ՕՏԱՐ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԳԱՂՏՆԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ ՀՀ-ՈՒՄ ԵՎ ԱՄՆ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն դեռ ուշքի չի գալիս Դոնալդ Թրամփի նախագահության հանկարծակիությունից: Երկրում քաղաքական կյանքը պետք է մտներ զուսպ եւ հանդարտ աշխատանքի շրջափուլի մեջ` նոր նախագահին ու նրա վարչակազմին թողնելով առնվազն 100 օր հարմարվելու աշխատանքի լարվածությանն ու ներկայացնելու նոր ներքին եւ արտաքին քաղաքական նախաձեռնությունները: Սակայն գրեթե ամենօրյա ռեժիմով պայթում է մի նոր սկանդալ` փոթորկելով ամերիկյան քաղաքական դաշտը: Այդ շարքում է Թրամփի ազգային անվտանգության գծով հատուկ խորհրդական, նախկին գեներալ Մայքլ Ֆլինի հրաժարականը:

Մայքլ Ֆլինը նույնիսկ մեկ ամիս չաշխատեց այդ պատասխանատու պաշտոնում` հրաժարական ներկայացնելով: Եվ պատճառն էլ պակաս դրամատիկ ու հակասական չէ: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների` նա ռուսական շրջանակների հետ իր բանակցությունների մասին միտումնավոր սխալ տեղեկատվություն է փոխանցել ոչ միայն հանրությանը, այլեւ փոխնախագահ Մայքլ Փենսին եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների: Նա իր հրաժարականի տեքստում չի էլ թաքցնում այս հանգամանքը` հայտնելով, որ ՌԴ դեսպանի հետ հանդիպման ու վարած բանակցությունների մասին իր տված տեղեկատվությունը եղել է «ոչ ամբողջական»: Փոխնախագահ Փենսը հրապարակավ պնդել էր, որ Ֆլինը ՌԴ դեսպանի հետ չի քննարկել Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան սանկիցաները հանելու հարցը, մինչդեռ իրականում նման խոսակցություն տեղի էր ունեցել: Նախագահի վարչակազմը, պարզելով այս փաստի իսկությունը, հանգել էր անվտանգության գծով խորհրդականի հրաժարականին: Ակնհայտ է, որ ԱՄՆ փոխնախագահ Փենսը չի ներել Ֆլինին ապատեղեկատվության համար, որը ակամայից կրկնել է հանրության ու լրատվամիջոցների առջեւ:
Այս փաստը հուշում է, որ ԱՄՆ փոխնախագահը բավականին ազդեցիկ դերակատարություն ունի Թրամփի վարչակազմում, ինչը ամերիկյան պատմության մեջ հաճախ հանդիպող երեւույթ չէ: Դեռ նախընտրական շրջանում էր հայտնի, որ Թրամփն իր մրցակիցներից Օհայոյի նահանգապետ Քեյսիքին խոստացել էր փոխնախագահության պաշտոնին համաձայնելու դեպքում պետական քաղաքականության մշակողի ու իրական ղեկավարողի լծակներ: Ենթադրելի է, որ նման խոստում տրվել է նաեւ Փենսին, որը բացի նրանից, որ ներկա է Թրամփի բոլոր կարեւորագույն հանդիպումներին ու հեռախոսազրույցներին, նաեւ Հանրապետական կուսակցության վերնախավի հետ հարաբերությունների կապող օղակն է: Պարզ է, որ նման մեծ ազդեցություն ունեցող փոխնախագահը չէր կարող թույլ տալ իրեն հիմարացնել, առավել եւս տեսախցիկների առաջ:
Ֆլինի հրաժարականը բավականին ցավոտ պետք է ընդունեն առաջին հերթին Կրեմլում: Խնդիրն այն է, որ Ֆլինը խիստ մտերիմ հարաբերություններ ուներ մոսկովյան շրջանակների հետ, եւ կարելի է ասել՝ Թրամփի ու Պուտինի անուղղակի միջնորդն էր: Օգտվելով նաեւ նախագահի քաղաքական փորձառության պակասից` Ֆլինն իրեն կարող էր թույլ տալ Թրամփի անունից խոստումներ շռայլել, ինչի շարքում նաեւ սանկցիաների չեղարկումն էր: Ֆլինի մոսկովյան կապերի մասին կարելի է պատկերացում կազմել այն հանգամանքով, որ նա 2015թ. Մոսկվայում կայացած մի միջոցառման ժամանակ նստել էր հենց Պուտինի կողքին, ինչը խոսուն փաստ է հատկապես ռուսական դիկտատուրալ իրականության պայմաններում: Այսօր, սակայն, Ֆլինը գահավիժում է` բարդ կացության մեջ դնելով նաեւ Պուտինին: ԱՄՆ նախագահի կողքին նման դաշնակից ունենալը Ռուսաստանի եւ նրա պես գերտերությունների համար երազանք է: Պուտինին դա հաջողվել էր, եւ թվում է՝ աշխատում էր հօգուտ Ռուսաստանի: Ներկայումս Պուտինը կկանգնի նոր ու բարդ խնդրի առաջ, քանզի չհասցրած Թրամփի հետ հանդիպել ու տետ-ա-տետ ռեժիմով հասնել սանկցիաների չեղարկմանը, նա զրկվեց ԱՄՆ նախագահի վարչակազմում ռուս-ամերիկյան համագործակցությունը քարոզող կարեւոր դերակատարից: Ավելին` վերջինիս սերտ գործակցությունը ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ բազմաթիվ հարցեր է բարձրացրել ԱՄՆ կառավարող շրջանակներում, մասնավորապես իրենց անհանգստություններն են հայտնել ԱՄՆ արդարադատության նախարարությունն ու Դեմոկրատական կուսակցության ղեկավարները: Կարծիք կա, որ Ֆլինի հրաժարականով կարող է խնդիրը չլուծվել, քանզի նա ոչ միայն չարաշահելով իր պաշտոնեական դիրքը՝ խախտել է ԱՄՆ Սահմանադրությունը, այլեւ գաղտնի բանակցություններ է վարել օտար պետության հետ եւ պայմանավորվածությունների հանգել` ի հեճուկս ԱՄՆ ազգային անվտանգության:
Հայաստանում պաշտոնատար անձանց կամ հայտնի գործիչների` օտար երկրների ներկայացուցիչների հետ գաղտնի բանակցությունների ու դրանց հրապարակայնացման արդյունքում սկանդալ տեղի ունեցավ 2007թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Նախկին ՕԵԿ նախագահ, ԱԺ նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանը Մեծ Բրիտանիայի դեսպանին խնդրում էր բացասական գնահատական տալ իշխանությունների կազմակերպած ընտրություններին: Ռոբերտ Քոչարյանն այն ժամանակ Բաղդասարյանին մեղադրել էր դավաճանության մեջ, ինչը պաշտպանվել էր վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից: Վերջինս, սակայն, 2008թ. մարտի 1-ի ճիշտ նախօրյակին Բաղդասարյանին վստահեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Ֆլինի քաղաքական կարիերան ԱՄՆ-ում կարծես ավարտված է, քանզի նա թե՛ չարաշահել է իր պաշտոնեական դիրքը, թե՛ խեղված տեղեկատվություն հաղորդել նախագահին ու փոխնախագահին, թե՛ գաղտնի պայմանավորվածությունների հանգել օտար պետության դեսպանի հետ: Մինչդեռ Հայաստանում Արթուր Բաղդասարյանը հրապարակավ խոստանում է քերթել իր համար վատ աշխատող կուսակիցների կաշին` հավակնելով ստանձնել նոր պաշտոններ:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
«ՎԻՆԱՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՆԱՆԿԱՑԵԼ Է. ՈՎ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԻ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ

Կոնյակի սպիրտի արտադրությամբ զբաղվող «Վինար» ընկերությունը սնանկացել է: Պատճառը ֆինանսական խնդիրներն են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցած տարվա հոկտեմբերի 27-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դիմել է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով: Եվ դեկտեմբերի 9-ին ընկերությունը նույն դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել:

«Վինար» ընկերության սնանկության գործերով կառավարիչ Տիգրան Հարությունյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ պարտատերերի առաջին ժողովը նշանակված է այս տարվա մարտի 31-ին:
Նշենք, որ կոնյակի սպիրտի արտադրությամբ զբաղվող «Վինար» ընկերությունը Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչներին պարտք է 67 մլն 800 հազար դրամ՝ մթերած խաղողի դիմաց: Ընկերության տնօրեն Ավետ Գալստյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էր, որ գյուղացիների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել յուրաքանչյուր ամսվա վերջին պարտքից որոշակի չափով մարումներ անել: Հիշեցնենք, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչները անցած տարվա ընթացքում պարբերաբար բողոքի ակցիաներ էին անցկացնում, ճանապարհներ էին փակում՝ պահանջելով 2015 թվականին մթերված խաղողի գումարները: Բանն այն էր, որ խաղողը մթերած «Վինար» ընկերության տնօրեն Ավետ Գալստյանը ամիսներ շարունակ խոստանում էր պարտքը մարել, սակայն ուշացնում էր: Ի վերջո, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած պարտավորությունները չկատարելու համար «Վինար» ընկերությանը պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն: Արդյունքում եւս մեկ ընկերություն սնանկացավ: Մինչդեռ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը իր պաշտոնավարման առաջին օրերին տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին հորդորում էր գործարարի ձեռքը բռնել. «Բիզնեսին աջակցող նախարարություն եք, դուք պետք է իրենց ձեռքը բռնած՝ բոլոր կառույցներով գնաք, որ իրանք իրանց ապահով զգան, որ որեւէ մեկն իրենց չխոչընդոտի»: Այս դեպքում, փաստորեն, ստացվեց հակառակը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ՏԱՎՈՒՇԻՑ՝ ՈՉ ԱՆՑՈՂԻԿ ՏԵՂԵՐՈՒՄ
Կուսակցությունները եւ քաղաքական դաշինքները փետրվարի 16-ին հրապարակեցին իրենց նախընտրական ցուցակները: Դրանց անցողիկ տեղերում Տավուշի մարզում բնակվող թեկնածուներ չկան: Տավուշի մարզից սերված Նիկոլ Փաշինյանը, Ստյոպա Սաֆարյանը, Խաչատուր Քոքոբելյանը թեեւ տեղ են զբաղեցրել «Ելք» դաշինքի եւ «Ազատ դեմոկրատների» ցուցակների անցողիկ տեղերում, սակայն քաղաքական այդ գործիչները վաղուց երեւանաբնակ են, նրանց հետաքրքրության կիզակետում համապետական խնդիրներն են եւ ոչ միայն հեռավոր, սահմանամերձ, հոգսաշատ Տավուշի մարզի հիմնահարցերը: Նիկոլ Փաշինյանի եղբոր որդին՝ Սիփան Փաշինյանը, զբաղեցնում է «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի 41-րդ տեղը: Նա հայտարարել է, որ ինքը առաջադրվելու է այդ դաշինքի Տավուշի մարզի վարկանիշային ցուցակով:
Իջեւան քաղաքի բնակչուհի, Հայաստանի կոմունիստական կուսակցության Իջեւանի շրջանային կոմիտեի առաջին քարտուղար Ասյա Օթարյանը զբաղեցնում է ՀԿԿ-ի համամասնական ցուցակի 6-րդ հորիզոնականը: ՀԿԿ-ի խորհրդարան մտնելու հնարավորությունները մեծ չեն, եւ քիչ հավանական է, որ այդ ցուցակի 6-րդ հորիզոնականը զբաղեցնողը ԱԺ պատգամավոր դառնա:
Իսկ ահա իշխող ՀՀԿ-ի 197 հոգանոց ցուցակի 29-րդ տեղում ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն է: Նա խորհրդարանի պատգամավոր է 1999 թվականից, 2 անգամ պատգամավոր է ընտրվել Տավուշի մարզից, մեծամասնական ընտրակարգով, 2 անգամ էլ՝ ՀՀԿ-ի համամասնական ցուցակով: Գ. Մելիքյանը սերում է Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանից, 2012 թվականից ցայսօր «Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միավորում» ՀԿ խորհրդի նախագահն է: ՀՀԿ-ի ընտրական ցուցակի վերջին՝ 192-197-րդ տեղերը զբաղեցնում են Իջեւանի քոլեջի տնօրեն Հասմիկ Ամիրյանը, «Գրանդ Տոբակո» ՓԲԸ ֆինանսական տնօրեն Գրիգոր Ավալյանը, «Տավուշգազ» ԳԳՄ-ի տնօրեն Սեյրան Խառատյանը, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Նելլի Խուդավերդյանը, «Երեւանի գարեջուր» ՓԲԸ խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանը, Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը եւ Վարդան Պետրոսյանը: Վերջինս Բերդի տարածաշրջանից է, նախկինում եղել է ՀՀՇ անդամ, 1995թ. «Հանրապետություն» խմբակցությունից պատգամավոր է ընտրվել: Նշված 7 անձինք լինելու են ՀՀԿ-ի Տավուշի մարզի վարկանիշային ցուցակում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս