ԱԻ նախարարը և ՀՀ­-ում Ճապոնիայի դեսպանը հարգանքի տուրք են մատուցել Ֆուկուսիմայի աղետի զոհերի հիշատակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ­ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հարգանքի տուրք են մատուցել 2011թ. Ճապոնիայի և 1988 թ. Սպիտակի երկրաշարժերի զոհերի հիշատակին:

Մարտի 11-­ին նրանք ծաղկեպսակ են դրել ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի կենտրոնական պուրակում տեղադրված հուշարձան­ խաչքարերի մոտ: Տագուչին շնորհակալություն է հայտնել ՀՀ Կառավարությանը և հայ ժողովրդին 2011 թ. Ճապոնիայի երկրաշարժի ժամանակ անգնահատելի աջակցություն ցուցաբերելու համար: Նա նշել է, որ Ճապոնիայի ժողովուրդը զգացված է Հայաստանի բարեկամական վերաբերմունքից և բարձր է գնահատում Սպիտակի խաչքարի տեղադրումը:

«Շնորհակալություն եմ հայտնում Սպիտակի քաղաքապետին և քաղաքի բնակչությանը՝ ամեն տարի հարգանքի տուրքի մատուցման արարողությանը մասնակցելու համար: 1988 թ. Սպիտակի երկրաշարժից ի վեր Ճապոնիան աղետների կանխարգելման միջոցառումների շրջանակում բազմաբնույթ համագործակցություն է ցուցաբերել:

Այս առիթով ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ՀՀ ԱԻ նախարար Տոնոյանին և իր անձնակազմին՝ աջակցության և համագործակցության համար»,­ ասել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը: Նա նաև նշել է, որ Ճապոնիայի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցումը ևս մեկ հնարավորություն էր իրենց համար ողջունելու և ընդգծելու Ճապոնիայի կառավարության հետ համագործակցության արդյունավետությունը և կարևորությունը: Նրա պնդմամբ՝ այն կլինի շարունակական:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը, վերապրելով երկրաշարժի ծանր փորձը, յուրովի ընկալեց Ճապոնիայի ժողովրդի վիշտը՝ տրամադրելով իր աջակցությունը: Նա ընդգծեց երկու պետությունների կառավարությունների միջև ձևավորված ակտիվ համագործակցությունը, որի արդյունքները շոշափելի են նաև մարզային և համայնքային կյանքում:

2011թ. մարտի 11-­ին, տեղական ժամանակով ժամը 14:46-­ին Խաղաղ օվկիանոսում` Տոկիոյից 231 կմ հյուսիս­արևելք, տեղի ունեցավ 9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Մասնագետների կարծիքով` այդ երկրաշարժը հզորությամբ աշխարհում հինգերորդն էր (1900թ. ի վեր) և հզորագույնը Ճապոնիայում երբևէ տեղի ունեցածներից: Երկրաշարժից հետո մեկ ժամվա ընթացքում ցունամիի հսկայական ալիքները ողողում էին Ճապոնիայի ափերը` իրենց ճանապարհին սրբելով պատահած ամեն ինչ` մեքենաներ, մոտորանավեր ու գնացքներ, քանդելով շինությունները, ճանապարհներն ու կամուրջները: Երկրաշարժը դարձավ նաև «Ֆուկուսիմա» ԱԷԿ-­ում վթարի պատճառ: Տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին, հարյուր­հազարավորները մնացին անապաստան:




Լրահոս