Քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու հետքերով. ինչ է պատմում Բազմասեր Առաքելյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ապրիլի 2-ին Արագածոտնի մարզի Փարպի համայնքի թիվ 17/21 ընտրական տեղամասում քաղաքացիներին ուղղորդելու հիմքով քվեարկության արդյունքները անվավեր ճանաչեցին, սակայն նշված ընտրատեղամասում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Բազմասեր Առաքելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, թե ուղղորդում չի եղել:

Ինչպես հայտնի է` ապրիլի 2-ին «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը ՀՀ գլխավոր դատախազին հայտնել էր, որ Արագածոտնի մարզի Փարպի համայնքում տեղակայված 17/21 ընտրատեղամասում քվեարկությունը կատարվել է ուղղորդված եւ բաց, քվեախցիկ են մտել մեկից ավելի անձինք` վերահսկելով ընտրողի քվեարկությունը: Այս ամենի արդյունքում թիվ 17/21 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչվեցին:

Իսկ ապրիլի 6-ին էլ որոշում կայացվեց ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հատկանիշներով` քվեարկության գաղտնիությունը խախտելու մասով հարուցել քրեական գործ, որով նախաքննությունը դեռեւս շարունակվում է: Նշենք, որ այդ ընտրատեղամասում առաջատարը եղել էր ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Բազմասեր Առաքելյանը, որը հավաքել էր 760 ձայն, ՀՀԿ-ական Նաիրի Սահակյանը` 0 ձայն, Արագած Ախոյանը` 1 ձայն, իսկ ՀՅԴ-ն` 150 ձայն:

Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը բլից զրույց ունեցավ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Բազմասեր Առաքելյանի հետ:

-Պարո՛ն Առաքելյան, Ձեր հայրենի գյուղում տեղակայված 17/21 ընտրատեղամասում քվեարկությունը կատարվել է ուղղորդված, իսկ այդ ընտրատեղամասում ամենաշատ ձայները Դուք եք հավաքել, այսինքն՝ Դուք կամ Ձեր թիմակիցներն եք ուղղորդել քաղաքացիներին, ինչն էլ հակառակ արդյունքն ունեցավ:

-Փարպի ընտրությունների հետ կապված երկու բառով եմ ասում, որ ոչ մի ուղղորդում չի եղել, իսկ ձայների հետ կապված դա իմ հայրենի գյուղն է, ես այնտեղ բնակվում եմ, եւ այդպես էլ պետք է լիներ: Ընդհանրապես անցած ընտրությունները, որ վերցնենք, երբ մեծամասնականով թեկնածու էի, Փարպի ընտրություններում հավաքել էի 99 տոկոս ձայն: Բայց այս ընտրություններում, բացի ինձանից, 3-4 թեկնածուներ էլ կային ռեյտինգայինով, դրա համար ես մի քիչ քիչ հավաքեցի:

-Դուք նշում եք՝ ուղղորդում չի եղել, ընտրատարածքային հանձնաժողովը հակառակն է արձանագրել, եւ դեռ ավելին՝ իրավապահներն էլ քվեարկության գաղտնիությունը խախտելու մասով քննություն են իրականացնում: Արդյո՞ք այս ամենը ընտրություններից առաջ «Հայ հեղափոխական դաշնակցության» թիմակիցների հետ տեղի ունեցած միջադեպի հետեւանքը չէր, որ անգամ Ձեր հավաքած ձայներն են անվավեր ճանաչում:

-Չէ՛, Դաշնակցությունը հին կուսակցություն է, եւ իրենք ունեն իրենց տեղը, դիրքը մեր երկրում, եւ ես հարգում եմ Դաշնակցություն կուսակցությանը: Չգիտեմ, կարող է՝ անձնական ինչ-որ բաներ լինեն, բայց այդպես չեմ մտածում: Էլի եմ ասում՝ դա իմ հարազատ գյուղն է, այդպես էլ պետք է լիներ, բայց կրկնում եմ՝ ոչ մի ուղղորդում չի եղել: Ես քաղաքականության մեջ եղել եմ, առայժմ քաղաքականության մեջ եմ, իրավունք չունեմ չհարգել կուսակցություններին, բոլորին հարգում եմ, այդ թվում դաշնակներին:

-Դուք ասում եք չի եղել, բայց ընտրատարածքային հանձնաժողովը արձանագրել է, եւ Ձեր 760 ձայնը անվավեր է ճանաչվել:

-Ես այլ հարցի չեմ պատասխանում:

-Ըստ էության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքած եւ ՀՀԿ-ում ապաստանած պատգամավորները փաստի առաջ կանգնեցին: Դուք նրանցից մեկն եք, որ ԲՀԿ լքելով՝ հանգրվանեցիք ՀՀԿ-ում ու մանդատ չեք ստանա:

-Ես բոլորին էլ շատ լավ հարգում եմ, շատ սիրում եմ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահից սկսած, պատգամավորներն էլ իմ ընկերներն են, նույն կուսակցությունը ինձ հարազատ կուսակցություն է: Իսկ հիմա անդրադառնամ Հանրապետական կուսակցությանը, հանրապետության նախագահին շատ հարգում եմ, նրա կուսակցության անդամներին էլ շատ հարգում եմ: Այլ հարց չտաք:

Քնար Մանուկյան




Լրահոս