ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ «ԿՌԻՎ» Է. ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՀՆԱԲՆԱԿՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր նշանակվելու հետ կապված համակարգում ներքին տարաձայնություններ են ծագել: Չնայած մի շարք մարզային դատավորներ համապատասխանել են, որպեսզի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակվեն, սակայն նրանց ներքին կարգով հասկացրել են, որ ցանկալի թեկնածուներ չեն:

Առաջխաղացման ցուցակը
Ինչպես հայտնի է՝ ՀՀ դատական համակարգը հաճախ է հայտարարում, որ դատավորները, օրինակ, կարող են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական, դատարանի դատավորի թափուր տեղի համար դիմում ներկայացնել՝ ընդգրկվելու ծառայողական առաջխաղացման ցուցակում: Ասել է, թե այն դատավորները, որոնք ցանկություն ունեն, օրինակ, Լոռու մարզից տեղափոխվել եւ նշանակվել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, դիմում են ՀՀ արդարադատության խորհուրդ եւ հետագայում ընդգրկվում են առաջխաղացման ցուցակում: Նկատենք, սակայն, որ դատավորների առաջխաղացման ցուցակում ընդգրկվելը այդքան էլ հեշտ պրոցես չէ: Բանն այն է, որ դատավորները պետք է համապատասխանեն որոշակի չափանիշների, եւ երբ նրանք ընդգրկվում են առաջխաղացման ցուցակում, ՀՀ արդարադատության խորհուրդը սկսում է քննել վերջիններիս դիմումը՝ մանրամասն ուսումնասիրելով, թե ինչ աշխատանքային փորձ ունեն, ինչպիսի գործեր են քննել եւ այսպես շարունակ: Եթե դատավորները անցնում են այս փուլը, ասել է, թե ստանում են ՀՀ արդարադատության խորհրդի դրական եզրակացությունը, ապա նրանց այլ դատարանի դատավոր նշանակելու հարցը ՀՀ արդարադատության խորհուրդը ներկայացնում է Սերժ Սարգսյանին, որի որոշմամբ էլ դատավորները տեղափոխվում են:

Դատավորներին հասկացրել են
Եվ ահա 2016 թվականին մարզային մի քանի դատավորներ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավորի թափուր տեղի համար ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու նպատակով դիմում են ներկայացրել ՀՀ արդարադատության խորհուրդ: Մեզ տեղեկություններ հասան, որ նրանցից շատերը ընդգրկվել են առաջխաղացման ցուցակում եւ դեռ ավելին՝ արդարադատության խորհուրդը մարզային մի շարք դատավորների դիմումներին դրական եզրակացություն է տվել: Ասել է, թե նրանք կարող են, օրինակ, մարզից տեղափոխվել Երեւան եւ նշանակվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր: Սակայն այստեղ է, որ կրքերը թեժացել են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու սրտով չեն եղել առաջխաղացման ցուցակում ընդգրկված եւ խորհրդի դրական եզրակացություն ստացած դատավորները: Ըստ դատական համակարգում տարածված լուրերի՝ վերջինս մարզային դատավորներին ներքին կարգով հասկացրել է, որ ցանկալի թեկնածուներ չեն, եւ ինքը չի ցանկանա նրանց տեսնել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնում: Արդյունքում գրեթե բոլոր փուլերը անցած դատավորները մեկը մյուսի հետեւից հրաժարվել են իրենց դիմումներից եւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր նշանակվելու մտադրությունից:

Դատավորի կամքը
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, թե որ դատարանի դատավորներից են եղել հրաժարվողները: Պարզեցինք, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը անցել է բոլոր փուլերը, եւ երբ եկել է պահը, երբ նրա նշանակման հարցը պետք է ներկայացնեին Սերժ Սարգսյանին, վերջինս հրաժարվել է:
-Պարո՛ն Մելիքյան, Դուք դիմում էիք ներկայացրել՝ դատավորների առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու համար, որպեսզի նշանակվեիք ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: Բոլորը փուլերը անցնելուց հետո, սակայն, հրաժարվել եք: Ինչո՞ւ, ի՞նչ խնդիր կար:
-Բացարձակ ոչ մի խնդիր, իմ կամքն եմ արտահայտել, իմ ցանկությունն եմ իրականացրել:
-Լուրեր կան, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին է ներքին կարգով հասկացրել, որ իր թեկնածուն չեք, ինչի արդյունքում էլ Դուք հրաժարվել եք:
-Դա իմ իրավունք է:
-Այսինքն՝ հավաստիացնում եք, որ Ձեզ վրա ճնշում չի՞ եղել, եւ Ձեզ չե՞ն հարկադրել նման որոշում կայացնել:
-Ոնց կարող են ստիպել, եթե ես այդքան գործընթաց եմ անցել նախագահի մակարդակով, ոնց կարող են ստիպել, տրամաբանակա՞ն է Ձեր հարցը:
-Այդ դեպքում ինչո՞ւ հրաժարվեցիք:
-Դա իմ իրավունքն է:

Դեպարտամենտը՝ հրաժարվածների մասին
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով դիմեց ՀՀ դատական դեպարտամենտ: Ի պատասխան մեր հարցման՝ ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը հայտնեց.«Այո՛, երեք դատավորներ դիմել են արդարադատության խորհրդին՝ առաջխաղացման ցուցակից իրենց հանելու խնդրանքով, որն իրենց իրավունքն է՝ սահմանված ՀՀ դատական օրենսգրքով: Ձեր նշած այլ տեղեկությունների կապակցությամբ առաջարկում եմ ձեռնպահ մնալ բամբասանքի բնույթ կրող խոսակցությունները մեկնաբանելուց եւ տարածելուց»:

Ովքեր կնշանակվեն
Եվ ահա, ըստ էության, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին դատարանում մթնոլորտ է փոխել եւ կարողացել է իր ցանկալի դատավորներին անցկացնել: Առաջիկայում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավորի 3 թափուր պաշտոններ կհամալրվեն: Արդարադատության խորհուրդը ՀՀ նախագահին է ներկայացրել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանի եւ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանի անունները: Նշենք, որ նշանակվող դատավորները, ի տարբերություն հրաժարական տված դատավորների, այդքան աշխատանքայի փորձ չունեն: Ասել է, թե դատական համակարգում երիտասարդ դատավորների եւ հնաբնակ դատավորների «աթոռակռիվ» է գնում:

«Մատների արանքով»
Սակայն այս իրավիճակը մեկ այլ խնդիր է ստեղծել: Բանն այն է, որ ամենայն հավանականությամբ դատավորները, տեղեկանալով իրենց մոտալուտ տեղափոխման մասին, «մատների արանքով» են նայում իրենց նախագահությամբ քննվող գործերին: Մասնավորապես նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը միակ քրեական գործերը քննող դատավորն է, եւ նրա նախագահության տակ գտնվող դատական նիստերը չեն կայանում: Բանն այն է, որ նա 2016 թվականի մարտի 1-ից քննում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանի հոր` Ռադիկ Օհանյանի մասնակցությամբ յուրացումների գործը, սակայն մոտ մեկ շաբաթից կլրանա այս գործով մեկ տարին, եւ սույն քրեական գործով ընդամենը մեկ նիստ է կայացել, իսկ նշանակված այլ նիստերը չեն կայացել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՆԵՐՍԵՍ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ` ՄԻԵԴ
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Արայիկ Պապիկյանի դիմումը հիմնականում կապված է Ներսես Պողոսյանին ապօրինի կալանքի տակ պահելու հետ: Հիշեցնենք, որ 2016 թվականի մայիսի 20-ին Ներսես Պողոսյանը կալանավորվել էր, երբ Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում ավտովթար էր եղել: Դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել էին ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով: Հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորն ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու կասկածանքով բերման էին ենթարկվել ոստիկանություն: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այս գործով 9 անձի առաջադրվել է մեղադրանք, որոնց թվում է Ժիրայր Սէֆիլյանը: Նրանցից 7-ը կալանավորվել է, իսկ ահա քաղաքացի Արթուր Մկրտչյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Վերջինիս անցած տարի հայտնաբերել են, սակայն դեռեւս Հայաստան չեն տեղափոխել:

 

 

ՏԵՂԱՓՈԽԵՑԻՆ
Արդեն 12-րդ օրն է, ինչ քրեական հեղինակություն համարվող Թեւոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով կալանքի տակ գտնվող Իսրայել Սարգսյանը հացադուլ է հայտարարել: Իր այս քայլով Իսրայել Սարգսյանը պահանջում է, որ արդար դատաքննություն իրականացվի, եւ դատարան կանչվեն գործով կարեւոր վկաներ: Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Իսրայել Սարգսյանին Երեւան Կենտրոն ՔԿՀ-ից տեղափոխել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ: Տեղափոխությունը կապված է նրա հացադուլի հետ:

 

 

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ
«Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր քրեակատարողական հիմնարկների շուրջ աղմուկին: Գրել էինք, որ օրերս ՀՀ քննչական կոմիտեում կայացած խորհրդակցությունից հետո «Կոշ» ՔԿՀ-ում դատապարտյալներին նախազգուշացրել են, որ առաջիկայում ստուգումներ են սպասվում: Եվ ահա երեկ մեզ հայտնի դարձավ, որ ՔԿՀ-ներում ստուգումները սկսել են: Մասնավորապես այս օրերին ստուգումներ են իրականացվում «Արմավիր» ՔԿՀ-ում եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Պարզեցինք, որ ՔԿՀ ղեկավար կազմը ստուգումները սկսել է «զոն»-ից, իսկ թե ինչ արդյունք կտան այս ստուգումները եւ արդյոք կազդեն ՔԿՀ-ներից կատարվող խարդախության դեպքերի վրա, ցույց կտա ժամանակը:

 

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՅՏՆԻ Է
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ որոշել եւ հրապարակել է այս տարվա մայիսի 14-ին նշանակված Երեւանի ավագանու ընտրությունների անցկացման ժամանակացույցը: Ըստ այդմ, առաջադրվող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացվելու մարտի 30-ից ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում։ Կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվելու է ապրիլի 9-ից 14-ն ընկած ժամանակահատվածում:

 

 
ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ
ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետում հրապարակվել են ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների նախնական ցուցակները: Դրանք փակցված են ընտրական տեղամասերում, տեղադրվել են նաեւ ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ: Ընտրողների ցուցակներին ծանոթանալու ժամանակ անճշտություններ հայտնաբերելիս (այդ թվում՝ դիմողի անձին չվերաբերող) մինչեւ 2017 թ. մարտի 23-ը դրանք վերացնելու համար քաղաքացիները կարող են դիմել լիազոր մարմնին՝ տարածքային անձնագրային ծառայություն կամ անձնագրային եւ վիզաների վարչություն:

 

 

ԿԵՂԾ ԴԵՂԵՐ՝ ԴԵՂԱՏՆԵՐՈՒՄ
ՀՀ առողջապահության նախարարությունը շուկայում կեղծ դեղեր է հայտնաբերել: Երեւանի, Արմավիրի, Կոտայքի եւ Շիրակի մարզերի դեղատներում հայտնաբերվել են կասկած հարուցող եւ չդրոշմապիտակավորված պրեստանս 5մգ/10մգ եւ ցեֆտրիաքսոն-աստերիա 1գր դեղերը: Պրեստանսը ճնշումը կարգավորող, իսկ ցեֆտրիաքսոն-աստերիան հակաբիոտիկ է: ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Հակոբ Թոփչյանը նշել է, որ կեղծ դեղերն արդեն իսկ փորձաքննության են ենթարկվում: Առողջապահության նախարարի հրամանով նշված դեղերի շրջանառությունը Հանրապետությունում կանգնեցվել է, դրանք կհավաքվեն եւ կոչնչացվեն օրենքի սահմաններում: Ոլորտի պատասխանատուն հավելել է, որ դեղերը ներմուծվել են անուղղակի կամ զուգահեռ ներմուծման ճանապարհով: «Ցեֆտրիաքսոն-աստերիան հայկական եւ բավական տարածված դեղ է: Հայաստանում առաջին անգամ է, որ հայկական դեղ է կեղծվում»,-նկատել է Թոփչյանը:




Լրահոս