ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԸ ՉԻ ՀՈՐԴՈՐԻ ԱՋԱԿՑԵԼ ՀՀԿ-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւս, ի թիվս խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ այլ փաստաթղթերի, նախօրեին վերջապես ԿԸՀ ներկայացրեց կուսակցության համամասնական ցուցակն ամբողջությամբ:

Սակայն մինչ ԿԸՀ ներկայացնելը ԱԺ փոխնախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը դեռեւս փետրվարի 14-ին կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին էր ներակայացրել կուսակցության համամասնական ցուցակի առաջին տասնյակը: Եվ զարմանալիորեն համամասնական ցուցակի հինգերորդ հորիզոնականում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի անունն էր: Այն դեպքում, երբ մշակույթի նախարարը երկար մտորումներից հետո ընդամենը վերջերս էր որոշում կայացրել անդամակցել հանրապետական կուսակցությանը: Իհարկե, այս փաստն ունի իր բացատրությունը. Հանրապետական կուսակցությունն այս անգամ որոշել է ընտրություններին մասնակցել այնպիսի ցուցակով, որի անդամներին հանրությունը դեռեւս լիաթոք չի քննադատել: Առանց այդ էլ կուսակցության ներսում քննադատվածների պակաս չկա: Այնուամենայնիվ, արդյո՞ք Ամիրյանը պատրաստվում է ակտիվորեն զբաղվել քարոզչական աշխատանքներով, եւ մի՞թե այդ աշխատանքները չեն խանգարի մշակույթի ոլորտում առկա խնդիրները լուծելուն, ինչի համար որ կոչված է մշակույթի նախարարը: «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն է:
-Պարո՛ն Ամիրյան, ընդամենը վերջերս անդամակցեցիք Հայաստանի հանրապետական կուսակցությանը, բայց արդեն ՀՀԿ-ի համամասնական ցուցակի հինգերորդ տեղում եք: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ փաստը:
-Շատ հաճելի եւ պարտավորեցնող է: Վստահությունը մեծ է, եւ պարտավորությունը նույնպես շատ մեծ:
-Ձեր կուսակցական մյուս գործընկերները՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ովքեր Ձեզանից ավելի վաղ էին անդամագրվել ՀՀԿ-ին, չկան ցուցակում…
-Որոշումը կայացվում է կուսակցությունում, եւ ես միայն ուրախ եմ, որ այդպիսի մեծ պատիվ է վստահված ինձ:
-Պարո՛ն Ամիրյան, մարտի 5-ից սկսվելու է բուն քարոզչական շրջանը: Դուք, որպես ՀՀԿ-ի նախընտրական ցուցակի հինգերորդ համարում ներկայացված պաշտոնյա, նախընտրական այս շրջանում զբաղվելո՞ւ եք Հայաստանի հանրապետական կուսակցության քարոզչությամբ:
-Օրենքով սահմանված կարգով:
-Բայց փետրվարի 9-ին տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նախազգուշացրեց. «Մամուլում կան հրապարակումներ, որ մեր գերատեսչությունների ու մարզային կառույցների ղեկավարներն իրենց ադմինիստրատիվ ռեսուրսներն օգտագործում են նախընտրական քարոզչության համար: Մտնում ենք նախընտրական փուլ, եւ ես խստագույնս զգուշացնում եմ բոլորին, որ նման գործողությունները կլինեն արջի ծառայություն՝ անկախ այն բանից, թե որ կուսակցության համար են քարոզելու»: Վարչապետի զգուշացումից հետո ինչպե՞ս եք պատրաստվում զբաղվել քարոզչությամբ:
-Ինչպես կուսակցությունը կորոշի եւ օրենքով սահմանված կարգով, այդ սահմանների մեջ:
-Կարծո՞ւմ եք՝ նախընտրական քարոզչությամբ զբաղվելը չի՞ խանգարի Ձեր՝ որպես մշակույթի նախարարի՝ անմիջական գործառույթների իրականացմանը: Համատեղելը, ըստ էության, անհնար է, այդ դեպքում կտուժի թե՛ մշակույթը, թե՛ քարոզչական այն աշխատանքը, որը կվստահվի Ձեզ:
-Ամենեւին, չեմ կարծում, որովհետեւ այն ծրագրերը եւ գաղափարները, որ իրականություն են դառնում այս պահին, մենք սկսել ենք դեռեւս չորս ամիս առաջ, եւ այսօր նախանշված բոլոր ծրագրերն ունեն պատասխանատուներ, ունեն ներդրողներ, ունեն մասնավոր ներդրողներ, եւ ծրագրերն ընթանալու են ինքնաբերաբար: Դրա համար մենք մեր աշխատանքի առաջին երեք ամիսը ամբողջությամբ տրամադրեցինք ծրագրերը հասկանալու, գծագրելու, աջակիցներ գտնելու գործին եւ ամբողջ աշխատանքային գրաֆիկը կազմեցինք, թե ինչպես պետք է ընթանա, դրա համար այսօր, կարծում եմ, որ խնդիրներ չկան:
-Պարո՛ն Ամիրյան, Դուք վերջերս ինքներդ էիք հայտարարել, թե դեմ եք մշակույթը քաղաքականացնելուն: Հիմա եթե Դուք սկսեք զբաղվել քարոզչությամբ, արդյո՞ք շատ մշակութային գործիչներ չեն հետեւի Ձեր օրինակին:
-Կուսակցությանն օգնում են, երբ վստահում են: Իսկ ես կարծում եմ, որ ոչ միայն մշակույթի գործիչների, այլեւ շատ շատերի վստահությունը վայելում ենք եւ կարող ենք արդյունքի հասնել:
-Այսինքն՝ Դուք, որպես ՀՀ մշակույթի նախարար, Ձեր ոլորտի ներկայացուցիչներին ՀՀԿ-ին սատարելու որեւէ հրահանգ կամ հորդոր չե՞ք անի:
-Երբեւէ, ամենեւին, չի կարող նման հորդորներ ասվել, պարզապես ես իսկապես ակնկալում եմ մեր հասարակության աջակցությունը:

 

 

 
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆ ԱԶԳՈՒՏԱԿՈՎ

Ակնհայտ է, որ գալիք խորհրդարանական ընտրություններում առավել թեժ պայքարը ծավալվելու է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվածների միջեւ, ընդ որում, ոչ միայն տարբեր ուժերի, այլեւ հենց նույն կուսակցության թեկնածուների: Յուրաքանչյուրը փորձելու է առավելն անել կուսակցության համար եւ ապացուցել, որ հենց ինքն է այն ռեյտինգային թեկնածուն, որը պետք է լինի հաջորդ խորհրդարանում:

Այս առումով հատկապես հետաքրքիր պատկեր է Շիրակի մարզում: Այստեղ սպասվելիք պայքարին մասնակցող թեկնածուներից մի քանիսի դեպքում անգամ «Սարոյան եղբայրների» մոտիվներ են ի հայտ եկել:
Մասնավորապես՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության ռեյտինգային թեկնածուներից է «Հայավտոկայան» ՓԲԸ Մարալիկի մասնաճյուղի պետ Գալուստ Ուռուտյանը: Հետաքրքիրն այն է, որ Ուռուտյանը առաջադրվում է ոչ թե «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ցուցակով, այլ ՀՎԿ-ի:
Նշենք, որ Գալուստ Ուռուտյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակցի՝ Հարություն Ուռուտյանի որդին է: Վերջինս առավել ակտիվ էր 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ: Երբ բանտարկվում էին Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, Հարություն Ուռուտյանը դարձավ առաջին քաղբանտարկյալը: Ու հիմա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Հարություն Ուռուտյանը չի առաջադրվել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ցուցակով հենց որդու պատճառով: Ասել է, թե մի ընտանիքում տարբեր գաղափարների ձեռքը կրակն են ընկել:
Այս ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից է նաեւ ազատամարտիկ, ՔԿՀ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը: Արի ու տես, որ Սաղաթելյանի դեպքում եւս ամեն ինչ հարթ չէ: Ըստ որոշ տեղեկությունների՝ թեեւ Սաղաթելյանը առաջադրվել է «Ծառուկյան» դաշինքով, բայց նրա հարազատներից ոմանք սատարելու են ՀՀԿ-ին: Հարցի առնչությամբ փորձեցինք զրուցել Սաղաթելյանի հետ: Վերջինս, սակայն, նշեց. «Ես էլ չգիտեմ, Գյումրիում եմ, գնամ, ճշտեմ, տեսնեմ՝ ինչ է կատարվում: Ամեն ոք յուրովի է խելագարվում, հիմա այդպես է: Ես չեմ ճշտել, Ձեզ ինչպե՞ս պատասխանեմ: Մանրամասնություններ չգիտեմ, այնտեղ ինչ է կատարվում, հիմա այսօր սկսել եմ, կիմանամ դա: Ես երբեք կյանքում չեմ բռնանում ոչ ոքի կամքին»,-համենայն դեպս, հավաստիացրեց Սաղաթելյանը
Ստացվում է՝ նախընտրական այս թոհուբոհը ոչ միայն թիմակիցների եւ մրցակից ուժերի անդամների, այլեւ հարազատների հարաբերություններում է լուրջ լարում մտցնում:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
ԴԵՍՊԱՆԻ ԽԱԹԵ՞Ր
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը թեեւ հրաժարվեց իր դաշինքում ընդգրկել մի շարք մարդ-կուսակցությունների, սակայն ԲՀԿ նախկին խոսնակ Տիգրան Ուրիխանյանի ղեկավարած «Ալյանս» կուսակցության հետ դաշինք կազմեց՝ նրա անունը ցուցակում գրելով 7-րդը: Ինչո՞ւ, ո՞րն է Ուրիխանյանի «հմայքը»: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները, Ուրիխանյանին ցուցակում ընդգրկելու հարցում մեծ դերակատարություն է ունեցել Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկին, որը միջնորդել է Ծառուկյանի մոտ, որպեսզի Ուրիխանյանը ցուցակում ընդգրկվի:
Այս հարցի առնչությամբ մեկնաբանություններ ստանալու համար «Ժողովուրդ»-ը դիմեց Տիգրան Ուրիխանյանին, որը մեր հարցին որակումներ տալուց հետո ասաց. «Լուրջ լրատվամիջոց եք, բարեկիրթ մարդ եք, եւ ես զարմանում եմ, որ այդ հարցը տալիս եք»:

 

 

ՏԵՂՅԱԿ ՉԷ՞
ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված է նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը. նրա անունը 24-րդ հորիզոնականում է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա ՀՀԿ ցուցակում է ընդգրկվել եւ նման անցողիկ տեղում հայտնվել Սերժ Սարգսյանի կնոջ` Ռիտա Սարգսյանի հետ մտերմության շնորհիվ: Սակայն ինքը՝ տիկին Բաղդասարյանը, հրաժարվում է խոսել այդ մասին, եւ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, լսելով հարցը, խիստ վրդովված ասաց. «Ո՞վ է Ձեզ փոխանցել այդ տեղեկությունը: Ես նման տեղեկություններ չունեմ»:

 

 

 

ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալներին մարմնավաճառներ մատակարարելու գործով որպես մեղադրյալ ներգրավված փոխգնդապետը ստորագրությամբ ազատ է արձակվել:
Հիշեցնենք, որ 2016 թվականին ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցվել պաշտոնատար անձանց կողմից դատապարտյալներին մարմնավաճառներ մատակարարելու կապակցությամբ, որի շրջանակներում որպես մեղադրյալներ կալանավորվեցին այդ ՔԿՀ-ի պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանն ու ՔԿՀ պատասխանատու հերթապահ, արդարադատության փոխգնդապետ Խաչիկ Խաչատրյանը:
Սակայն այս աղմկահարույց պատմության մեջ ուշագրավ է այն հանգամանքը, որ քրեական գործը դատարան ուղարկելուց հետո նախկին պաշտոնյան կալանքի տակ է, իսկ ահա քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ, փոխգնդապետ Խաչիկ Խաչատրյանն օրերս ազատվել է կալանքից եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ քաղաքից չհեռանալու վերաբերյալ: Թեեւ մյուս կողմից կատարվածը տեղավորվում է տրամաբանության մեջ այն առումով, որ դատավորը ոչ այլ ոք է, քան հայտնի Մնացական Մարտիրոսյանը` քաղբանտարկյալների դատավոր Մացոն:




Լրահոս