Մայրաքաղաքում վերաբացվել է գյուղմթերքների երկրորդ տոնավաճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի և Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի մասնակցությամբ այսօր մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ Մաշտոցի պողոտային հարող հատվածում («Մալիբու» սրճարանի հարևանությամբ) վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը:

Տոնավաճառները կազմակերպվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ՝ 2011 թվականից սկսած, գործում են շաբաթ և կիրակի օրերին:

«Քաղաքապետարանի հետ քննարկում ենք առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Նոր Նորք վարչական շրջանում նույնպես նմանատիպ շուկայի բացման հարցը, որը հնարավորություն կտա գյուղացիական տնտեսությունններին այնտեղ ևս շաբաթ-կիրակի օրերին իրացնել իրենց կողմից արտադրված գյուղմթերքը»,-տեղեկացրել է Ռոբերտ Մակարյանը:

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի խոսքով՝ շուկայում ներկայացված են շուրջ 85 գյուղացիական տնտեսություններ, որոնց թիվը կավելանա մինչև 120-130, իսկ Կասյան փողոցի վերին հատվածում գործող շուկայում դրանց թիվը հասնում է 160-ի:

Փոխնախարարը նշել է նաև, որ Մաշտոցի պողոտային հարող հատվածի այս շուկայում օրական վաճառվում է մինչև 50 տոննա գյուղմթերք, իսկ Կասյանի շուկայում, որն այս տարի վերաբացվեց հունիսի 10-ին, շուրջ 80 տոննա:

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն էլ , անդրադառնալով ոլորտի ռազմավարությանը, նշել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, տարիներ առաջ մայրաքաղաքի վարչական շրջաններում երեսունից ավելի շուկաներ բացվեցին, ինչը բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարում այլընտրանքային ու օրինական տարբերակ դարձավ գյուղմթերք վաճառող գյուղացիների համար:

Տոնավաճառների կազմակերպման հիմնական նպատակն է աջակցել գյուղացիական տնտեսություններին առանց միջնորդների կազմակերպել իրենց կողմից արտադրված գյուղմթերքի իրացումը, ինչպես նաև մայրաքաղաքի բնակիչներին հնարավորություն ընձեռել անմիջապես արտադրողից ձեռք բերել թարմ և որակյալ գյուղմթերք:




Լրահոս