Դավիթ Լոքյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:

Ողջունելով դեսպանին, նախարարը կարևորել է հայ-լիտվական հարաբերությունների զարգացումը, համապատասխան ոլորտներում համագործակցության ամրապնդումն ու խորացումը: Առանձնացնելով մի շարք ոլորտներում համագործակցային հաջողությունները, Դ. Լոքյանը նշել է, որ այսօր Հայաստանի վարչատարածքային բարեփոխումների գործընթացում դիտարկվում են թույլ տարածքների զարգացման լիտվական հայեցակարգերը: Այս համատեքստում նախարարն ընգծել է երկու երկրների միջև միջմարզային և միջքաղաքային համագործակցության ձևավորումը, որի նախադրյալներն արդեն առկա են, ընթացքի մեջ են համապատասխան փոխայցելությունների կազմակերպման հարցերը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպանը կարևորել է Հայաստանի և Լիտվայի միջև պատմական հարաբերությունները, և ի դեմս նախարար Դ. Լոքյանի, հաջողություն է մաղթել Հայաստանի նոր կառավարությանը հետագա աշխատանքում: Դեսպան Պետրիկասն իր խոսքում նույնպես վերահաստատել է երկու երկրների միջև փոխգործակցության ներուժի բացահայտման ու զարգացման անհրաժեշտությունը, ակտիվ համագործակցության պատրաստակամություն հայտնել:

Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-Լիտվա միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն




Լրահոս