«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԿԱՌԱՎԱՐԻՉԸ՝ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանկերի կառավարիչների գործողությունների հետ կապված աղմկահարույց բացահայտումները շարունակվում են: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ այս անգամ իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Երեւան» մասնաճյուղի կառավարիչը:

Այն, որ մի շարք քաղաքացիներ բանկերի բարձր տոկոսադրույքների հետեւանքով հայտնվել են ծանր իրավիճակում եւ դեռ ավելին՝ բանկերի ղեկավարների խարդախությունների հետեւանքով նյութական վնասներ են կրում, հետզհետե ավելի ու ավելի տեսանելի է դառնում:
Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Երեւան» մասնաճյուղի կառավարիչ Արթուր Կարապետյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Պարզեցինք, որ միջազգային կազմակերպությունները բանկին շուրջ 471 միլիոն 800 հազար ՀՀ դրամ գումար են տվել: Արթուր Կարապետյանը 2009-2013թթ ընթացքում, լինելով «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Երեւան» մասնաճյուղի կառավարիչը, այնպես է արել, որ միջազգային կազմակերպություններից ստացված վերոնշյալ գումարը տրամադրվի «Հագենաս» ՍՊԸ տնօրեն Խաչիկ Գեւորգյանին:
Բանկային փաստաթղթերում կառավարիչ Կարապետյանը նշել է, որ վարկը «Հագենաս» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Գեւորգյանին տրամադրում է նպատակային ծախսելու համար, սակայն ավելի ուշ պարզվել է, որ միջազգային կազմակերպությունների կողմից բանկին տրամադրած գումարը ոչ նպատակային է օգտագործվել, եւ բանկը հայտնվել է ոչ ցանկալի կարգավիճակում՝ կորցնելով մոտ 1 միլիոն դոլար:
Այսքանով «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Երեւան» մասնաճյուղի կառավարիչ Արթուր Կարապետյանի գործողությունները չեն սահմանափակվել: Մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները պարզել են, որ Արթուր Կարապետյանը բանկի հաճախորդ, ավանդատու Կարեն Գեւորգյանին պատճառել է մոտ 660 միլիոն դրամի նյութական վնաս:
Չի բացառվում, որ քաղաքացի Կարեն Գեւորգյանը բանկում գումար է պահել, իսկ երբ ցանկացել է բանկից իր գումարը վերցնել, նրան ասել են, որ իր գումարը չկա, իսկ թե ուր է, սլաքները տարվել են բանկի կառավարիչի ուղղությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս արարքի համար Արթուր Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38 հոդվածի` (Կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են համարվում կազմակերպիչը, դրդիչը եւ օժանդակողը):
191 հոդվածի 1-ին մասի (Պետության կամ միջազգային կազմակերպության կամ միջազգային պայմանագրով նախատեսված ծրագրի կողմից տրամադրվող նպատակային վարկը ոչ նպատակային օգտագործելը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով), 214-րդ հոդվածի 2-րդ մասի (Առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ օգտագործելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով) հատկանիշներով: Ավելին՝ պարզեցինք, որ Արթուր Կարապետյանի գործով նախաքննությունը ավարտվել է եւ այն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ ահա քրեական գործը կքննի Գագիկ Պողոսյանը:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեց «Արդշինբանկ» ՓԲԸ-ի լրատվական բաժին, որտեղից հայտնեցին. «Բանկը «Հագենաս» ՍՊԸ-ին տրամադրել է վարկ, որի վերադարձելիության ապահովման միջոց է հանդիսացել Բանկում ներդրված ֆիզիկական անձի ավանդը` համաձայն կնքված պայմանագրի: Բանկի հանդեպ պարտավորությունների ոչ պատշաճ կատարման արդյունքում, չնայած պարտավորության մարման համար լրացուցիչ ժամկետի տրամադրմանն ուղղված Բանկի կողմից իրականացված գործողություններին, տեղի է ունեցել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավի առարկա հանդիսացող ավանդի հաշվին պարտավորությունների մարում»:
Նշենք, որ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ՈՒ ՀԱՐԿԱՅԻՆԸ
ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության եւ պետական եկամուտների կոմիտեի ջրերը մեկ առվով չեն հոսում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԱԺ պատգամավորի եղբորորդուն պատկանող ընկերությունը դատի է տվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի մարզային բաժնին:
Տեղեկացանք, որ «Ավշար Պրոդ» ՍՊԸն 2016 թվականի հոկտեմբերի 21-ին դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի մարզային բաժինն անվավեր ճանաչի ՊԵԿ-ի Արարատի մարզային բաժնի կողմից կայացրած որոշումը: Պարզվում է, որ 2016 թվականին ՊԵԿ վերոնշյալ ստորաբաժանումը ընկերությունում բյուջեի հետ փոխհարաբերությունների եւ հարկային մարմնի կողմից վերահսկվող ՀՀ օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում է իրականացրել, ինչի արդյունքում համապատասխան ակտ է կայացրել: Սակայն «Ավշար Պրոդ» ՍՊԸ-ն, որի հիմնադիրն է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբոր որդին` Արմեն Գրիգորյանը, ՊԵԿ-ի կայացրած ակտը համարել է անհիմն եւ դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ անվավեր ճանաչվի ՊԵԿ-ի կողմից ներկայացված որոշումը: Նշենք, որ դատարանում երկու կողմերն էլ իրենց դիրքորոշումներն են հայտնել, սակայն դատարանը գտել է, որ ստուգում իրականացնող ՊԵԿ տեսուչները դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից եւ ըստ էության ապօրինի ստուգում իրականացրել:
Եվ ահա ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Պողոսյանը բավարարել է պատգամավորի եղբոր որդու հայցը եւ կայացրած ակտը համարել են անվավեր: Սակայն այսքանով չի ավարտվել պատգամավորի ազգականներին պատկանող ընկերության եւ ՊԵԿ-ի միջեւ կռիվը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017 թվականի հունվարի 31-ին ՊԵԿ-ն է դիմել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ բողոքարկելով կայացրած վճիռը: Այս գործով ՀՀ վերաքննիչ դատարանում նշանակվել է նախնական դատական նիստ, իսկ թե ինչով կավարտվի Ավշարի Արայիկի ազգականներին պատկանող ընկերության եւ ՊԵԿ-ի կռիվը, ժամանակը ցույց կտա: Բայց դատելով Արայիկի ունեցած քաղաքական «տանիքի հաստությունից»՝ թերեւս ՊԵԿ-ն այս անգամ պարտվի:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԳՈՐԾԱԴՈՒԼ
Ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի բնակսպասարկման ոլորտի շուրջ 100 աշխատակից երեկվանից գործադուլ է հայտարարել եւ աշխատանքի դուրս չի եկել՝ պահանջելով 3 ամսվա չվճարված աշխատավարձը, տեղեկացնում է Azatutyun.am-ը: «Փետրվարն ու մարտ ամիսը չեն տվել: Ապրիլն էլ մինչեւ մայիսի 15-ը պըտի տան, բայց մեզի հեչ մարդ չի ըսե՝ կեղնի՞, թե՞ չի էղնի: Գումարը Մոսկվայից ուղարկել են, չի եկել»,-ասել է գործադուլավորներից մեկը: Բողոքող աշխատակիցները երթով հասել են 102-րդ ռազմակայան՝ ցանկանալով հանդիպել հրամանատարությանը: Երկրորդ անցակետից, սակայն, նրանց չեն թույլատրել ներս մտնել: «Չենք եկել մուրացկանություն անելու, այլ մեր աշխատած գումարն ենք պահանջում»,-ասել են բողոքավորները:

 

 

ՏՈՏԱԼԻՏԱՐԻԶՄ
Հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանը (ում ելույթն, ի դեպ, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը առաջարկեց տպագրել դատարանի տեղեկագրում) փաստում է՝ միակուսակցական տոտալիտարիզմը, որն այսօր ստեղծվել է Հայաստանում՝ ի դեմս Հանրապետականի, չի հանդուրժում որեւէ անկախություն, եւ դա վերաբերում է նաեւ Սահմանադրական դատարանին:«Եթե Դուք ուղղակի պարզ հայացք գցեք մինչեւ 2022 թվականի խորհրդարանական ընտրությունները, Սահմանադրական դատարանի մեծամասնությունը դեպի ՍԴ իրենց ճանապարհն անցնելու է Մելիք-Ադամյան փողոցով: Նրանք շատ բացահայտ դա հայտարարել են: Այնպես որ, 2022 թվականի ընտրություններում արդեն ընտրական վեճը, ըստ էության, քննելու է մի դատարան, որի առնվազն մեծամասնությունը գալու է Մելիք-Ադամյանից դեպի Սահմանադրական դատարան»:

 

 

ՔԱՐԱԹԱՓՈՒՄ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 3-ին՝ ժամը 16:40-ին, տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Ախթալա քաղաքի «Ախթալա լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի հանքի 140-րդ հորիզոնի մոտակայքում տեղակայված պայթուցիկների պահեստի պահակատան տանիքի վրա տեղի է ունեցել քարաթափում: Տեղում պարզվել է, որ քարաթափման հետեւանքով ամբողջությամբ վնասվել է պահակակետը (մոտ 9 քմ), հանքավայրի աշխատակից Գ. Ս. արգելափակվել է պահակակետում եւ ստացել թեթեւ մարմնական վնասվածքներ: Լեռնափրկարարները պահակակետից դուրս են բերել Գ. Ս.-ին, ով հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

 

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
ՀՀ կառավարությունը մտադիր է Մոսկվայում Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար, ՌԴ քաղաքացի Մակար Նահապետյանին սեփականության իրավունքով տարածք հատկացնել Երեւանի կենտրոնում: Տարածքը գտնվում է Մաշտոցի 11ա հասցեում: Այդ հասցեն համընկնում է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի հասցեի հետ: Ներկայումս այդ տարածքը անհատույց օգտագործման իրավունքով հատկացված է Հայաստանի ազգային պատկերասրահին: Տարածքը զբաղեցնում է 80 քառակուսի մետր եւ գնահատված է 19 միլիոն 827 հազար դրամ: Մեկ քմ-ի գինը այդպիսով կազմում է 247 հազար: Որքանով է դա մոտ տարածքի շուկայական արժեքին դժվար է ասել: Այդ տարածքը ստանալու դիմաց Մակար Նահապետյանը, հօգուտ պատկերասրահի, հրաժարվելու է Երեւանի Ադոնցի փողոցում գտնվող 180 քառակուսի մետր մակերսով մի տարածքից, որը պատկանում է իրեն: Այս տարածքը գնահատված է 29 միլիոն 747 հազար դրամ: Փաստորեն, Արաբկիրի հեռավոր անկյուններում գտնվող այս տարածքի մեկ քառակուսի մետրը գնահատված է 165 հազար դրամ: Կառավարությունը այս հարցը քննարկելու է այսօր տեղի ունենալիք նիստի ժամանակ:

 

 

ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Յուվեցի Կարոյի՝ Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը երեկ ազատ է արձակվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։ Այս տեղեկությունը, սակայն, դեռ պաշտոնապես ո՛չ ՔԿՀ-ից, ո՛չ էլ պաշտպանական կողմից չեն հաստատել: Առայժմ հայտնի չէ, թե ինչ հիմքով է Գոռ Առաքելյանն ազատ արձակվել: Հիշեցնենք, որ Առաքելյանը 2014 թվականի մայիսին Վերնիսաժի կրակոցների գործով դատապարտվել է 6.5 տարվա ազատազրկման:




Լրահոս