ՓՈՒՉԻԿ-ՇՈՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ երիտթեւի ոչ այնքան երիտասարդ նախագահ Կարեն Ավագյանի Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) պետական «ռեկետի» է ենթարկում բուհերին: Այս կազմակերպությունը հայաստանյան մեկ տասնյակից ավել բուհերից տարեկան միլիոնավոր գումարներ է ստանում: Պարզվում է՝ բուհերն իրենց բյուջետային միջոցների 2 տոկոսը պարտադիր «նվիրաբերում են» ՀԵՀ-ին: Օրինակ՝ Հայաստանի ճարտարագիտական համալսարանը՝ պոլիտեխնիկը, 2016 թվականին ՀԵՀ-ին փոխանցել է 29 մլն 200 հազար դրամ: Իսկ ահա Երեւանի պետական համալսարանի՝ ՀԵՀ-ին նվիրաբերած գումարը ավելի քան 100 մլն դրամ է: Կհարցնեք, թե ի՞նչ են արվում գումարները: Կ. Ավագյանի հիմնադրամը ծախսում է ամենատարբեր, մեծամասամբ անիմաստ միջոցառումներ կազմակերպելու համար` փուչիկների փառատոն, բնապահպանության, վերարտադրողական առողջության թեմաներով միջոցառումներ, ամանորյա քեֆ-ուրախություն եւ այսպես շարունակ: Դե, քանի որ այս հիմնադրամն ամեն տարի ճանաչվում է նախագահականի գործընկեր կազմակերպություն, բնականաբար, հայտնվել է արտոնյալի կարգավիճակում, եւ տարեկան հաշվետվություններում օրենքով նախատեսված տվյալները նրանք չեն ներկայացնում, որպեսզի հասկանանք, որ բոլոր բուհերից ուսանողների ուսման վարձերի 2 տոկոսը գանձելով՝ ի՞նչ են անում: Լրագրողական հետաքննությունը՝ էջ 6

 

 
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում մասնակցող դաշինքների մի մասը կուսակցությունների ղեկավարների անուններով է լինելու. նախօրեին հայտարարվեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» անվանումով դաշինքի մասին, սպասվում է, որ ԲՀԿ-ի շուրջ եւս դաշինք կձեւավորվի, որը կրելու է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ազգանունը: Մինչ այդ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսպես մեկնաբանեց քաղաքական դաշտում նորահայտ այս երեւույթը. «Քարոզարշավին շատ քիչ ժամանակ է մնացել, եւ որպեսզի այդ անունը բրենդ դառնա, մարդկանց հիշողության մեջ մտնի, ժամանակը չի բավարարի, դրա համար դնում են անուններով՝ մտածելով, որ իրենք արդեն բրենդ են»: Սարգսյանը նաեւ կարեւորել է գաղափարական դաշինքների ստեղծումը` ասելով. «Եթե նպատակ են դնում իշխանափոխության, դա նպատակային դաշինք է, այդ դաշինքներում կան կուսակցություններ եւ անհատներ, ովքեր նպատակ են դնում ցուցակի որեւէ համար լինել, նաեւ սա կա: Բայց ճիշտը գաղափարական դաշինքն է, պիտի իմանաս՝ ում ումով ես փոխում, եւ այդ տարբերակը աշխատող է, կարծում եմ»:

 

 

 
Պարզվում է` պետական որոշ գերատեսչություններ իրենց գործունեությունը կազմակերպելու համար տարածքներ են վարձակալում հենց իշխող Հանրապետական կուսակցությունից՝ այդ կուսակցությանն ուղղելով պետական բյուջեի միջոցները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը Վայք քաղաքում տարածք է վարձակալել ՀՀԿ-ից եւ այդ նպատակով կուսակցությանը վճարել է 288 հազար դրամ: ՀՀԿ-ից տարածք է վարձակալել նաեւ Վայոց ձորի մարզպետարանը` վճարելով մոտ 300 հազար դրամ: Փաստորեն, անգամ պետությունն է ծառայեցվում իշխող կուսակցության շահերին, թեեւ պետք է լիներ հակառակը, եւ ՀՀԿ-ն պետք է տարածքներ վարձակալեր պետությունից:

 

 

 
Թեեւ ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարվեց համամասնական ընտրացուցակի առաջին տասը հոգու անունը, սակայն ԱԺ ընտրություններին իշխող կուսակցության մարտավարության վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան: Օրինակ` պարզեցինք, որ ՀՀԿ ցուցակում ընդգրկված է լինելու միայն երեք նախարար` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որ գլխավորելու է ՀՀԿ ցուցակը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ու մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Իսկ ահա մյուս բոլոր նախարարները, նախնական տեղեկություններով, չեն լինելու այնտեղ, մինչդեռ նրանցից Դավիթ Հարությունյանը, Հրանուշ Հակոբյանը նաեւ կուսակցության ԳՄ անդամներ են: Ավելին՝ ՀՀԿ ցուցակում չի լինի ոչ միայն նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, այլ նաեւ նրա թիմի անդամները, թեեւ նրանք վերջերս մեծ շուքով անդամակցեցին ՀՀԿ-ին: ՀՀԿ ցուցակում չի լինի ԳՄ անդամներից տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, նաեւ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը: ՀՀԿ կանանցից ցուցակում չեն լինի ՄԻԱԿ-ից Նաիրա Կարապետյանը, նաեւ Երեւանի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը` ՀԷԿ-երի սեփականատերը:

 

 

 
ՄՆԱՑ ՄԵԿ ՕՐ
Դաշինքակազմության եւ դաշինքաքանդության վերջին օրերի գործընթացները բավականին խառնաշփոթ իրավիճակ են ստեղծել: Շարքային քաղաքացու համար այս փուլում բավականին դժվար է հասկանալը, թե ով ում դաշինքից է, ով ում կողմից է կամ ում դեմ: Նկատենք, որ անցած 25 տարիներին բազմաթիվ քաղաքական վայրիվերումների ականատես եղած ՀՀ քաղաքացին նման պատկերի, երբ ամպագոռգոռ հայտարարությունների ուղեկցությամբ նախ՝ ամենատարբեր քաղաքական նախասիրություններ ունեցող ուժերը /գաղափարներ բառը, մի տեսակ, ափսոս է/ համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրում, ապա՝ մեկ ամիս էլ չանցած՝ մեղադրանքների տարափով հայտարարում իրենց դուրս գալու մասին, երբեւէ չէր տեսել: Իհարկե, նման պրոցեսներ՝ զուտ բովանդակային առումով, եղել են բազմիցս, բայց որ այսպիսի արագությամբ, դա արդեն այս ընտրական սեզոնի «նոու հաուն» է:
Իսկ ամենամտահոգիչն այս իրավիճակում այն է, որ Է. Շարմազանովի ասած «աջաբ սանդալ», կամ Լ. Զուրաբյանի ասած «սալաթ» հիշեցնող այս քաղաքական միավորումները ոչ միայն իրենք չեն ձեւակերպում հստակ քաղաքական ասելիք, այլեւ հանրությունը նրանցից նման ասելիք չի ակնկալում: Մարդկանց ավելի հետաքրքրում է այդ «սալաթի» տարբեր բաղադրիչների համադրելիության հարցը, եւ վտանգ կա, որ բուն քաղաքական դիսկուրսը ստվերվելու է փոխադարձ հիշեցումների հետեւում, թե ով ում մասին ժամանակին ինչեր է ասել, ով ում ոնց է «քլնգել» եւ այլն: Արդեն երեկ «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի հետ կապված լրատվական դաշտը լի էր հենց նման բնույթի հրապարակումներով, մինչդեռ հարցադրումները, թե այս երեք ուժերը շատ կոնկրետ հիմնախնդիրների շուրջ ինչպիսի միասնական դիրքորոշում ունեն, գրեթե բացակայում էին: Անշուշտ՝ նախընտրական ծրագրերում քաղաքական ուժերը կփորձեն գեղեցիկ ձեւակերպումներով ներկայացնել իրենց դիրքորոշումները այս կամ այն հարցի շուրջ, խնդիրն այն է, սակայն, որ մինչ այդ իրական կյանքում ընթացող շատ կոնկրետ պրոցեսների հետ կապված հանրությունն այդպես էլ չի տեսնում այս կամ այն ուժի դիրքորոշումը:
Այսօր մենք ունենք խնդիրների մի հսկա փունջ՝ աղետալի արագությամբ աճող ՀՀ արտաքին պարտք, Ղարաբաղյան պատերազմի վերսկսման իրական վտանգ, արտագաղթի աճող տեմպեր, դատարկվող գյուղեր, ԵՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում մեր շահերի հրապարակային ոտնահարում եւ նվաստացուցիչ վերաբերմունք, այսպես կոչված, դաշնակից պետությունների կողմից, եւ այլն, եւ այլն: Սակայն այս բոլոր կարեւորագույն խնդիրները կարծես թե չեն վերաբերում նախընտրական մարաթոնի դուրս եկած ուժերին: Առայժմ նրանք զբաղված են շատ ավելի կարեւոր՝ ցուցակային առեւտրով, իսկ այդ խնդիրների մասին դեռ կհասցնեն խոսել քարոզարշավի ժամանակ. խնդիրները հո չեն փախչի:




Լրահոս