Հայտնի է «Գոյ» թատրոնի դատական նիստի օրը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ArmLur.am-ը «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով միացվել էր «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, ինչից հետո «Գոյ» թատրոնի դերասանական անձնակազմը սկսել էր բողոքի ակցիաներ իրականացնել, ինչին հաջորդեց անժամկետ նստացույցը։

ArmLur.am-ը կապ հաստատեց թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանի հետ՝ հասկանալու համար, թե հիմա ինչ փուլում են գտնվում թատրոնի գործերը։

Մեզ հետ զրույցում Սարգիս Արզումանյանն ասաց, որ հիմա բանակցային փուլում են և առաջիկայում դատական նիստ է սպասվում։

«Հիմա բանակցային փուլում ենք, դեռ չենք ավարտել, խոսում ենք, զրուցում ենք, ընթացքի մեջ ենք, տեխնիկական հարցեր կան այսպես ասած, փաստաթղթեր կան, որ փորձում ենք կարգավորել։ Մայիսի 7-ին դատական նիստ ունենք»,-ասաց Արզումանյանը։

Հարցին, թե ինչ սպասելիքներ ունեն դատական նիստից՝ Արզումանյանն ասաց, որ կարծում են պետք է ինչ-որ արդարադատություն լինի ամեն դեպքում և իրենց ակնկալիքը դա է։

Հիշեցնենք, որ  «Գոյ» թատրոնի 23 դերասաններ դիմել են ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ պահանջելով ԿԳՄՍ նախարարության գործողությունները և որպես հետևանք Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից սույն թվականի հունվարի 30-ին Օրենքի 45-րդ հոդվածով սահմանված կարգով կատարված կազմակերպությունների «ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԵՄԱՐՎԵՍՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ «ԳՈՅ» ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «Գ. ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ միացման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումները ոչ իրավաչափ ճանաչել։

Աննա Սրապիոնյան




Լրահոս