26-ամյա Գ. Ռ.-ն, ով ծնունդով Վրաստանի Հանրապետության Գանձա գյուղից է, հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
Բանն այն է, որ «Պանտերա սեքյուրիթի» պահնորդական ընկերության աշխատակից Գ. Ռ.-ն հանդիսանում է Երևանի «Սաֆիր» գիշերային ակումբի անվտանգության աշխատակից: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ակումբի անվտանգության ծառայություն իրականացնելու ընթացքում դիտողություն է արել հաճախորդ Էդգար Խաչատրյանին՝ սրահում սուլելու համար:
Աշխատակցի և այցելուի վիճաբանությունը շարունակվել է նաև ակումբի սրահում, ապա գիշերային ակումբի դիմաց, որտեղ էլ Գ. Ռ.-ն բռունցքով դիտավորությամբ հարվածել է Է. Խաչատրյանի դեմքին: Է. Խաչատրյանը դիմել է փախուստի, սակայն անվտանգության աշխատակիցը նշված ակումբից վերցրել է փայտե մահակ, հետապնդել Խաչատրյանին: Ավելին՝ Խաչատրյանի առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
Նախաքննության ընթացքում Գ.Ռ.-ն գտնվել է կալանքի տակ:
Դատարանը վճռել է Գ. Ռ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել, և նշված հոդվածներով քրեական հետապնդումը դադարեցնել` կատարված հանցագործության մեջ նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:
Եվ ահա, Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է գտնվում այս գործով բողոքը: