ՄԻԵԴ Մեծ Պալատը մերժել է դատավոր Մ.-ի «վճռաբեկ բողոքը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻԵԴ Մեծ Պալատի 5 հոգանոց դատական կազմը որոշել է մերժել դատավոր Մ.-ի «վճռաբեկ բողոքը», սա նշանակում է, որ այս գործով վճիռն այլևս մտել է ուժի մեջ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է թողել փաստաբան Վահե Գրիգորյանը: Խոսքը ՄԻԵԴ քննած «Վարդանյանը և Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործի մասին է:

«Սա շատ խորհրդանշական գործ է, և շատ կցանկանայի, որ դրա խորհուրդը տեղ հասներ բոլոր այն դատավորների մոտ, ով դեռ վարանում է իր ճանապարհի ընտրության հարցում կամ արդեն ընտրել է 2006թ.-ին (թերևս դրանից էլ առաջ) դատավոր Մ.-ի ընտրած անփառունակ ճանապարհը»,- գրում է Վահե Գրիգորյանը՝ հստակեցնելով, որ ոչ իր և ոչ իր վստահորդի խնդիրը երբեք էլ չի եղել դատավոր Մ.-ի դեմ որևէ ինչ ձեռնարկելը, այլ բացառապես՝ վստահորդի խախտված իրավունքի վերականգնումը:

«Բայց արդարադատության մի հետաքրքիր կողմ էլ այն է, որ դրան արժանանալով, ինչպես վստահորդիս դեպքում, յուրաքանչյուրին արժանացնում ես իրեն հասանելիքին, նույնիսկ անկախ նրանից, թե այդ մասով մտադրություն ունեցել ես, թե՝ ոչ»,- հավելում է փաստաբանը:

Վահե Գրիգորյանն ընդգծում է, որ անձամբ ինքը շուրջ մեկուկես տասնամյակ մասնագիտական ներգրավվածությամբ շարունակ լինելով դատավոր Մ.-ի նախագահությամբ աշխատող վճռաբեկ դատարանի պալատի, իսկ այնուհետև նաև այդ դատարանի կողմից ապօրինի սեփականազրկման, անհիմն դատապարտման և անօրինական կալանավորման, խախտված կյանքի իրավունքի և խոշտանգումների ենթարկված քաղաքացիների գործերով հազարավոր մարդկանց՝ իրենց տարրական իրավունքներից զուրկ լինելու բերումով նրանց ցավի և տառապանքների ականատեսը, ամենաշատ ցանկացողներից է եղել, որ այս գործն արագ ավարտվեր նախ և առաջ դատավոր Մ.-ին հանգիստ թողնելու համար:
«Որովհետեւ նրա հանգստի ժամանակը վաղուց է եկել: Թե ինչ պայմաններում և որտեղ, դա արդեն ինձ քիչ է հետաքրքրում: Կարևոր է, որ նա և նրա նման դատավորներն ի վերջո գիտակցեն այս»,- նշում է փաստաբանը:

Վահե Գրիգորյանը հակիրճ տեղեկացնում է, որ խոսքը վերաբերում է 105-ամյա մի սեփականության պատմության, որի ընթացքում 4 պետություն է ստեղծվել և վերացել, սակայն ներկա սեփականատիրոջ անկոտրում կամքի արդյունքում այս վեճը (առնվազն իրավունքի մասով) հանգուցալուծվել է հօգուտ իրեն:

Վահե Գրիգորյանը նշում է, որ 2006թ.-ի մայիսին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական գործերի պալատի 4-5 դատավորների առջև կանգնած իր վստահորդը միայնակ, պատկառելի տարիքի մի ծերունի, որը՝ իր հարյուրամյա սեփականության դեմ մեկ տասնամյակից ավել ժամանակ տևած սանձարձակ իրավական հարձակումներից և կամայականություններից հետո դեռ հավատում էր, որ կանգնած է դատարանի առջև, իրենից վերև նստած մի խումբ դատավորներին՝ դատավոր Մ.-ի նախագահությամբ, դիմելով խնդրում էր իրեն պաշտպանել գիշատիչների ոհմակներից, որոնք բոլոր զազրելի և ապօրինի միջոցներով փորձում էին նրան սեփականազրկել:

Ի պատասխան այս մարդու խնդրանքներին, նախագահող դատավոր Մ.-ն, արդարադատության հեղինակության և իշխանության բարձունքներից, ոչ միայն չի անսացել այս մարդու խնդրանքին՝ պաշտպանել իրեն անիրավներից օրենքով, այլ ճակատագրերի տիրակալի իր բարձունքից սպառնացել, որ եթե ծերունին չգնար և չընդուներ իրեն այդ նույն գիշատիչների կողմից ներկայացված պայմանները, «հենց ինքը՝ ոտքերն ամպոտ դատավոր Մ.-ն, նույն իր նման իր շուրջը նստած մի քանի հոգու հետ համատեղ, այդ ծերունուն կզրկեն իր սեփականությունից, այս անգամ արդեն նույնիսկ առանց այն փշուրների, որ նույնիսկ անիրավ թալանչիներն էին պատրաստ վճարել այդ մարդու գույքի դիմաց»: Այնուհետև համոզվելով, որ իր վստահորդն անդրդվելի էր իր իրավունքին հետամուտ լինելու հարցում, դատավոր Մ.-ն մի գրչի հարվածով իր սպառնալիքն ի կատար ածվել առանց աչք թարթելու:

Ըստ փաստաբանի, քիչ ավել քան տաս տարի հետո արդեն, որոնց ընթացքում դիմանալով այլևայլ ճնշումների, իր վստահորդն իր գործը հասցրել է և դարձրել քննության առարկա մոտավորապես նույն կարգավիճակի յոթ այլ՝ օտարերկրյա պետություններից դատավորների առջև, դրանցից և ոչ մեկը կասկած իսկ չի հայտնել այն հարցում, որ դատավոր Մ.-ի վարքն անհամատեղելի է եղել իր դատավորի կարգավիճակի հետ:

Նշենք, որ խոսքը գնում է Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի մասին:




Լրահոս