համապատասխան պատրաստություն անցած սպաների ձեռքում է գտնվում համակարգերի կառավարումը, Վիգեն Սարգսյանը պատասխանել է. «Միանշանակ»:




Լրահոս