ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հավատարմագրում է անցնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում մեկնարկել է փորձագիտական խմբի այցը ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա: Մայիսի 15-18-ը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) փորձագիտական խումբն արտաքին գնահատում կիրականացնի ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում:
Փորձագիտական խմբի ղեկավարն է ՀՀ ՊՆ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի Որակի ապահովման բաժնի ղեկավար Գագիկ Քթրյանը:

Փորձագիտական խմբի մյուս անդամներն են ՌԴ Սանկտ Պետերբուրգի հակահրդեհային ծառայության պետական համալսարանի ուսումնամեթոդական բաժնի պետի տեղակալ, ՌԴ ԿԳՆ կրթության և գիտության վերահսկողության դաշնային ծառայության հավատարմագրված փորձագետ Յուլյա Դուբրովսկայան, ՀՖԿՍՊԻ կիրառական մարզաձևերի ամբիոնի դոցենտ, փրկարարական պատրաստության գլխավոր մասնագետ Սուրեն Դանիելյանը, ԵՊԲՀ ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի դոցենտ Սոնա Սարգսյանը և ՀՊՄՀ Կրթության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆալուլտետի ուսանող Միշա Թադևոսյանը:

Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի պետ Անուշավան Մակարյանը:
Փորձագիտական խումբն այցի ընթացքում հանդիպում-քննարկումներ կունենա ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի, ակադեմիայի գործունեությունը համակարգող ԱԻՆ ներկայացուցիչների, պրոռեկտորների, ինքնավերլուծություն իրականացրած աշխատանքային խմբի, գործատուների ներկայացուցիչների, ինչպես նաև դեկանների, ամբիոնների վարիչների, դիտարկված երեք մասնագիտության կրթական ծրագրերի ղեկավարների, պրոֆեսորադասախոսական կազմի, որակի ապահովման բաժնի աշխատակիցների, ուսանողների ու ուսանողական կառույցների ներկայացուցիչների հետ: Փորձագիտական խումբը կիրականացնի նաև ռեսուրսների դիտարկում, փաստաթղթերի ուսումնասիրություն, կայցելի ակադեմիայի Լուսակերտի բազա:

Փորձագետները, նախքան բուհ այցելությունը, ուսումնասիրել էին հավատարմագրվող ուսումնական հաստատության ինքնավերլուծությունը, ներկայացված փաստաթղթերը, դիտարկել էին 3 մասնագիտության կրթական ծրագրեր և նախնական գնահատում իրականացրել ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշներից յուրաքանչյուրի համար:

Այցից հետո փորձագիտական խումբը կամփոփի տվյալները և զեկույց կկազմի, որում կներկայացնի բուհի ուժեղ և թույլ կողմերը, բարելավման ուղղությամբ խորհրդատվություններ կմատուցի: ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, հիմնվելով փորձագիտական զեկույցի և խորհրդատվությունների վրա, կկազմի փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագիր:

Գործընթացի վերջին փուլը ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի որոշման կայացումն է:




Լրահոս