Ընդլայնվում է համագործակցությունը գերմանական Կարմիր Խաչի հետ. սահմանամերձ համայնքների ԱԻՆ հենակետերը կկատարելագործվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 29-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Գերմանական Կարմիր Խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության (ԳԿԽԲՎԵԿ) երկրամասային դպրոցի դոցենտ-փորձագետ, ԱՌՆԱՊ- ԳԿԽԲՎԵԿ համագործակցության պատասխանատու Վոլֆգանգ Շմիդտի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԻՆ-ի և Գերմանական Կարմիր Խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության միջև համագործակցության ընդլայնման և գործակցության նոր եզրերի ստեղծման գործընթացները: Պայմանավորվածություն ձեռքբերվեց համագործակցել մասնագետների վերապատրաստման գործընթացում. մասնավորապես՝ կվերապատրաստվեն ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոսական կազմը, 911 ծառայության կարգավար-օպերատորները՝ ահազանգողին հեռախոսակապի միջոցով առաջին օգնության տամադրման հմտությունների կատարելագործման թեմայով:

Համագործակցության շրջանակներում նախատեսվում է գերմանական կողմի աջակցությունը Հայաստանի սահմանամերձ համայնքներում գործող հրշեջ-փրկարարական հենակետերի անձնակազմի վերապատրաստման և տեխնիկական զինման գործընթացում: Իր խոսքում նախարար Տոնոյանը նշեց, որ սահմանամերձ համայնքների հենակետերում ծառայող փրկարարները պետք է ամբողջությամբ տիրապետեն առաջին բուժօգնության հմտություններին և կարողանան փոխարինել պարամեդիկներին: Գերմանական կողմը պատրաստակամություն հայտնեց աջակցել նաև հենակետերում կամավորական ուժերի ձևավորման և զարգացման գործընթացում:

ԱԻ նախարար Դ. Տոնոյանի առաջարկությամբ՝ պայմանավորվածություն ձեռքբերվեց Հայաստանում կազմակերպել դաշտային խոհանոցի մրցույթ՝ կիրառելով այս բնագավառում Գերմանիայի փորձը: Մրցույթը թույլ կտա գործընթացում ներգրավել դաշտային խոհանոցի ծառայություն ունեցող Հայաստանի տարբեր գերատեսչությունների և կատարելագործել ծառայություն մատուցողների հմտությունները:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռքբերվեց կազմակերպել գերմանական կողմի պատվիրակության այցելությունը սահմանամերձ գյուղերի հրշեջ-փրկարարական հենակետեր՝ տեղում վերջիններիս կարիքներին ծանոթանալու նպատակով:




Լրահոս