ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Ծարավ-Աղբյուրի փողոցում

Այս երկաթե ավտոտնակը, որը ծառայում է բոլորովին այլ կարիքների համար, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի որդու՝ Սերգեյ Լոքյանի գովազդային պաստառները փակցնելու թերեւս ամենաանհարմար վայրն է: Նշենք, որ ավտոտնակը մոտ է 34 համարի վերջնականգառին, եւ կարելի է պատկերացնել, թե ինչ դեր է կատարում այն վարորդների համար:

 

 

 
ՀԱՐՑ. Եթե իմ մասնակցությամբ վթար է տեղի ունեցել, սակայն ես համաձայն չեմ մեղավորության վնասի չափի հետ, ապա ի՞նչ կարող եմ անել, ինչպե՞ս վարվեմ: Եվ կցանկանայի իմանալ նաեւ՝ եթե ես ցանկանամ ապահովագրական ընկերությունը փոխել, ապա ապահովագրական իմ պատմության վերաբերյալ ինֆորմացիան ինչպե՞ս է փոխանցվելու մեկ այլ ապահովագրական ընկերություն:

Հայկ Մնոյան (48 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ապահովագրական պատահարի արդյունքում Ձեզ պատճառված գույքային վնասների կամ պատահարի պատճառների փորձաքննության արդյունքներին համաձայն չլինելու դեպքում Դուք իրավունք ունեք առաջնային փորձաքննության արդյունքների ծանուցման օրվանից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, կողմերի փոխադարձ համաձայնությամբ նշանակել լրացուցիչ փորձաքննություն կամ ավտոապահովագրողների բյուրո գրավոր դիմում ներկայացնելու միջոցով պահանջել կրկնակի փորձաքննության անցկացում:
Տեղեկացնում ենք նաեւ, որ ԱՊՊԱ համակարգում գործում է միասնական ԱՊՊԱ տեղեկատվական համակարգ, որում պահվում է Ձեր ապահովագրական պատմության վերաբերյալ տեղեկատվություն՝ անկախ ապահովագրական ընկերությունից: Տեղեկատվությունը փոխանցվում է այն ապահովագրական ընկերությանը, ում հետ Դուք մտադիր եք կնքել ԱՊՊԱ պայմանագիր:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ եթե ապահովագրական ընկերությունը ճիշտ չէ հաշվել դիմողի ապահովագրավճարը, ապա կարող եք խնդրել ապահովագրական ընկերությանը նորից հաշվել այն եւ բացատրել:

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ ՀՀ դրամի փոխարժեքի տատանումներն ինչո՞վ են պայմանավորված: Ի՞նչը կարող է ազդեցություն ունենալ վերջինիս տատանումների վրա:

Հասմիկ Գրիգորյան (28 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ազատ լողացող փոխարժեքի ռեժիմի պայմաններում ազգային արժույթի փոխարժեքը ձեւավորվում է արժութային շուկայում առկա առաջարկի ու պահանջարկի եւ դրանց փոփոխությունների ազդեցության ներքո: Եթե արտահանման աճի կամ կապիտալի ներհոսքի հետեւանքով տվյալ ազգային արժույթի շուկայում ավելանում է արտարժույթի առաջարկը, ազգային արժույթի դիրքերն անհրաժեշտաբար ամրապնդվում են:
Համապատասխանաբար, ներմուծման աճը կամ կապիտալի արտահոսքը նպաստում են ազգային արժույթի դիրքերի թուլացմանը: Արժութային շուկայում առկա առաջարկն ու պահանջարկը կարող է փոփոխվել նաեւ մի շարք այլ գործոնների ազդեցության ներքո, որոնցից են մասնավորապես կառավարության ծախսերը, կենտրոնական բանկի ինտերվենցիաները, արժութային կարգավորման ոլորտում օրենսդրական փոփոխությունները, էներգակիրների գների տատանումները, բնակչության մոտ ձեւավորվող սպասումները: Փոխարժեքի փոփոխությունը կարող է լինել բավականին տեւական, երբ այն պայմանավորված է երկարաժամկետ բնույթի գործոններով (օրինակ՝ կայուն տնտեսական աճով պայմանավորված ազգային արժույթի արժեքավորումը), կարող է կրել սեզոնային բնույթ (երբ, օրինակ, ներմուծման ու արտահանման սեզոնները տարբեր են) եւ կարող է լինել կարճաժամկետ, երբ այն կարճաժամկետ գործոնների (օրինակ՝ կարճաժամկետ ֆինանսական ներհոսքի կամ արտահոսքի) ազդեցության արդյունք է:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ Հայաստանում արտարժույթի կտրուկ արժեզրկում սկսեց գրանցվել 2014թ. նոյեմբերի 24-ից, երբ դոլարի փոխարժեքն աճեց 16.6 կետով՝ հասնելով 435 դրամի, իսկ 2014թ. դեկտեմբերի 17-ին դոլարի փոխարժեքը հասավ իր 10-ամյա առավելագույն ցուցանիշին՝ կազմելով 527,20 դրամ:




Լրահոս