ԱԻ նախարարը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը հարգանքի տուրք մատուցեցին Ֆուկուշիմայի զոհերի հիշատակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 11-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հարգանքի տուրք մատուցեցին 2011թ. Ճապոնիայի և 1988 թ. Սպիտակի երկրաշարժերի զոհերի հիշատակին` ծաղկեպսակ դնելով ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի կենտրոնական պուրակում տեղադրված հուշարձան-խաչքարերին:

Է. Տագուչին, շնորհակալություն հայտնելով ՀՀ Կառավարությանը և հայ ժողովրդին 2011 թ. Ճապոնիայի երկրաշարժի ժամանակ անգնահատելի աջակցություն ցուցաբերելու համար, նշեց որ Ճապոնիայի ժողովուրդը, իսկապես, զգացված է Հայաստանի բարեկամական վերաբերմունքից և բարձր է գնահատում Սպիտակի խաչքարի տեղադրումը:

– Շնորհակալություն եմ հայտնում Սպիտակի քաղաքապետին և քաղաքի բնակչությանը՝ ամեն տարի հարգանքի տուրքի մատուցման արարողությանը մասնակցելու համար: 1988 թ. Սպիտակի երկրաշարժից ի վեր Ճապոնիան աղետների կանխարգելման միջոցառումների շրջանակում բազմաբնույթ համագործակցություն է ցուցաբերել: Այս առիթով ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանին և իր անձնակազմին՝ աջակցության և համագործակցության համար.- ասաց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը:

Լրագրողների հետ զրույցում ԱԻ նախարար Դ. Տոնոյանը նշեց.

– Ճապոնիայի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցումը ևս մեկ հնարավորություն էր մեզ համար ողջունելու և ընդգծելու Ճապոնիայի կառավարության հետ մեր համագործակցության արդյունավետությունը և կարևորությունը: Այն շատ բարձր է գնահատվում և, անշուշտ, կլինի շարունակական:

Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը, վերապրելով երկրաշարժի ծանր փորձը, յուրովի ընկալեց Ճապոնիայի ժողովրդի վիշտը՝ տրամադրելով իր աջակցությունը: Նա ընդգծեց երկու պետությունների կառավարությունների միջև ձևավորված ակտիվ համագործակցությունը, որի արդյունքները ակներև և շոշափելի են նաև մարզային և համայնքային կյանքում:

Նշենք, որ 2011թ. մարտի 11-ին, տեղական ժամանակով ժամը 14:46-ին Խաղաղ օվկիանոսում` Տոկիոյից 231 կմ հյուսիս-արևելք, տեղի ունեցավ 9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Մասնագետների կարծիքով` այդ երկրաշարժը հզորությամբ աշխարհում հինգերորդն էր (1900թ. ի վեր) և հզորագույնը Ճապոնիայում երբևէ տեղի ունեցածներից: Երկրաշարժից հետո մեկ ժամվա ընթացքում ցունամիի հսկայական ալիքները ողողում էին

Ճապոնիայի ափերը` իրենց ճանապարհին սրբելով պատահած ամեն ինչ` մեքենաներ, մոտորանավեր ու գնացքներ, քանդելով շինությունները, ճանապարհներն ու կամուրջները: Երկրաշարժը դարձավ նաև «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ում վթարի պատճառ: Տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին, հարյուր-հազարավորները մնացին անապաստան:




Լրահոս