Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման գործում անփոխարինելի նշանակություն ունի անասնաբուժության ոլորտը։
Ծրագիրն ունի ռազմավարական նշանակություն, որի իրականացման բնականոն ընթացքով է պայմանավորված հանրապետությունում արտադրվող կենդանական ծագման արտադրանքի անվտանգությունը:
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր հանրապետությունում համընդհանուր խնդիր է կենդանիների վարակիչ, այդ թվում կենդանիների և մարդու համար ընդհանուր (զոոանտրոպոնոզ) հիվանդությունների դեմ պայքարի կազմակերպումը։
Ելնելով հարևան երկրներում տիրող կենդանիների վարակիչ հիվանդությունների բարդ համաճարակային և հանրապետության առանձին մարզերի կենդանիների վարակիչ հիվանդությունների համաճարակային իրավիճակից, ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հանրապետությունում անասնահամաճարակային կայուն իրավիճակ ստեղծելու և պահպանելու նպատակով յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից, Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում ծրագրի շրջանակներում, մի շարք հիվանդությունների նկատմամբ իրականացվում են անասնահակահամաճարակային կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներ, իսկ ծառայությունների մատուցումը պատվիրակվում է նախարարության Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2017 թվականին նախատեսված է իրականացնել խոշոր և մանր եղջերավոր կենդանիների դաբաղ, սիբիրախտ, բրուցելյոզ, խոշոր եղջերավոր կենդանիների նոդուլյար մաշկաբորբ, խշխշան պալար (էմկար), ձիերի սիբիրախտ և մեղուների վարրոատոզ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներ:
Արդեն իսկ մեկնարկել է վերոգրյալ պատվաստանյութերի բաշխման և կենդանիների պատվաստման գործընթացը:
Միաժամանակ, համայնքները սպասարկող անասնաբույժների աշխատանքները առավել արդյունավետ և ժամանակին իրականացնելու համար անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել համայնքներում անասնագլխաքանակի կենտրոնացման, ինչպես նաև կենդանիներին առանց պատվաստման հեռագնա արոտավայրեր տեղափոխել ուղղությամբ: