Առողջ պաշտոնյաների «անառողջ» զավակները. ինչու նրանք չեն ծառայել բանակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտոնյաների և նրանց որդիների` բանակում չծառայելու հանգամանքը, մշտապես եղել է հասարակության քննարկման առարկան: Մեկ այլ դեպքում էլ թեման նրանց առաջնագիծ չգնալն է և այն ֆոնին, երբ նրանց փոխարեն առաջնագծում իրենց կյանքն են վտանգում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, ովքեր բանակից ազատվելու հնարավորություն չունեն:
Այս հարցն ավելի շատ սկսեց քննարկվել ապրիլյան պատերազմից հետո, երբ ոչ մի բարձրաստիճան պաշտոնյայի որդու` առաջնագծում լինելու մասին որևէ տեղեկություն այդպես էլ չեղավ: Factor.am լրատվական կայքը գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ պաշտպանության նախարարությանը` ներկայացնելով ՀՀ ներկա և նախկին բարձրաստիճան 48 պաշտոնյաների զավակների ցուցակը և խնդրել, տեղեկացնել, թե նրանցից ով և որտեղ է պարտադիր զինվորական ծառայության անցել: Ստացված պատկերից պարզ դարձավ, որ 16 հոգի ազատված են զինվորական ծառայությունից, վեց հոգի օգտվում են տարկետումից, երկու հոգու մասին առհասարակ տվյալներ չկան, իսկ մյուսներն էլ ծառայել են:

Որքան էլ տարօրինակ է, բանակից ազատվածների թվում են գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանի որդին , իսկ մյուս որդին տարկետման իրավունք ունի, մշտապես աղմկալի պատմություններով աչքի ընկած Սպարտակ Ղուկասյանը` պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին, ևս բանակից ազատված է: Բանակից ազատվածների թվում են նաև ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիները, ՀՀԿ-ական պատգամավորներ Հակոբ Հակոբյանի , Ֆելիքս Ցոլակյանի, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի որդիները և այլք:
Երբ «Ժողովուրդ»-ը դիմեց մի քանի պաշտոնյաների, ում որդիների անուններն առկա են նշված ցուցակում, հիմնական պատկերը նույնն է . նրանց երեխաները որևէ առողջական խնդիր ունեն և այդ պատճառով են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից: Համենայնդեպս, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իր որդու չծառայելն այդպես մեկնաբանեց Դավիթ Լոքյանը, ասելով, որ որդին ալերգիա ունի: «Դեռևս 1999 թվականից բուժումներ է ստացել, ինքն ալերգիկ է և նույնիսկ փոքր անտիբիոտիկն առողջական խդիրներ է առաջացնում: Նրա մոտ այդ վիճակը չի անցնում», – նշեց նա:

Նման պատճառաբանություն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրեց նաև ԱԺ ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Նա վստահեցրեց, թե որդին առողջական խնդիրներ ունի, սակայն այդպես էլ չկարողացավ հիշել, թե ինչ խնդիրների մասին է խոսքը. թերևս հիշելու բան էլ չկա: «Իմ որդին չի ծառայել առողջական խնդրի հետ կապված, թե ինչ խնդիր է, հիմա չեմ կարող Ձեզ ասել», – հայտարարեց նա:

Պարզվում է` ոչ միայն առողջական խնդիրների պատճառով են պաշտոնյաների որդիներն ազատվում ծառայությունից: Համենայնդեպս, ԱԺ ՀՀԿ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը որպես պատճառ ներկայացրեց որդու սովորելը: «Մագիստրատուրա է սովորել, հետո դիսերտացիա պաշտպանել, գիտական գործունեությամբ զբաղվել, համալսարանում դաս է տվել, դրա համար էլ չի գնացել ծառայության», – արդարացավ Ցոլակյանը:

Իհարկե, առաջին հայացքից գովասանքի են արժանի այն պաշտոնյաները, ովքեր իրենց որդիներին չեն զատել ծառայությունից, սակայն վստահ չենք կարող լինել, որ նրանք ծառայել են մյուս զինվորների հետ հավասարապես:




Լրահոս